Մոսկվայում անցկացված թեթեւ ատլետիկայի միջազգային մրցաշարում, որը նվիրված էր Էդուարդ Գրիգորյանի հիշատակին, հաջող հանդես եկավ Հայաստանի միակ ներկայացուցիչ Սաթենիկ Հովհաննիսյանը: 17-ամյա մարզուհին հեռացատկի մրցումներում 6 մ 13 սմ արդյունքով գրավեց առաջին տեղը: Մինչ այդ Սաթենիկը հաղթող էր ճանաչվել նաեւ Իրանի Մաշադ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարումՙ ցույց տալով 5 մ 82 սմ արդյունք:
Մարզասերներին տեղեկացնենք, որ Էդուարդ Գրիգորյանն արագավազորդ է եղել, ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Շնորհալի մարզիկն ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականում, այնուհետեւ բնակություն է հաստատել Մոսկվայում եւ իր բեղմնավոր աշխատանքով նպաստել է մոսկովյան թեթեւատլետների հաջողությանը: Նրա մահից հետո երախտապարտ գործընկերներն ավանդաբար անցկացնում են այս մրցաշարը, որը մշտական գրանցում է ստացել թեթեւ ատլետիկայի եվրոպական միության խաղացանկում:
Մեր թեթեւատլետները մինչեւ օլիմպիադայի մեկնարկը կմասնակցեն վարկանիշային մրցումների ու կաշխատեն ուղեգիր նվաճել: Բացի Սաթենիկ Հովհաննիսյանից, օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն վազորդուհի Ամալյա Շառոյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը: