«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՀ Է, ԻՍԿ ԳՅՈՒՂԱՑԻՆԵ՞ՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի հայտարարությունըՙ 2011 թվականը ոլորտի համար հաջող համարելու վերաբերյալ, հայաստանցիների որոշակի հատվածը առնվազն չարդարացված լավատեսություն է համարում: Այդ թվումՙ գյուղաբնակների զգալի մասը, ովքեր իրենց ընտանիքների առաջիկա հոգսերն ու կարիքները սեփական հողի ու անասունի հաշվին լուծել չկարողանալու պատճառով արտերկրներ են մեկնում: Ընդամենն այն, որ վերամշակողների մի մասի, հիմնականում ալկոհոլային խմիչքներ, տոմատ ու պահածոներ արտադրողների խնդիրներն են լուծվել, փոխարենը բազում այլ ոլորտներում երկրի պարենային ապահովությունում գրեթե ոչինչ չի փոխվել, շարքային գնորդների մեջ էլ միայն դժգոհությունն է ավելացել, գյուղոլորտի վիճակի պարզ գնահատականն է: Հենց թեկուզ նախաամանորյա շրջանում արձանագրվեց, թե աստղաբաշխական ինչ գներով էին վաճառվում 100 գրամ մաղադանոսն ու 1 կգ «Նազրվան» վարունգը, համապատասխանաբար 700 եւ 17000 դրամ: Արդյո՞ք կարող են ՀՀ գյուղնախարարը, նրա ճյուղային տեղակալները, անասնապահության, բուսաբուծության եւ վերամշակողների հետ աշխատանք տանող վարչությունների պետերն ու բաժինների վարիչները նշել գեթ մեկ երշիկեղեն արտադրող կազմակերպություն, ուր տեղական միս են օգտագործում: Չեն կարող, որովհետեւ տեղական միսը հազիվ բավարարում է ՀՀ նվազ գնողունակ շուկայի նվազագույն պահանջը, մսի գնի պարբերական բարձրացման է հանգեցնում, մարդկանց հիմնական մասին զրկելով այն գնելու հնարավորությունից: Փոխարենը նրանք օգտվում են մոտակա ու հեռավոր երկրներից ներմուծված տավարի, խոզի ու հավի մսից, որը ներմուծողների կատարած էական ծախսերի արդյունքում էլ վաճառվում է տեղականի համեմատ զգալի ցածր գնով: Եվ ոչ ոք մեր երկրում, լինի ՀՀ կառավարությունը թե էկոնոմիկայի նախարարությունը, գյուղակադեմիայի թե տնտեսագիտական ինստիտուտի բազմակոչում մասնագետները, պարբերաբար արտերկրներ փորձի ուսումնասիրման մեկնող մեր պաշտոնյաները, երբեւէ հանրությանը չեն ներկայացնում այս առեղծվածի անգամ մասնակի բացատրությունը. ինչպես է նոր-նոր զարգացող Բրազիլիայի գյուղատնտեսությանը հաջողվում ահռելի քանակների ու մատչելի գների խոզի ու հավի միս արտադրել եւ անգամ Հայաստան հասցնելով էլ խնդիրներ չունենալ տեղական արտադրողների հետ:

Վիճակը շատ քիչ է նպաստավոր կաթ-կաթնեղենի հարցում: Երբ ամիսներ առաջ ՀՀ գործարար միջավայրի պատասխանատուներից մեկը հայտարարեց, որ երկրում արտադրվող կաթնամթերքի 80 տոկոսը արտերկրներից ներմուծված կաթի փոշուց է, չառարկեցին անգամ ոլորտի այն 1-2 առեւտրային կազմակերպությունները, ուր 600-800 կաթնատու անասնագլխաքանակ ունեն, ասել է թե տարվա ընթացքում 2-3 հազար տոննա կաթի արտադրություն են իրականացնում: Ստացվում է, որ կաթի անգամ այս քանակը իրավունք չի տալիս պնդելու, որ տարվա ընթացքում արտադրված կաթնամթերքը, ներառյալ պանիրը, հայրենական արտադրության հումքից են:

Ի՞նչ որակում տալ այս վիճակին, եթե նախարարությունը ասվածը խիստ համարի: Կայացած գյուղատնտեսություն ունեցող բոլոր երկրներում առաջնահերթը լուծում են կենդանական ծագման սննդատեսակների բավարար որակի ու քանակի արտադրությունը, այն համարում հիմնախնդիր, նոր անցնում ոլորտի մյուս ճյուղին: Հաճախ կարելի է հանդիպել բուսաբուծություն-անասնապահություն 40 եւ 60 տոկոս համամասնության: ՀՀ-ում արվում է հակառակը, հիմնախնդիր համարվում է հացահատիկի, խաղողի, լոլիկի, կարտոֆիլի բերքի խթանումը, որի հիմնավորումն այն է, որ գյուղացին այստեղ իրացման խնդիր չունի: Կարծես հայաստանցիները կհրաժարվեն տեղական միս-մսամթերքից, կենդանական յուղից եւ կաթնամթերքներից, եթե դրանք առաջարկվեն եւ պատրաստվեն տեղական համեմատաբար մատչելի հումքից: Նախարարի նշած 825 մլրդ դրամ համախառն գյուղարտադրանքի մեջ ուշադրության կենտրոնում գտնվող խաղողի ողջ բերքը 25 մլրդ դրամի սահմանում է, երբ օրերս հիշատակված 40 հազար տոննա ներկրված հավի մսի վաճառքի գումարը շատ ավելին է: Առավել մեծ թվեր են ստացվում ներկրված մսատեսակներից արտադրված երշիկեղենի պարագայում:

Հայ գյուղացին օտարված է Հայաստան երկրի պարենային ապահովության ու մասամբ անվտանգության խնդրի մասնակցությունից, նրա գործը որակվում է որպես անարդյունավետ աշխատանք: ՀՀ-ում գյուղատնտեսական քաղաքականությունը պարզ գյուղատնտեսական գործունեություն ուղղորդելու արդյունքում ստացվում է մի վիճակ, երբ երկրի բնակչին առաջնահերթ անհրաժեշտ կենդանական ծագման սննդատեսակներից բացի ներմուծվում են նաեւ հատիկաընդեղենների ողջ ցանկը, բանջարեղենի զգալի ծավալներ, այդ թվումՙ սոխ ու սխտոր, չխոսելով մրգատեսակների մասին: Վերջին այս հատվածը ընդհանրապես դուրս է ուշադրությունից, որի ապացույցն է թեկուզ եւ այն, որ երբեւէ չի նշվում, թե ինչ քանակի խնձոր, տանձ, դեղձ ու հատապտուղներ են արտադրվում, պահանջարկի որ մասն է արտադրվում սեփական հողի հաշվին: Եվ շատ այլ սննդատեսակների կողքին հանրության որոշակի մասին անհասանելի է անգամ տեղական խնձորը: Իսկ ահա որոշ երկրների վիճակագրությանը ծանոթանալիս պարզվում է, որ անգամ գազարի ու բողկի, կանաչեղենի արտադրությունն են կանխատեսում:

14 տոկոսով նախորդ տարվա համեմատ ՀՀ գյուղոլորտի աճը որեւէ ձեւով չի արտացոլվում հայաստանյան շուկայում, քանզի տեսանելի գնանկում կամ ապրանքների որակական ցուցանիշի բարելավում տեղի չի ունենում: Գյուղաբնակը շարունակում է տրտնջալ ու դժգոհել իր արածից, խռովել հողից ու անասունից: Ասվածի ապացույցն են տասնյակ հեռուստա եւ ռադիոհաղորդումների ընթացքում գրեթե յուրաքանչյուր օր հեռարձակվող գյուղաբնակների տխուր առօրյայի պատումները, ուր լավատեսությունը բացակայում է. եթե ճար ունենամ, կգնամ, ահա գյուղաբնակի իր վիճակից ելքի փնտրտուքը: ՀՀ կառավարությունը այս վիճակից խնդրի լուծումը տեսնում է նոր հատկացումների մեջ, որի արդյունքում սերմացու, մատչելի վառելիք ու պարարտանյութ է հատկացվելու: Համանման քայլեր ձեռնարկվեցին նաեւ նախորդ տարում, երբ պետությունը ձեռք բերեց եւ տարբեր մարզերի շահառուներին հատկացրեց 43 տոննա եգիպտացորենի սերմացու: Երեւանի Կոմիտասի փողոցի սկզբնամասում բացված գյուղարտադրանքի շուկայի վաճառողների շրջանում արված բազմաթիվ հարցումներից այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղ, ինչ ծավալներով է ցանք իրականացվել: Քաղաքացուս մտահոգությունը ներկայացրի «Ազգ»-ում տպագրված «Գյուղոլորտ. երբ նպատակը կանխատեսված չէ» հոդվածում: Օրեր անց 52-87-12 համարին հեռախոսազանգիս ի պատասխան ՀՀ կառավարության լրատվածառայության աշխատակիցն ասաց, որ, ցավոք, չեն ընթերցել այն, ոչինչ անել չեն կարող: Իսկ հարցը նվազագույնը 20 հազար տոննա լիարժեք անասնակեր համարվող եգիպտացորենի հատիկի աճեցմանն էր վերաբերում, որը անասնագլխաքանակի կաթնատվության ու մսաճի, գյուղացու աշխատանքի արդյունավետության բարձրացման հուսալի երաշխիք է: Հուսանք, որ այս տարի նախատեսվողը նախորդի կրկնությունը չի լինի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4