Բաքվում անթաքույց սպասում են Իրանի դեմ պատժիչ գործողությունների
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Regnum գործակալության տեղեկացմամբՙ Բաքվում «տեղի է ունեցել Հանուն դեմոկրատական հասարակության դիմադրական շարժման նիստը»: Քննարկվել է «Ղարաբաղի համաժողով» անցկացնելու հարցը, որին պետք է մասնակցեն բոլոր կուսակցությունները, մտավորականներ եւ հասարակական շարժումներ: «Դիմադրողականների» կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները «շահագրգռված չեն Ղարաբաղի հարցի լուծմամբ»:
Սա, ամենայն հավանականությամբ, հենց իշխանական նախագիծ է: Այդ է հուշում հանգամանքը, որ «Շարժումը» որոշել է «ստեղծել Հայաստանից փախստականների վտարանդի կառավարություն»: Գաղափարը բոլորովին էլ նոր չէ: Այն մշտապես շրջանառվում է, երբ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում պաշտոնական Բաքվի «փաստարկներն» սկսում են սպառվել:
Խնդրի «իմաստը» Բաքվում ձեւակերպվում է այսպես. «Հայերն Ադրբեջանում կարող են ունենալ նույն կարգավիճակը, ինչ որ ադրբեջանցիները` Հայաստանում»: Դա փորձ է` շեղելու ԼՂ հարցով միջազգային միջնորդությանը, հարուցելու նոր «խնդիր»: Միաժամանակ դրանով Բաքուն ակնարկում է, որ «եթե Հայաստանում ադրբեջանցիներ չեն ապրում, ապա Ադրբեջանում էլ հայեր չպետք է ապրեն»: Նոր «Շարժում» ստեղծելու գլխավոր շարժառիթն, ահա, այդ ոչ հարգի եւ հիմնազուրկ տեսակետի փոխանցումն է, այսպես կոչված, «հանրային ընդվզումների» դաշտ:
Իշխանությունները կփորձեն պատրանք ստեղծել, որ «Շարժման» հետ որեւէ առնչություն իրենք չունեն: Դրա օրինակը կա: Բաքվում գործում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն», որի «ղեկավար» Ակիֆ Նաղին երբեմն-երբեմն նույնիսկ հայտնվում է ոստիկանական տեղամասերում: Բայց ամեն ինչ արագորեն «ընկնում է իր տեղը». Նաղին շարունակում է «գժություններ անել», քանի որ կատարում է իշխանությունների հրանհանգը:
Ճիշտ այդպես էլ «Շարժումը» կսկսի «դատափետել» իշխանություններին, որ «անզոր են լուծել Ղարաբաղի հարցը», Իլհամ Ալիեւի գիտությամբ եւ նրա աշխատակազմի աչալուրջ վերահսկողությամբ «կներկայացնի կարգավորման այլընտրանքային ծրագիր»` խնդիրը հանգեցնելով «զրոյական տարբերակի»: Այսինքն` «եթե անհնար է, որ «ադրբեջանցիները վերադառնան Հայաստան եւ ունենան կարգավիճակ», ապա Լեռնային Ղարաբաղի հայերն էլ թող հեռանան Հայաստան»:
Ահա այսպիսի «խաղեր»: Բայց «Շարժումն» առաջադրել է նաեւ բոլորովին նոր նպատակ` «բացատրական աշխատանքներ տանել Վրաստանում ապրող ադրբեջանցիների հետ, որպեսզի նրանք այդ երկրի կազմում ունենան ինքնավարություն»: Մի քանի օր առաջ Միխեիլ Սաակաշվիլին Իլհամ Ալիեւին անվանել էր Վրաստանի «մեծ բարեկամ»:
Լավ «բարեկամ» է գտել: Ոչինչ չես ասի: Նրանք, ըստ երեւույթին, միմյանց արժեն` զուտ մարդկային «որակներով»: Բայց Վրաստանի մեղքը ո՞րն է, որ դատապարտված է ունենալ իրավիճակին բոլորովին ոչ ադեկվատ առաջնորդ: Այո, Սաակաշվիլին նաեւ Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի հարցում է, մեղմ ասած, անզգույշ: Եվ ահա ստանում է արժանի «փոխհատուցում»:
Մի քանի անգամ մենք «Ազգ»-ում գրել ենք, որ Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունների զսպումը ոչ միայն հայկական կողմերի, այլեւ ուրիշների, այդ թվում` միջազգային հանրության խնդիրն է: Հարեւան երկրում օրեցօր «հիտլեր է կազմավորվում»: Եվ արդեն սկսել է չթաքցնել, որ «մեծ ախորժակ ունի»: Դա տարածաշրջանային գերիշխանության նպատակադրվածությունն է, հանուն որի Իլհամ Ալիեւը հարկ եղած դեպքում չի խորշելու դավաճանել նաեւ «բարեկամներին»: Վրաստանում ադրբեջանցիների ինքնավարության գաղափարի արդեն հրապարակայնացվող պահանջն ասվածի լավագույն ապացույցն է: Ինչպես նաեւ` Իրանի դեմ բացահայտ թշնամանքը:
Ադրբեջանում սկսվել է կատարյալ վհուկորս: Ձերբակալվել են նույնիսկ իրանական «Սեհեր» հեռուստաընկերության ազգությամբ ադրբեջանցի լրագրողը եւ նրա վարորդը, որոնց մոտ «ոստիկանությունը թմրանյութ է հայտանաբերել»: Բաքվում անթաքույց սպասում են Իրանի դեմ «պատժիչ գործողությունների»: Իր հինգ հարեւաններից երեքի` Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ Ադրբեջանը տրամադրված է թշնամաբար: Իսկ Ռուսաստանի դեպքում դարձյալ սպասում է «հարմար պահի»: Չէ՞ որ ադրբեջանական բոլոր քարտեզներում Հարավային Դաղստանը նույնպես «Ադրբեջանի անբաժանելի մաս» է ներկայացվում:
Այսու` «Դիմադրողական շարժումը», որ ձեւավորվել է Բաքվում, ոչ թե հանուն, այլ ընդդեմ դեմոկրատիա է: Նա իշխանությունների հետ խնդիր չունի: Հակառակ դեպքում ոչ թե աշխարհաքաղաքական, այլ բացառապես հանրային խնդիրներ կառաջադրեր: Դրանց պակասը Բաքվում չկա: