Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նվաճեց արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, որը վիճարկում էին 37 շախմատիստներ: Պետրոսյանը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Հրայր Սիմոնյանից:
Մրցաշարի ընթացքում Պետրոսյանը հաղթեց Էդուարդ Մնացականյանին, Գրիգոր Դիլանյանին, Տիգրան Հարությունյանին, Հովհաննես Գաբուզյանին, Աշոտ Նադանյանին, Զավեն Անդրեասյանին: Միակ պարտությունը Տիգրանը կրեց 4-րդ տուրում Դավիթ Պետրոսյանից, իսկ ավարտական տուրում հաշտություն կնքեց Հրայր Սիմոնյանի հետ, որը գրավեց 2-րդ տեղը:
Մրցանակային 3-րդ տեղը 6 միավորով զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, որը լրացուցիչ գործակիցներով շրջանցեց հաջորդ տեղերում ընթացող ու նույնպիսի արդյունք ցույց տված Դավիթ Քալաշյանին ու Հովիկ Հայրապետյանին:
Ընթացիկ մրցաշրջանում սա Տիգրան Պետրոսյանի 2-րդ նվաճումն էր: Հիշեցնենք, որ հունվարին նա դարձել էր դասական շախմատի Հայաստանի չեմպիոն: