«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


Orange-Ը ԿԻՐԱՌՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐ ՍԱՐՔ` ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ԱՆՎԱՍԱՅԼԱԿՆԵՐՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել` մուտք գործելու խանութի տարածք: Երեկ ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկեցին հատուկ սարքը: Այն կոչված է հասանելի դարձնելու Orange-ի այն վաճառքի տարածքները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, եւ որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է: Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:

«Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այն խանութները, որտեղ հնարավոր էր, մենք կառուցել ենք թեքահարթակներ` մեր տարածքները բոլորին հասանելի դարձնելու նպատակով: Մինչեւ տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր: Մենք սա համարում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության կարեւոր խնդիրներից մեկը եւ փորձում ենք տալ բոլորին նույն հնարավորությունները մեր ծառայություններից օգտվելու համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :

Իտալական արտադրության այս սարքը, որը ձեռք բերելուց առաջ Orange Արմենիան խորհրդակցել էր Ունիսոն հասարակական կազմակերպության հետ, համարվում է լավագույնն իր տեսակի մեջ:

«Ուրախ ենք տեսնել, որը Orange-ը մտահոգված է այս հարցով եւ քայլեր է ձեռնարկում անարգել միջավայր ստեղծելու ուղղությամբ: Այս սարքը բավականին նորարարական միջոց է, նույնիսկ արեւմտյան երկրների համար: Հաճախ ենք լսում, որ չկան հաշմանդամ հաճախորդներ, այդ պատճառով էլ կարեւոր չէ մատչելի դարձնել հասարակական վայրերի մուտքերը, սակայն պատճառն ու հետեւանքն այս դեպքում ճիշտ հակառակն են: Եթե ոմանց համար այսպիսի լուծումը բավականին թանկ է, ապա այլ միջոցներ, ինչպես օրինակՙ թեքահարթակը, կարելի է ստեղծել հեշտորեն եւ առանց մեծ ծախսերի»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռեւս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց, դրա արդյունավետության մասին բաժանորդների եւ խանութի աշխատակազմի արձագանքները ստանալուց հետո, ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաեւ այլ խանութները, ինչպես նաեւ որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակՙ շարժական թեքահարթակները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4