Ուղեղի հիպոկամպի (ջրաձի) երեք հիմնական մասերն ավելի փոքր էին այն մարդկանց մեջ, ովքեր հայտարարել էին, որ մանկության տարիներին կոպիտ վերաբերմունքի են արժանացել:
Վերջերս կատարված մի ուսումնասիրություն պարզել է, որ մանուկ հասակում սեռական կամ զգացմունքային բռնության ենթարկվելը կարող է ազդել ուղեղի այն մասի զարգացման վրա, որը վերահսկում է հիշողությունը եւ զգացմունքների կարգավորումը:
Ուսումնասիրության արդյունքները եւս մեկ անգամ ապացուցում են, որ մանկության տարիներին կոպտությունների եւ բռնությունների ենթարկվելը մեծացնում է այնպիսի հոգեկան հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսիք են, օրինակ` դեպրեսիան, անհատականության խանգարումները եւ տագնապները չափահաս տարիքում:
Հարվարդի համալսարանի հոգեբանության ամբիոնի գիտաշխատող Մարտին Թայքերը մոտ 200 մարդկանց ուղեղներ է հետազոտել, որոնք տարատեսակ բռնության կամ սթրեսի են ենթարկվել իրենց մանկության տարիներին: Նա հայտնաբերել է, որ այն մարդկանց մեջ, ովքեր իրենց վաղ տարիքում կոպիտ վերաբերմունքի են արժանացել, օրինակ` ֆիզիկական բռնության են ենթարկվել կամ բանավոր վիրավորանքի են արժանացել իրենց ծնողների կողմից, հիպոկամպի կարեւորագույն մասերի ծավալը կրճատված է եղել 6,5 տոկոսով:
«Որ հիպոկամպը շատ խոցելի է սթրեսի կործանարար ազդեցությունից, 20-րդ դարի նորագույն նյարդաբանության առանցքային հայտնագործություններից է», գրում է Թայքերը բրիտանական «Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատություններ» ամսագրում:
Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին, որ երբ առնետների մեջ ավելացնում էին սթրեսի հորմոնները, նրանց ուղեդների հիպոկամպի նեյրոնների թիվը նվազում էր. այս փորձը մինչեւ հիմա շատ կենդանիների վրա է արվել:
Մեկ այլ ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարդկանց մեջ, ովքեր մանկության տարիներին բռնություններ կամ կոպիտ վերաբերմունք են տեսել, կրկնակի է հավանականությունը, որ նրանք դեպրեսիայի նմանատիպ դրվագներ կունենան հասուն տարիքում: Այս անձանց մեջ նաեւ շատ ցածր է հոգեբանական կամ դեղամիջոցներով բուժման արդյունավետությունը:
Թայքերի թիմը հետազոտել է 18-25 տարեկան 73 տղամարդկանց եւ 120 կանանց ուղեղները: Կամավորները լրացրել են ստանդարտ հարցաթերթիկներ, որը հոգեբույժները օգտագործել են որոշելու կամավորների «մանկության տարիների վատ փորձությունների քանակը»:
Ընդհանուր առմամբ, նրանց 46 տոկոսը չէր տեղեկացրել մանկության որեւէ վատ փորձառության մասին, 16 տոկոսը հայտնել էր երեք կամ ավելի տեսակի կոպիտ վերաբերմունքի մասին, որոնցից ամենատարածվածներն էին` ֆիզիկական բռնությունը եւ բանավոր վիրավորանքները ծնողների կողմից: Տեղեկություններ կային նաեւ ֆիզիկական ուժի գործադրման, սեռական բռնության եւ ընտանեկան բռնությանը ականատես լինելու մասին:
Ուսումնասիրության մեջ չեն ներառվել այն մարդիկ, ովքեր օգտագործել են հոգեմետ դեղորայք, կամ էլ նրանք, ովքեր ապրել են տարբեր սթրեսային իրավիճակներ, ինչպես օրինակ` համարյա ջրահեղձ լինելը կամ ճանապարհատրանսպորտային վթարները:
Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի Թագավորական քոլեջի երեխաների եւ դեռահասների հոգեբուժության ամբիոնի կլինիկական դասախոս Անդրեա Դանիզն ասում է, որ Թայքերի ուսումնասիրության արդյունքները գիտնականներին եւս մեկ քայլ մոտեցնում են` հասկանալու համար մանկության ժամանակ ստացած վատ վերաբերմունքի եւ ուղեղի զարգացման բարդ կապը:
Ուղեղի բարձրորակ նկարների վերլուծությունը հնարավորություն է տվել Թայքերին ավելի մանրամասն ուսումնասիրելու հիպոկամպի մասերը, քան երբեւէ նախկինում է արվել, եւ մանրակրկիտ հետազոտելու կապը վատ վերաբերմունքի եւ ուղեղի այդ մասի միջեւ:
«Ուսումնասիրության միակ սահմանափակումն այն է, որ կամավորները իրենք պետք է հիշեին իրենց փորձությունների մասին», ասում է Դանիզը: «Արդյունքները հիմնված են մասնակիցների մանկության ընկալումների եւ հիշողությունների վրա եւ կարող են այնքան էլ օբյեկտիվ չլինել: Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ մարդկանց որոշակի խմբեր կարող են ավելի քիչ կամ ավելի շատ հակված լինել հաղորդելու իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Հիշողության այսպիսի շեղում է արձանագրվում դեպրեսիայով հիվանդների մեջ, ովքեր հակված են բռնությունների մասին պատմելու»:
Այնուամենայնիվ, Թայքերի թիմը կարողացավ ստուգել, թե արդյոք դեպրեսիան կամ հետտրավմատիկ սթրեսից խանգարումները կարող են բացատրել իրենց կողմից դիտարկված մանկության ժամանակ կոպիտ վերաբերմունքի ազդեցությունը հիպոկամպի վրա, եւ ցույց տվեց, որ արդյունքները այս գործոններից կախված չեն:
Դանիզն ասում է, որ հետագա ուսումնասիրությունները կարիք կունենան պարզաբանելու ազդեցությունների ուղղությունը: «Չնայած հեղինակները հայտարարում են, որ մանկության ժամանակ վատ վերաբերմունքը կապ ունի հիպոկամպի մասերի ավելի փոքր չափսերի հետ, հնարավոր է, որ այս խանգարումները ավելի վաղ շրջանի արդյունք են, եւ վատ վերաբերմունքը միայն պարարտ հող է եղել դրանց համար: Ուսումնասիրությունները կօգնեն պարզություն մտցնելու այս հարցում»:
guardian.co.uk, փետրվարի 13, Թարգմ. ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ