Երբ ինչ-որ վրաց-թուրքական մի ընկերություն որոշել էր տեր կանգնել Թբիլիսիում Թումանյանի բնակարանի մի հատվածին ու այնտեղ բանվորների համար կացարան սարքել, աղմկեցին գրեթե բոլորն ու հարցը հասցրեցին բոլոր հնարավոր ատյաններին: Քննարկեցին, գցեցին-բռնեցին ու որոշեցին, որ հայկական կողմը, դեռ այն ժամանակ անհայտ դեմքով, ձեռք կբերի այդ բնակարանը ու, նախնական հայտարարությունների համաձայն, բնակարանի այդ հատվածը կնվիրեն Թբիլիսիի հայ համայնքին:
Սա էլ ասվեց ու կարծես իրագործվեց, ի հայտ եկած գնորդն էլ, ի դեմս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ոչ թե գովեստի ու շնորհակալության արժանացավ, այլ մեզ հատուկ ախմախ ու անհեթեթ դատողությունների, թե ով ստիպեց նրան, ինչու ստիպեց, «դրել են վրան» եւ այլն, հերթական անգամ ապացուցելով, որ շնորհակալ լինել էլ չգիտենք, անգամ եթե որեւէ մեկը ստիպված բարեգործ է ներկայանում:
Դա էլ անցավ, հերթը հասավ Թումանյանի բնակարանի մի մասի համար հնարավոր վճարելիք գումարի չափին, որ նախապես շրջանառվող 70-80 հզ. դոլարից, ըստ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի վերջին տեղեկացման, դարձել է 145 հզ. դոլար: Որ վրացի սեփականատեր Լեժավայի ախորժակը կարող էր բացվել, երբ գնորդ հայտնվի հայկական կողմից, բացառելի չէր, սակայն հարկ է նշել, որ կիսաքանդ ու ամեն վայրկյան փլուզվելու վտանգի առաջ կանգնած թիֆլիսյան Սոլոլակ թաղամասի որեւէ «տարիքն առած» բնակարան, ավելի շուտ` դրա մի հատվածը որեւէ պարագայում չի կարող այդպիսի գին ունենալ:
Սա էլ մնաց մի կողմ, հիմա պարզվում է, որ Հայաստանի գրողների միության նախագահի հայտարարությանն անհամաձայնություն է հայտնում Թբիլիսիի հայերի միությունը` ի դեմս նախագահ Միխայիլ Թադեւոսովի : «Գրուզիա օնլայն»-ը փոխանցում է Թադեւոսովի երեկ տարածած հայտարարությունը, ըստ որիՙ Թբիլիսիի հայերի միության նախագահը «անսպասելի» ու «վիրավորական» է որակել Լեժավայի հետ «նման պայմաններով» բանակցությունները, «վիրավորական ինչպես հայկական եւ վրացական կողմերի, այնպես էլ Թբիլիսիի հայերի միության ու Թումանյանի հետնորդների համար»:
«Այդ պայմանավորվածությամբ ծայրահեղ բարձրացված գների վտանգավոր նախադեպ է ստեղծվում նմանօրինակ թեմաներով այլ բանակցություններում», նշված է Թադեւոսովի հայտարարության մեջ, հավելմամբ, որ այս ամենով հանդերձ լուծված չէ Թումանյանի բնակարանի` նրա ծոռնուհուն պատկանող հատվածի ճակատագիրը:
Թադեւոսովը մեկ այլ առիթով էլ է «անսպասելի» տեղեկություն իմացել: «Բացարձակապես անսպասելի էր հուշարձանը առասպելական «Գրողների համահայկական միությանը» փոխանցելու որոշումը», երբ երկու ամիս շարունակ բոլոր լրատվական կայքէջերում տարածվում էր Թումանյանի ընտանիքի ժառանգների հետ համաձայնեցված որոշումը` բնակարանը թբիլիսյան հայ համայնքին փոխանցելու մասին որպես Թումանյանի անվան մշակութային կենտրոն», ասված է հայտարարության մեջ:
Թբիլիսիի հայերի միության նախագահի հետագա դատողությունները առավել քան ավանդական հուն ունեն. «այդպիսով, Երեւանում հերթական անգամ ի ցույց դրեցին հայ պատմության թերեւս ամենանշանակալի պլաստի պահպանողներ հանդիսացող թիֆլիսահայերի կարծիքն արհամարհելու մոտեցումը», հիշեցմամբ, թե գրեթե 10 տարի հենց Թբիլիսիի հայերի միությունն է հետամուտ եղել վերադարձնելու Թումանյանի բնակարանը համայնքին, ընդ որում, վերջին շրջանում հարցով զբաղվելու իրավասություն հայերի միությանը տրվել է նաեւ Հայաստանի գրողների միության նախագահության կողմից:
Թե որտե՞ղ է մնացել իրականությունը եւ ինչ տրամաբանությամբ է զարգանում Թումանյանի բնակարանի ձեռքբերման կազմակերպումը` թերեւս դեռ կտեղեկանանք, սակայն ակնհայտ է, որ բնակարանը դառնում է կռվախնձոր կամ դարձնում են: Իսկ թե ո՞ւմ է ձեռնտու եւ հարմար իրար զարկել Հայաստանի գրողների միությանն ու Թբիլիսիի հայերի միությանը` ներկայացման կարիք չունեցող հանգամանք է: Դրա փոխարեն, արդեն իսկ արված հայտարարության համաձայն, հնարավոր է, որ փետրվարի 22-ին արդեն առուվաճառքի գործարքը կատարվի:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ