«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2012-02-17 | #30, 2012-02-18 | #31, 2012-02-21


«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Facebook սոցիալական ցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը, որի մեջ զգալի թիվ են կազմում սփյուռքահայերը եւ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները, գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացին սփյուռքահայությանը էլ ավելի մերձեցնելու ուղղությամբ: Քննարկումների ժամանակ մասնակիցները այս պահին հրատապ են համարել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը իրագործելի դարձնելու հարցը: Ուստի նախաձեռնող խումբը հորդորում է ՀՀ իշխանություններին եւ քաղաքական ուժերինՙ ՀՀ քաղաքացու օգտին լուծել այս կարեւոր խնդիրը:

Սփյուռքում այսօր մեծ թիվ են կազմում Հայաստանից հեռացած քաղաքացիները, ովքեր, ինչպես գիտեք, ունեն ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված բոլոր իրավունքները, այդ թվում Հայաստանի տեղական եւ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքը:

Սակայն արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ընտրություններին մասնակցելը գործնականում այսօր անհնարին է: 2008 թվականից նրանցից խլել են փաստացի բնակության վայրում քվեարկելու հնարավորությունը: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է:

ՀՀ իշխանությունները բնավ չեն արգելում ՀՀ քաղաքացուն մասնակցել երկրում իրականացվող ընտրություններին, պայմանով, որ քաղաքացին անձամբ ֆիզիկապես գտնվի եւ քվեարկի ՀՀ տարածքում, ինչը, համաձայնեք, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների գերիշխող մեծամասնության համար նյութական առումով պարզապես անիրագործելի է: Փաստորեն հանրապետության սահմաններից դուրս հայտնված ՀՀ շարքային քաղաքացին չունի քվեարկելու իրավունքՙ անգամ արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական առաքելության տարածքում: Այդպես ՀՀ քաղաքացիների ընդհանուր թվի զգալի մասը դառնում է ձայնազուրկ:

Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներիՙ իրենց բնակության վայրում քվեարկելու իրավունքի վերահաստատումը կնպաստի մեր համայն հայության մասնակցությանը հայրենիքի հզորացման գործին, համոզված են նախաձեռնողները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4