Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահին կից վերահսկողական պետական խորհուրդը, ավարտելով Դինքի սպանության գործի հետաքննությունը, ներկայացրել է հետաքննության հիման վրա պատրաստած զեկուցագիրը: Դա, ինչպես նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, 649 էջ է, աչքի է ընկնում ցնցող ենթավերնագրերով:
Երեկ զեկուցագրին անդրադարձել էին թուրքական կենտրոնական գրեթե բոլոր թերթերը: Ի դեպ, Դինքի սպանության հետաքննության մասին զեկուցագիրը վերահսկողական պետական խորհրդից անձամբ պահանջել էր նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Զեկուցագրում ընդգծվում է, որ կյանքի ապահովության հարցում պետական մարմինները չեն կատարել իրենց պարտավորությունները, հետեւաբար գործել են ծանր հանցանք, հետախուզական կառույցները իրազեկված լինելով հանդերձ Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին, խուսափել են համագործակցել իրավապահ մարմինների հետ, չեն իրականացվել անվտանգության անհրաժեշտ միջոցառումները, նաեւ կան թերացումներ Դինքին պաշտպանելու գործում, ուստի սպանության համար պատասխանատվություն կրող պետական բոլոր ծառայողները պետք է կանգնեն դատարանի առջեւ:
Հ. Չ.