Մոսկվայում վերջնագիծը հատեց «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը, որը ներառում էր 3 մրցաշար: Վերջին տուրից առաջ ուժեղագույնների մրցաշարում հանդես եկող Հրանտ Մելքումյանը հավակնում էր գլխավոր մրցանակին: Սակայն 9-րդ տուրում Հրանտը հաշտություն կնքեց Ալեքսանդր Խալիֆմանի հետ ու 6 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղըՙ արժանանալով 1700 եվրոյի: Մելքումյանն ընդամենը կես միավոր զիջեց առաջատարներին: 3 շախմատիստՙ Մաթեուշ Բարտելը, Անտոն Կորոբովն ու Պավել Էլյանովը վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց լեհ Բարտելը, որը պարգեւատրվեց 20 հազար եվրոյով: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Կորոբովն ու Էլյանովը ստացան համապատասխանաբար 10 եւ 7 հազարական եվրո:
5,5 միավորով 22-րդ տեղը գրավեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ: Նույնպիսի արդյունքով 24-րդ հորիզոնականում հանգրվանեց Վլադիմիր Հակոբյանը, որը հաղթեց Գրժեգորժ Գաեւսկուն: Գրիգորյանն ու Հակոբյանը պարգեւատրվեցին 500-ական եվրոյով:
B խմբի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք վաստակեցին 6-ական միավոր: Հայրապետյանն ու Գաբուզյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Բաբու Լալիտի եւ Նիկիլ Սուամի հետ, իսկ Քոթանջյանը հաղթեց Ռոման Օվեչկինին: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, Հայրապետյանը գրավեց 9-րդ տեղը, հաջորդ տեղերը զբաղեցրին Գաբուզյանն ու Քոթանջյանը: Առաջին երկու շախմատիստները ստացան 850-ական եվրո, Քոթանջյանը պարգեւատրվեց 550 եվրոյով:
Դավիթ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանն ու Արտաշես Մինասյանը վաստակեցին 4,5 միավոր, Մանուել Պետրոսյանըՙ 4, Աղասի Ինանցըՙ 2:
B խմբի մրցաշարում հաղթող ճանաչվեց թուրք գրոսմայստեր Էմրե Կանը, որը վաստակեց 7,5 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց Վեն Յանգի հետ: Կանը ստացավ գլխավոր մրցանակըՙ 10 հազար եվրո: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին ռուսաստանցիներ Անդրեյ Ստուկոպինն ու Ալեքսեյ Ռեշյոտնիկովը, որոնք վաստակեցին 6-ական միավոր: Նրանք պարգեւատրվեցին համապատասխանաբար 6 եւ 3,5 հազարական եվրոյով:
C խմբի մրցաշարում հայաստանցի շախմատիստներից լավագույնը Արթուր Ղարագյոզյանի արդյունքն էր: Նա 5,5 միավորով գրավեց 20-րդ տեղը: Արթուրը կարող էր բարձր տեղ զբաղեցնել, եթե վերջին երկու պարտիաներում չպարտվեր: Նա 250 եվրո պարգեւավճար ստացավ: 5-ական միավոր վաստակեցին Սուրեն Պողոսյանը (35-րդ տեղ), Մարկ Բասենչյանը (37-րդ) եւ Աշոտ Ավետիսյանը (49-րդ): Էդմոնդ Խաչատրյանը 4 միավորով 72-րդ տեղը գրավեց, իսկ Գագիկ Ավետիսյանը 1,5 միավորով 110-րդ հորիզոնականում է հանգրվանել:
C խմբի հաղթող ճանաչվեց 7,5 միավոր վաստակած ռուսաստանցի Սերգեյ Գիլեւը: Նա պարգեւատրվեց 3500 եվրոյով: 2-րդ տեղում է նույնպիսի արդյունքի հասած ռուսաստանցի Գլեբ Ապրիշկոն: 7 միավորով լավագույն եռյակը եզրափակեց ռուսաստանցի Դմիտրի Միխայլովը: