ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներ Թեհրանում
Իրանում երեկ սկսվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժություններ: Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը հայտարարել է, որ դրանց նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը եւ ցուցադրել զորքերի ներուժը ի դեպս հակառակորդի հնարավոր հարձակման:
«Ամեն տարի անցկացվող «Վալֆաջր» զորավարժությունները կարեւոր զսպիչ գործոն են: Դրանց ընթացքում կցուցադրվեն պաշտպանական բնույթի նոր մարտավարական հնարքներ: Նախատեսված են նաեւ Իրանում մշակված սպառազինությունների նորագույն համակարգերի փորձարկումներ», ասել է Պակպուրը, որի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:
«Վալֆաջր» թարգմանաբար նշանակում է «լուսաբաց»: Ներկայիս զորավարժությունները շարունակում են ավելի վաղ Իրանի զինված ուժերի անցկացրած գործողությունները: Փետրվարին կորպուսի ծովուժը զորավարժություններ է անցկացնում Հնդկական օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում: Մեկ ամիս առաջ իրանական նավատորմը մշակել էր Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություն:
Հատկանշական է, որ Իրանում սկսված զորավարժությունները ժամանակի առումով համընկան Իսրայելի թիկունքի ծառայության «Շրջադարձային կետ-6» զորավարժությունների անցկացմանը: Փետրվարի 20-ին դրանց ընթացքում մշակվել է Իսրայելի կրթության համակարգի կողմից հուժկու երկրաշարժի հետեւանքների հաղթահարման մարտավարություն:
ISNA գործակալությունը նաեւ հաղորդում է, որ երկօրյա այցով Իրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների պատվիրակություն: Երկրի արտգործնախարարությունը այս կապակցությամբ հայտարարել է, որ ձգտում է «վեցյակի» երկրների հետ Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները վերսկսել Ստամբուլում:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարեց, որ իր երկիրը հանդես է գալիս միջազգային միջնորդների «վեցյակի» հետ հնարավորինս շուտ բանակցությունները վերսկսելու օգտին: Արեւմուտքին մտահոգում են Իրանում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը եւ միջուկային կենտրոններում նոր ցենտրիֆուգների տեղադրման հեռանկարը: