Դրանում համոզված են հույն եւ ասորի համայնքների ներկայացուցիչները
Փետրվարի 20-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովը Անկարա է հրավիրել ազգային փոքրամասնությունների եւ ասորիների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են երկրում փոքրամասնությունների իրավական դրությանն առնչվող խնդիրներ, նոր սահմանադրությունից նրանց սպասելիքներն ու պահանջները:
Երեկ թուրքական լրատվամիջոցները մեծ տեղ էին հատկացրել Մեջլիսում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդունելությանը, մասնավորապես Կ. Պոլսո հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի եւ ասորական Մար Գաբրիել վանքի հիմնադրամի նախագահ Կուրիակոս Էրգունի, Միդիատի Բորսոմ եւ Մարտ Իշմունի եկեղեցիների հիմնադրամի նախագահ Անտո Նուայի ելույթներին:
Ընդունելությանը Թուրքիայի հույն եւ ասորի համայնքների ներկայացուցիչները պահանջել են ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքների հարգումն ու իրավահավասարությունը: Նրանք միաժամանակ իրենց առաջարկներն են ներկայացրել Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովին: Տիեզերական պատրիաքը բարձր է գնահատել Մեջլիսի հանձնաժողովի նախաձեռնությունը, ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները արժանացել են պաշտոնական հրավերի:
Այնուհետեւ Բարդուղիմեոս պատրիարքը շարունակել է. «Չենք ցանկանում լինել երկրորդ կարգի քաղաքացիներ: Ցավոք, անցած տարիներին ազգային փոքրամասնությունները անարդարությունների թիրախ են դարձել: Դրանք հետզհետե սրբագրվում են: Գոհ են ընդունելությունից: Չեմ կասկածում, որ մեր կարծիքը հաշվի կառնեն: Մենք իբրեւ Թուրքիայի քաղաքացիներ այլ բան չենք ուզում, քան մեր սահմանադրական իրավունքները: Խտրականության դրսեւորումները մերժում ենք եւ իրավահավասարություն ենք պահանջում, որովհետեւ կատարում ենք քաղաքացիությունից բխող մեր բոլոր պարտավորությունները»:
Լրագրողի «մինչ այդ եղե՞լ էիք Մեջլիսում» հարցին տիեզերական պատրիարքը պատասխանել է. «Անկարայում եղել եմ բազմիցս, իսկ Մեջլիսում հանգուցյալ Օզալի թաղման արարողության ժամանակ: Բազմիցս այցելել եմ նաեւ ներկա վարչապետին եւ նրա նախորդներին իրազեկելով նրանց համայնքի եւ պատրիարքարանի առջեւ ծառացած խնդիրների մասին: Թեեւ մեզ միշտ էլ քաղաքավարությամբ են ընդունել, սակայն խոստումները չեն կատարել: Այս անգամ մեր պահանջները գրավոր ենք ներկայացրել: Հույսով ենք եւ շնորհակալ»:
Ինչ վերաբերում է ասորի համայնքի ներկայացուցիչներին, ապա նրանք էլ Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը պահանջել են, որ Թուրքիայում ասորիները եւս ազգային փոքրամասնության կարգավիճակ ունենան, ինչպես հայ, հույն եւ հրեա համայնքները: «Զամանի» վկայությամբ նրանք միաժամանակ թուրքական իշխանություններից պահանջել են լուծել ինչպես համայնքապատկան կալվածքներին, այնպես էլ ֆիզիկական անձանց անշարժ գույքին առնչվող խնդիրները եւ համայնքին արտոնեն մայրենի լեզվով կրթության իրավունքով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ