«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի` նախորդ օրը տեղի ունեցած նիստը քննարկվել է Վարդան Օսկանյանի անդամակցության դիմումը եւ դրական հանգուցալուծում տվել դրան` Օսկանյանը դարձել է ԲՀԿ անդամ: Նիստում նաեւ որոշվել է ԲՀԿ համագումարի օրը` մարտի 17: Այս հստակեցնող համագումարում նաեւ հայտնի կդառնա ԲՀԿ համամասնական ցուցակի բովանդակությունը:
Ի դեպ, ԲՀԿ-ամերձ Zham.am կայքը հայտնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոսկովյան հանդիպումնրի մասին. փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Kremlin Award օղու պաշտոնական շնորհանդեսին: Ամիսներ առաջ հենց այդ ապրանքանիշով կոնյակն էր դարձել Կրեմլի պաշտոնական խմիչքը, այժմ նաեւ նույն ապրանքանիշի օղին է Կրեմլ մուտք գործել: Կայքը նշում է, որ Ծառուկյանը Մոսկվայում ունեցել է մի քանի կարեւոր հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ին ցուցաբերվելիք ռուսական կողմի աջակցության տարբերակները (՞):
Ռուսական կողմի ո՞ր շրջանակների կամ հատկապես ինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը` կայքը չի մանրամասնել: Բայց նշված է, թե քանի որ Վլադիմիր Պուտինի շտաբը ՌԴ նախագահական ընտրություններում խնդիր է դրել հաղթել միանգամայն ազատ եւ արդար ընտրություններում, այդ առումով անհրաժեշտություն կա նաեւ համակարգելու ՌԴ-ում հայկական դրանց եւ համայնքների ղեկավարների աշխատանքը: Ընդ որում` նշված է, որ փետրվարի 6-ին Մոսկվայում Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ս. Գովորուխինի հետ հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների հայ-ռուսական միության ներկայացուցիչները այդ կազմակերպության նախագահ Գ. Ծառուկյանի անունից Պուտինին աջակցելու հայտարարություն են փոխանցել:
Մ. Խ.