«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մեծ մտավորականի անվան արվեստանոց Մանկավարժականում

Հայտնի արվեստագետ, մտավորական Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում փետրվարի 16-ին բացվեց պրոֆեսոր, կինօպերատոր, կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոց: Բացմանը ներկա էին համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողները, վարպետի հարազատներն ու գործընկերները: Արվեստանոցի բացման պատիվը տրված էր Իսրայելյանի թոռանը:

«Մենք հնարավորություն ունենք եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել արվեստի անվանի եւ վաստակավոր գործչին, մեր համալսարանի երկարամյա պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին»,- բացման խոսքում ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ` շնորհավորելով ներկաներին նշանակալի օրվա կապակցությամբ: Ըստ նրա, այս արվեստանոցը նախեւառաջ անհրաժեշտ էր համալսարանի ուսանողներին, որպեսզի ճանաչեն կինեմատոգրաֆի վարպետներին:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը , անդրադառնալով Սերգեյ Իսրայելյանի մասնագիտական հատկանիշներին, նկատեց. «Նա այն ստեղծագործողներից է, ով ստեղծեց մեր ազգի խորհրդանիշը, որում ամեն ինչ ասված է: Տա աստված, որ ամեն մի օպերատոր, ստեղծագործող կարողանա ստեղծել այնպիսի անմոռանալի տեսարան, ինչպիսին «Նահապետի» խնձորների հայտնի կադրն է: Նա չափազանց անհանգիստ մարդ էր. ոչ միայն անձնական հարցերում, այլ հասարակական ու քաղաքական կյանքում»,- ընդգծեց կինոգետը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտի շրջանավարտ, կինոռեժիսիոր Էդուարդ Համբարձումյանը. «Բախտ եմ ունեցել լինել ոչ թե իր անվան արվեստանոցի ուսանողը, այլ իր վերջին ուսանողը: Առաջին իսկ օրվանից նրա հետ ունեցել ենք շատ հետաքրիր եւ անմոռանալի օրեր ու հիշողություններ: Այսօր մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ ձեւով վառ պահել մեր վարպետի հիշատակը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը եւ ներկայացրեց իր հեղիանակած վավերագրական ֆիլմը` նվիրված իր վարպետին, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին:

Հ. Գ.- Սերգեյ Իսրայելյանը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ավարտել է կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1988 թվականից դասավանդել է Մանկավարժական համալսարանում: Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ:

Իսրայելյանի աշխատանքներից հատկապես հիշարժան եւ բոլորի կողմից սիրված են «Կտոր մը երկինքը», «Եռանկյունին», «Նահապետը», «Խաթաբալան», իսկ որպես ռեժիսոր` «Գիքորը», «Ճերմակ անուրջները», «Պատանդները» եւ շատ այլ ֆիլմեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4