Փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հովիվը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Դեռ նախօրեին համացանցում զետեղված ազդագրից քաղում եմ, որ ֆիլմը Սբ Գրիգոր Նարեկացու մասին է, եւ առաջին տարակուսանքս արդեն խանգարում է ինձ ուրախություն ապրել ստեղծագործական նման գովելի ձեռնարկի համար: Որքանո՞վ բնորոշիչ կարող է լինել ֆիլմի «Հովիվը» անվանումը մի սրբի համար, ով առավել հայտնի է իր ճգնակեցությամբ, քան հովվական` ասել է թե ժողովրդին մերձ ու մոտ ապրած կյանքով:
Որոշեցի չշտապել, մանավանդ, կարդում եմ` ֆիլմի պրոդյուսեր` Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան, ասել է թե` անհանգստանալու կարիք չկա, հոգեւորականի խորհրդատվական հոգածությունը միայն բավական պիտի եղած լինի խմբագրելու ֆիլմի ստեղծագործական կազմի` հոգեւոր կյանքի վերաբերյալ հնարավոր անտեղյակությունն ու սիրողական վերաբերմունքը:
Սակայն ֆիլմի դիտումը հաստատեց իմ բոլոր տարակուսանքները: Այն ոչ միայն արժանի չէր Հայ առաքելական սուրբ եկեղեցու մեծագույն սրբին ներկայացնելու, այլեւ որպես կինոարտադրանք` էկրան բարձրանալու:
Հայկական մեռնող կինոյի թշշացող մոխրից վերջին տարիներին վեր հառած սերիալային «վերածնունդն» իր խոր կնիքն էր թողել ֆիլմի վրա թե՛ տեխնիկական, թե՛ դերասանական կազմի ընտրության, թե՛ կիտչային անբնական միջավայրերի, թե՛ հագուստների ձեւավորման, թե՛ լեզվական եւ բազում այլ առումներով:
Շատ ափսոս: Աշխատանք է կատարվել, մտածում ես` ինչո՞ւ պիտի այսպես լիներ: Մի պատասխան ունեմ. երբ հավակնություններդ գերազանցում են ասելիքդ, երբ նյութին մոտենալու ակնածանքը տրորվում է շուտափույթ էժանագին ծափեր ու շահույթ ստանալու հանդգնությամբ, երբ անտեղյակությանդ մասին տեղյակ չես, երբ առավելապաշտությունդ ստիպում է քեզ բաժին հասնող հողակտորդ հերկելը թողնել ու մոտենալ այլոց խորախորհուրդ շտեմարանների բարիքները քննելու:
Այս միտումը միայն մերօրյա «կինոարվեստին» վերագրելը սխալ կլիներ: Այն լայնորեն առկա է մեր կյանքի բոլոր ոլորտներում` առօրյայից մինչեւ ընկերային, հասարակական, մշակութային, քաղաքական հարթություններ:
Հետխորհրդային տարիներին առաջացած արժեքային մեծ վակուումը փութով լցվեց ամեն տեսակ դյուրամարս ու քայքայիչ գաղափարներով ու հոսանքներով, եւ այս գործընթացն այլեւս անդառնալիորեն անվերահսկելի էր. ի դեպ` հարմարավետության տեսակետից` իդեալական:
Վերադառնանք ֆիլմին, որին չանդրադառնալ չենք կարող, քանի որ գործ ունենք ոչ միայն ուղղակի անհաջող ռեժիսուրայի հետ, այլեւ, ցավոք, միտումնավորության, որը չտեսնելու տալը հերթական անգամ ոմանց պիտի թույլ տա շարունակել տրորելով անդրադառնալ մեր մեծերին:
Հենց այս համատեքստում կուզենայի հիշեցնել, թե վերջին տարիներին որքան տենդագին փորձեր արվեցին վերախմբագրելու մեծն Խորենացուն, իբր` սխալ ժամանակաշրջանում «տեղադրված» պատմագրի, Սուրբ Վարդան զորավարին` իբր տաքարյուն արկածախնդրի, Գարեգին Նժդեհին` քահանայի որդուն, իբր` հեթանոսի, Եղիշե Չարենցին` իբր արվամոլի, եւ վերջապես` մեր եկեղեցու մեծագույն դեմքերին` Մեսրոպ Մաշտոցին, Կոմիտասին ու հիմա էլ բացահայտորեն այս ֆիլմով Սբ Գրիգոր Նարեկացուն` իբր նույն այդ եկեղեցու կողմից մերժվածների:
Ֆիլմում անթաքույց կերպով Գրիգոր վանականը ներկայացվում է որպես, թող ներվի ինձ ասել, ժողովրդականություն վայելող պոպ-աստղ` ժողովրդին խորթ եւ անգամ Աստծուն ու եկեղեցական կյանքին անհաղորդ մյուս եկեղեցականների հակադրության ֆոնին:
Բողոքական այս պաթոսի մեջ եկեղեցին եւ լայն առումով եկեղեցական կյանքն այս ֆիլմում նվազեցված են վանքի ավերակների ու անշունչ միջավայրի: Ուղերձը մեկն է` Նարեկացուն ներկայացնել որպես ժամանակի Հայ առաքելական եկեղեցու «ինկվիզիցիոն» զոհի (այն դեպքում, երբ սյուժետային իմաստով հեղինակին չէր հաջողվել անգամ վեր հանել որեւէ մեկ շարժառիթ` այս էժանագին դրույթը կամ վարկածը ներկայացնելու համար)` այդպիսով կանաչ լույս վառելով երկրումս վխտացող աղանդավորական շարժումների համար:
Աղանդավորական ծանոթներ ունենալովՙ կարող եմ հաստատել, որ բացարձակապես մերժելով սրբերին` աղանդավորներն ընդունում են Սբ. Գրիգոր Նարեկացուն բացառապես այն պատճառով, որ նա իբր Հայ առաքելական եկեղեցու հալածյալ է եղել:
Մեզ հասած եւ ոչ մի պատմական աղբյուր դավանաբանական որեւէ խզում Գրիգոր Նարեկացու եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ չի հավաստում, իսկ միջանձնային այլ կարգի խնդիրներ կարող են լինել նույնիսկ եկեղեցական միջավայրում: Ընդհանրական սուրբ լինելուց առաջ Գրիգոր Նարեկացին առաջին հերթին, այո, Հայ առաքելական եկեղեցու սուրբն է, քանզի հենց նրա կողմից է սրբադասված:
Առանց այդ էլ սյուժետային ոչ մի տրամաբանության չենթարկվող, բայց խաղարկային համարվող այս ֆիլմն աչքի է ընկնում նաեւ ակնհայտ խարիզմատիկ-աղանդավորական ոճաբանությամբ. մասնավորապես` եթե ժողովրդական ասք ու պատումի մեջ բանահյուսական կանոններով միանգամայն արդարացված կարող է լինել մեծագույն սրբի հրաշագործ վարքաբանության որոշակի չափազանցվածությունը, ապա որպես Նարեկացի հոգեւորականի առանցքային հատկանիշներՙ ֆիլմի ձեւաչափով դրանց պարզունակ, «նատուրալիստական» մատուցումը խոսում է ռեժիսորի` այս չափազանց բարդ թեմային մակերեսայնորեն եւ անպատասխանատու անփութությամբ վերաբերվելու մասին:
Աղանդավորական բուժսեանս կամ աճպարարական հնարք հիշեցնող տեսարանները հոգեւոր էժանագին գովազդ են հիշեցնում եւ կարող են էականորեն խաթարել մեր հասարակության հիմնականում դեռեւս անկայուն ու նվազ հոգեւոր գիտելիքներն ու պատկերացումները:
Հրաշագործությունը երբեւէ ավանդական եկեղեցում, մանավանդ մեր եկեղեցում այդքան պարզունակ չի ներկայացվել` առանց հոգեւոր խորը իմաստի եւ բովանդակության:
Անապատական ինքնաքննության, խոկումի ու աղոթքի, երկնային արքայության հասնելու հանապազօրյա անդուլ ջանքերի ու խիզախումի մեջ է հյուսվել նրանց երկրային կյանքը, եւ այդ ճանապարհով քայլելու կտակը մեզ հասել է ոչ միայն նրանց թողած գրավոր ժառանգության, այլեւ մեր եկեղեցու միջոցով, որն իր հավատացյալին մշտապես հորդորել եւ հորդորում է օրինակ վերցնել իր սրբերից` մանավանդ ներկա փոթորկալից կյանքում այլ հոսանքներից չնավաբեկվելու ու ապահով Ափ հասնելու համար:
Երկու խոսքով նշեմ նաեւ մեկ այլ «ստեղծագործ» մոտեցման մասին: Ռեժիսորը ֆիլմում ներկայացրել է հայ կնոջ միանգամայն ապապատմական կերպար: Չէր կարող թագուհու նաժիշտը որպես պատվիրակ ուղարկվել վանահոր մոտ: Վանական կյանք կնոջ մուտքը խիստ սահմանափակված է եղել, եթե ոչ` արգելված: Էլ չեմ խոսում հանդիպման կողմերի դիրքային անհամապատասխանության մասին` մի կողմից Սրբազան հայր, մյուս կողմից` ընդամենը նաժիշտ, այն էլ` վանք այցելելու համար անհարիր պճնանքով, որն իր համարձակությունն ի ցույց է դնում թե՛ բուն զրույցի ընթացքում, թե՛ սենյակ մտած Գրիգորի հանդեպ իր պահվածքում:
Ես չեմ խոսում հայ կնոջ կերպարի կարծրատիպերի մասին, որոնցից յուրաքանչյուրը գոյություն ունենալու իրավունք ունեն, ես խոսում եմ ֆիլմում կանացի կերպարների անհավաստի մատուցման մասին. զորօրինակ` միջնադարյան բարքերի մեջ հայ այրի հարսը չէր կարող այդքան «եթերային» հագուկապով անարգել թափառել հանդերում ու մի օր էլ հայտնվել Գրիգորի ճգնարանում` սիրո խոստովանություն անելու վերջինիս: Աշխարհին Գրիգոր Նարեկացուն ներկայացնելու հավակնություն ունեցող այս ֆիլմը լուրջ հիմք է տալիս նրանից առաջին հերթին պատմական հավաստիություն պահանջելու գոնե այսպիսի մանրուքներում:
Քննադատությունս, հնարավոր է` սուբյեկտիվ է, բայց ոչ չարախինդ. մտահոգությունը մեկն է` Նարեկացին հայ ժողովրդի համար այն մեծագույն սուրբն է, որի մասին կամ պիտի նկարահանել կատարյալ ֆիլմ, կամ առհասարակ հանձն չառնել նման ձեռնարկ:
Ընթերցողը կհարցնի. «Ո՞րն էր հապա Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի դերն այս ֆիլմի ստեղծման մեջ, եթե այսչափ աղաղակող թերությունները չեն կանխվել»:
Ձեռնպահ մնալով որեւէ մեկնաբանությունից` փաստեմ միայն, որ սրբազան հայրը Հայաստանում Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն է:
Ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանությունից, բայց հարցնելու իրավունք ունեմ.
- Գերապայծա՛ռ, այս ֆիլմո՞վ եք ցանկանում ներկայանալ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտին` հայ ժողովրդին: Սա՞ է Մայր եկեղեցու հետ անկեղծորեն համագործակցելու Ձեր մեծ ցանկության այցեքարտը:
ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ