«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ՇՓՄԱՆ ԳԻԾԸ` ՄԱՀՎԱՆ ԳԻԾ

2011-ին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 13.500, իսկ 2010-ին` 7.500 անգամ

Ամերիկացի վերլուծաբան եւ ղարաբաղյան հակամարտության հարցով փորձագետ Մարկ Դիթսենը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում հրապարակել է հոդված նվիրված ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ շեշտել է, որ դիպուկահարների առկայությունը շփման գծում վտանգի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը փոխզիջումային տարբերակով:

«Դժբախտաբար հակամարտության ռազմական բնույթը զարգանում է դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, ինչն էլ խոչընդոտում է փոխադարձ վստահության եւ փոխզիջումային լուծման տարբերակին: Շփման գիծն արդեն իսկ վերածվել է մահվան գծի, եւ եթե իրավիճակը չփոխվի, ապա կկորչեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը», գրել է Դիթսենը:

Որ շփման գիծը վերածվել է մահվան գծի` հաստատում են նաեւ պաշտպանության նախարարությունում: Անցալ տարի թշնամին ԼՂՀ եւ ՀՀ սահմաններում հրադադարի ռեժիմը խախտել է 13.500, իսկ 2010-ին` 7.500 անգամ: «Շփման գծում հակառակորդ կողմը շատ հաճախ է խախտում հրադադարի ռեժիմն, ու մեծ մասը ադրբեջանցի դիպուկահարների արձակած կրակոցներն են: Մահվան ելքով դեպքերին կամ դիպուկահարների ուղիղ հարվածներին հայկական կողմը համապատասխան պատժիչ գործողություններով պատասխանում է», ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը: Դիպուկահարների արձակած կրակոցներին վերջերս անդրադարձել էր նաեւ պաշտպանության նախարարը` շեշտելով, որ թշնամու արձակած 10 կրակոցին հայկական կողմը պատասխանում է միայն մեկով:

«Միջազգային բազմաթիվ կառույցներ բազմիցս հայտարարել են, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ շփման գծից հանեն դիպուկահարներին: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելորդ լարվածություն չստեղծելու համար պատրաստ է շփման գծից հեռացնել դիպուկահարներին, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն չի համաձայնում, այլեւ շատ հաճախ դիպուկահարների միջոցով դիմում է սադրիչ գործողությունների», ասաց Կարապետյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4