«Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2011-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդների վարկավորումը աճել է 50 տոկոսով եւ այդ աճը շարունակվում է: 2012-ին, ըստ Գագիկ Սահակյանի, շեշտը դրվելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ համագործակցության վրա: Նշելով, որ այս ուղղությունը առաջնային էր նաեւ 2011 թվականին, «Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը հայտնեց, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նախատեսված վարկային պորտֆելը կրկնապատկվել էր: «Այս տարի ոլորտի համար ունենք 100 տոկոսի աճի հեռանկարներ, որոնք կկատարվեն թե՛ բանկի սեփական միջոցներով եւ թե՛ այն ծրագրերով, որոնց հետ մենք հիմա աշխատում ենք», ասաց նա, ավելացնելով, որ անցյալ տարի «Ամերիաբանկի» ընդհանուր վարկային փաթեթում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման մասնաբաժինը ընդհանուրի մոտ 20 տոկոսն է կազմել:
Ինչ վերաբերում է ընդհանուր վարկային պորտֆելին, ապա 2011-ին այն եղել է 135 միլիարդ դրամ: «Դրանք ուղղակի ներդրումներ են եղել մեր տնտեսության մեջ: Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով աճ է արձանագրվել եւ այս աճի տեմպերը պատրաստվում ենք շարունակել», ասաց Գագիկ Սահակյանը: Նրա հավաստիացմամբ, անցյալ տարի բանկն առաջարկել էր կորպորատիվ հաճախորդների սպասարկման ասպարեզում խոշորագույն պորտֆելը:
Ուղղակի վարկավորման աճին զուգահեռ աճել է նաեւ ֆակտորինգի մասնաբաժինը` 2010-ին մոտավորապես 800 միլիոն դրամի փոխարեն, 2011-ին բանկը մոտ 2 միլիարդ դրամի ֆակտորինգի տրամադրումներ է կատարել: Առեւտրի ֆինանսավորման գործիքները նույնպես աճել են` 2010-ի 63 միլիոն դրամի փոխարեն 2011-ին հասնելով մոտ 85 միլիոն դրամի կամ աճելով մոտ 40 տոկոսով:
2011-ին բանկն ունեցել է 1,8 միլիարդ դրամի լիզինգային պորտֆել: Այս առնչությամբ «Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենն այն կարծիքը հայտնեց, որ լիզինգի ծավալներն այնքան էլ մեծ չեն շուկայի հնարավորությունների համեմատ: Այդ հանգամանքը նա պայմանավորեց օրենսդրության մեջ առկա որոշակի դրույթներով, որոնք խանգարում են լիզինգի արագ զարգացմանը Հայաստանում:
«Ամերիաբանկը», ըստ Գագիկ Սահակյանի, վարկեր է տրամադրել հիմնականում առեւտրի, արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում գործող ընկերություններին: 2012-ին նպատակ կա ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության ոլորտին:
Ա. Մ.