«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՊԱՍԿԱԼ ԿԱՐՄՈՆԻ «ԱՄԻՐԱՆԵՐԸ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Ամիրա պատվանունը, ըստ «Հայկական համառոտ հանրագիտարանի», սկսած XVI դարից տրվել է Օսմանյան սուլթանությունում հայազգի մեծահարուստ ազդեցիկ անձանց: Ամիրաները տնօրինել են Թուրքիայի արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման ու ղեկավարման աշխատանքները, տնտեսական գերատեսչությունները: Մեծ ազդեցություն են ունեցել սուլթանի արքունիքում: Ամիրաների հայտնի գերդաստաններ են եղել Տատյանները, Պեզճյանները, Պալյանները եւ ուրիշներ:

Ճարտարապետության բնագավառում հատկապես աչքի են ընկել Պալյանները: Ընտանիքի նախահայր Պալի Քալֆան 19-րդ դարի սկզբին Կեսարիայից գաղթել է Կոստանդնուպոլիս, աշխատել պալատում որպես «Մերամ եթջի» (կառույցներ վերանորոգող), ապա նշանակվել պալատական ճարտարապետ: Որդինՙ Գրիգորը, առաջինն է, որ կրել է Պալյան ազգանունը: Նա էլ է եղել պալատական ճարտարապետ, կառուցել է, այլ շինությունների շարքում, Գումգափուի մայր եկեղեցին եւ պետական նախկին դրամահատարանը: Գրիգորի որդինՙ Կարապետը, նույնպես նշանակվել է պալատական ճարտարապետ: Նրա ամենանշանավոր գործը Դոլմաբախչեի պալատն է, Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: Եվ այսպես, հայրերի գործը շարունակել են որդիները: Կարապետի որդինՙ Սարգիսը, Փարիզում ուսում ստանալուց հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ճարտարապետության զուգընթաց զբաղվել է գյուտարարությամբ: Հեղինակ է բազմաթիվ շինությունների: 1878-ին արժանացել է «Սեր Միմարը Դեւլեթ» (պետության գլխավոր ճարտարապետ) բարձրագույն կոչմանը:

Պալյանների եւ ընդհանրապես ամիրաների մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել: Վերջինների թվում կարելի է նշել Հայաստանի ամերիկյան համալսարանիՙ 2007-ին Դոլորես Զոհրապ-Լիբմանի դրամաշնորհով հրատարակված անգլերեն լեզվով «The Armenian Amira class of Istanbul» (Ստամբուլի հայ ամիրաների դասը) հատորը, որը վաղամեռիկ Հակոբ Պարսումյանիՙ Կոլումբիա համալսարանում պաշտպանած դոկտորական ատենախոսությունն է:

Հիշատակության արժանի մյուս գործը Պասկալ Կարմոնի «Ամիրաները: Օսմանյան Հայաստանի լորդերը» ֆրանսերեն աշխատությունն է, որն այս տարի Մարիկա Բլանդինի թարգմանությամբ եւ դեսպան Բեռնար Դորինի առաջաբանով լույս է տեսել Լոնդոնում անգլերեն լեզվով: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 28-ի համարը: Ըստ Կարմոնի, Օսմանյան կայսրությունը սոսկ թուրքական կայսրություն չէր, այլ «տարբեր ազգությունների, կրոնների եւ դասերի պատկանող մարդկանց մի մոզաիկա: Նրանք բոլորը, ըստ իրենց կարողությունների, ծառայում էին սուլթաններին: Բայց նրանց բոլորի շարքում իրենց հատուկ տեղն էին զբաղեցնում հայազգի ամիրաները: Նշանակալի է հետեւյալ փաստը. 1877-78 թվերի ռուս-թուրքական պատերազմի ավարտին, երբ ռուսական բանակը Կոստանդնուպոլսի դարպասների մոտ է եղել, սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն Առաքել Տատյանին է ուղարկել ողջունելու ցարի եղբորըՙ մեծ իշխան Նիկոլային»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4