«Եվրոտեսիլ-2012» երգի մրցույթին ընդառաջ Ադրբեջանը ջանք ու միջոց չի խնայում աշխարհին որպես նորմալ երկիր ներկայանալու համար, թեեւ, ըստ Amnesty International միջազգային կազմակերպության, «անկախության, տնտեսական բարգավաճման ու հարաբերական կայունության 20 տարին ձախողեց վերափոխվելու սեփական քաղաքացիների հիմնարար ազատությունների առումով, մինչդեռ իշխանության կենտրոնացումը նախագահ Ալիեւի ղեկավարությամբ վերջին տասնամյակում մեծապես անտեսվում է արտաքին աշխարհի կողմից»:
Ըստ կազմակերպության հայտարարության, որ հրապարակվել է փետրվարի 20-ին եւ կոչ է անում «Եվրոտեսիլ-2012»-ը հյուրընկալող երկրին «թույլ տալ, որ բոլոր ձայները դառնան լսելի», իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, տարբեր հարցերի առնչությամբ առկա մտահոգիչ վիճակի բնութագրական իրադարձությունները:
Մասնավորապես, կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում հավաքների, միավորումներ կազմելու ազատություններին, կտտանքների ու խոշտանգման այլ ձեւերի բացահայտումներին, «խղճի բանտարկյալներին», խոսքի ազատությանն ու լրագրողների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումներին եւ այլն: Amnesty International-ը հիշեցնում է, որ 2011-ի մայիսյան ցույցերից հետո, ըստ կազմակերպության տվյալների, առնվազն 16 ցուցարար մնում է ձերբակալված:
Ա. Հ.