«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ԱՌԱՋԻՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Քսանչորս տարի առաջ, նույն այս օրը, Ասկերանում տեղի ունեցավ հայերի ու ադրբեջանցիների միջեւ առաջին արյունալի բախումը: Այդ իրադարձությունը հետագա լայնածավալ պատերազմական գործողությունների նախերգանքն էր, որից Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունն այդպես էլ ընդունակ չեղավ անհրաժեշտ դասեր քաղել:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1988-ի փետրվարի 22-ին: Ասկերանի շրջանի նախկին միլպետ, այժմ ոստիկանության համակարգի թոշակառու ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԱԳԻՄՅԱՆԻ հուշերը, որոնք քաղված են նրա հեղինակած «Բաց նամակ աղջկաս» («Դիզակ պլյուս» հրատարակչություն, Ստեփանակերտ, 2010 թ., 160 էջ) գրքից, հետաքրքրական մանրամասներ են պարունակում այդ փոթորկահույզ օրերի մասին: Ոչինչ հորինված չէ, ամեն ինչ տեղի է ունեցել ասկերանցիների, այդ թվում` տողերիս հեղինակի աչքի առաջ:

Հիշյալ գրքի խմբագրի իրավունքով «Ազգի» ընթերցողների համար առանձնացրել եմ ուշագրավ հատվածները` լրագրային հրապարակման համար այլ վերնագիր ընտրելով: Պատմության էջերը դատարկ չմնալու համար պիտի միայն ճշմարտությունն ասել:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


... Արդեն երկու օր էր, ինչ շրջանի ադրբեջանաբնակ գյուղերում եւ հատկապես Խոջալուում տարօրինակ բաներ էին կատարվում, որոնք խիստ անհանգստացնում էին միլիցիայի շրջբաժնին: Այդ գյուղերի մի քանի թաղամասերում գիշերները խարույկներ էին վառվում, որոնց շուրջը հավաքված տղամարդիկ մինչեւ լույս ինչ-որ հարց էին քննարկում:

Միլպետ Ավագիմյանն այդ երեւույթների մասին բարեխղճորեն զեկուցում էր ՆԳ մարզային վարչության պետ Արմեն Իսագուլովին, իսկ իրադարձությունների սրընթաց զարգացումը յուրաքանչյուր օր նորանոր խնդիրներ էր առաջ քաշում: Տեղեկություն ստացվեց, որ Աղդամում միտինգներ են կազմակերպվում, որոնց մասնակցում էին ոչ միայն Աղդամի ու հարեւան շրջանների, այլեւ մարզի ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչները: Միտինգներում ոչ միայն քննադատության էին ենթարկվում ղարաբաղյան շարժումն ու ղարաբաղցիների ազատատենչ ձգտումները, այլեւ կոչեր էին հնչում գնալ ու մի լավ «դաս տալ» ստեփանակերտցիներին: Անձամբ համոզվելով տեղեկությունների ճշմարտացիության մեջ, Ավագիմյանն այդ մասին եւս զեկուցեց վերադասին:

Փետրվարի 21-ին ստացվեց վարչության պետի կարգադրությունը, որով շրջբաժինների պետերին հրամայվում էր բոլոր աշխատակիցներից անձամբ հավաքել հաշվեցուցակային զենքերն ու պահել զինանոցում, իսկ բանալին թաքցնել այնպիսի տեղում, որ ուրիշները չկարողանային գտնել:

Ավագիմյանը մտածում էր, որ կամ լուրջ ահազանգ է ստացվել զենքերին տիրանալու նպատակով շրջբաժինների վրա հնարավոր հարձակումների մասին, կամ էլ Ղարաբաղի միլիցիային զինաթափում էին Բաքվի թելադրանքով: Նա ավելի շատ հակված էր երկրորդ մտքին, քանի որ յուրայինների կողմից հարձակման ենթարկվելու վտանգ չէր սպառնում, ուստի որոշեց չկատարել վերադասի հրամանը, այլ կարգադրեց հաշվեցուցակային ատրճանակները կրել օպերատիվ պատյաններում` հագուստի տակից: Հետագայում պարզվեց, որ տարածքային ստորաբաժանումների պետերից միայն ինքը չի կատարել վարչության պետի հրամանը, բայց դրա համար վերջինիս կողմից հանդիմանության չարժանացավ:

Այդ օրը ուղղաթիռով Ստեփանակերտ ժամանեց Մոսկվայից եկած կուսակցական պատասխանատու աշխատակիցների մի մեծ խումբ, եւ ստիպված շրջբաժնի երեք աշխատակիցներ հատկացվեցին ուղղաթիռի պահպանման համար: Սպասվում էր, որ նոր ժամանածները առավոտյան պիտի գային Ասկերան` ղարաբաղյան հարցի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը շրջանի ակտիվին ներկայացնելու համար:

Առավոտյան ժամը 9 դեռ չկար, բայց արդեն Ասկերանի շրջկոմի շենքի առջեւ մեծ բազմություն էր հավաքվել, որը գնալով ստվարանում էր: Եկել ու գալիս էին ոչ միայն շրջանի ծայրամասային գյուղերից, այլեւ Ստեփանակերտից: Հավաքվածների հայացքներում հուսախաբություն ու վրդովմունք կար: Ինչ-ինչ ճանապարհներով նրանք արդեն իմացել էին ղարաբաղյան շարժման նկատմամբ «Կենտրոնի» բացասական վերաբերմունքի մասին: Մթնոլորտն էլ ավելի շիկացավ, երբ ինչ-որ մեկը լուր տարածեց, թե այդ օրը փոխելու են շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանին:

Գրիգորյանը ղարաբաղյան շարժման առաջնորդներից էր` անձնուրաց, հայրենասեր, անմնացորդ նվիրված իր ժողովրդին, նրա իղձերին ու ձգտումներին, ինքն էլ անչափ հարգված ու սիրված ժողովրդի կողմից: Այդտեղ էին գտնվում նաեւ Ասկերանի միլիցիայի շրջբաժնի գրեթե երկու տասնյակ աշխատակիցներ` շրջբաժնի պետի գլխավորությամբ: Նրանք եկել էին իրավիճակը վերահսկելու եւ հասարակական կարգը պահպանելու: Բացի այդ` պետք էր ժամը մեկ ՆԳ մարզային վարչություն զեկուցել հավաքված մարդկանց թվաքանակի ու պահվածքի մասին: Ժամը 10-ի դրությամբ Ավագիմյանը զեկուցել էր ավելի քան 500 հոգու առկայության մասին: Հետագայում պարզվեց, որ շրջանային ու քաղաքային բաժիններից ստացվող տվյալները Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ղեկավարության կողմից մի քանի անգամ նվազում էին, եւ Մոսկվա ուղարկվող հաղորդագրությունում ներկայացվում էր ոչ թե որպես բազմահազարանոց ժողովրդական զանգվածների, այլ մի բուռ ծայրահեղականների հավաքներ:

Լուր բերվեց շրջբաժին, որ ազերիների ստվար բազմությունն Աղդամից շարժվում է Ասկերանի նավթաբազայի ուղղությամբ: Իր մոտ կանչելով Ղարիբ Հարությունյանին` Ավագիմյանը հանձնարարեց շրջբաժնից վերցնել երկու ադրբեջանցի աշխատողների, գնալ ու պարզել, թե ինչ է կատարվում: Շատ չանցած` Հարությունյանը վերադարձավ ու զեկուցեց, որ ազերիների բազմահազարանոց ամբոխը, մահակներով ու մետաղյա ձողերով զինված, հասել է նավթաբազա եւ շարժվում է Ասկերանի ուղղությամբ, հայտարարելով, թե գնում են Ստեփանակերտ` միանալու միտինգավորներին:

Հետագայում Ադրբեջանի պետական եւ քաղաքական գործիչները ջանքեր չէին խնայում վանդալիզմի այս դրսեւորումը միջազգային հասարակայնությանը ներկայացնել որպես Ղարաբաղի հարեւան շրջանների բնակչության բարի նպատակներով կազմակերպած երթ, որի «խաղաղասիրաբար» տրամադրված մասնակիցները, Ասկերանի մատույցներում հանդիպելով «անհյուրընկալ» ընդունելության, դրսեւորեցին իրենց իսկական բնույթը` վայրագությունն ու ջարդարարությունը:

Իրոք, կազմակերպիչները սկզբից ջանացել էին երթին խաղաղ բնույթ տալ, անգամ ժամանակից շուտ չհայտնաբերելու համար Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի հիմնական մասն անցել էին զարտուղի ճանապարհներով, սակայն չնախատեսված հանգամանքներն ի չիք էին դարձրել նրանց այդքան «փայլուն» մտահղացումները: Այդ նույն գործիչները «մոռանում էին» հիշատակել մի «փոքրիկ» փաստ. որ «խաղաղ» երթն ուղեկցող տասնյակ բեռնատարներ բեռնված էին քարերով, մահակներով ու մետաղե ձողերով, իսկ մարդատար ավտոմեքենաներում քիչ չէին տարբեր տեսակի հրազենները: Դժվար չէր պատկերացնել, թե ինչպիսին կլինեին հետեւանքները, եթե տասնհինգհազարանոց այս խառնամբոխը, որի շարժիչ ուժը հասարակության տականքներ էին, Ստեփանակերտում բախվեր մի քանի հազար խաղաղ ցուցարարների հետ, որոնց թվում քիչ չէին ծերերը, կանայք եւ երեխաները: Ընդ որում` Խոջալուում եւ Ստեփանակերտի մատույցներում նրանց պիտի միանար քաղաքը շրջապատող ադրբեջանաբնակ գյուղերի ու հենց քաղաքում ապրող ադրբեջանցիների արական սեռի բնակչությունը, եւ նրանց թիվը պիտի կրկնապատկվեր:

...Առաջին ընդհարումն արդեն տեղի էր ունեցել, սակայն ի՜նչ կարող էին անել միլիցիայի երկու տասնյակից էլ պակաս աշխատակիցները բազմաթիվ անգամ գերազանցող ուժերի դեմ: Բախման հետեւանքով բազմությունը տրոհվել էր եւ խաղողայգիների մեջ ցրված` շտապում էր դուրս գալ Աղդամ-Ստեփանակերտ խճուղի` Ասկերանի մատույցների մոտ, սակայն հիմնական մասը դեռեւս շարժվում էր ճանապարհով: Միլիցիան եւս 3-4 խմբերի բաժանված` ապարդյուն փորձեր էր անում կասեցնելու ամբոխի առաջխաղացումը: Նրանցից մի քանիսը նույնիսկ մահակի հարվածներ էր ստացել, սակայն այդ ժամանակներում ադրբեջանցիները դեռեւս վախ ու հարգանք էին տածում միլիցիայի համազգեստի նկատմամբ, եւ դրա շնորհիվ միլիցիայի աշխատակիցներին հաջողվեց խուսափել մարմնական ծանր վնասվածքներից:

Ազերիների առաջխաղացումը չհաջողվեց կանխել, սակայն միլիցիայի ջանքերն ապարդյուն չանցան: Հաջողվեց փոքր-ինչ դանդաղեցնել նրանց ընթացքը եւ ապա դրան կազմակերպված տեսք հաղորդել: Երբ ազերների առաջապահ ոչ մեծ ջոկատը ճանապարհին ջարդելով ու փշրելով ամեն ինչ` հայտնվեց գարեջրի գործարանի եւ կոմունալ տնտեսության շենքերի տարածքներում, նրանց դիմավորեցին տեղ հասած մի բուռ հայ քաջորդիների որսորդական հրացանների համազարկն ու հետ քաշված միլիցիայի մի քանի աշխատակիցների ատրճանակների կրակոցները: Դա վերջնականապես կասեցրեց առաջխաղացումը, եւ ազերիներն իրենց հետ մի քանի մարմիններ քարշ տալով, նահանջեցին դեպի ՊԱՏ ծառայության ստացիոնար պոստը` այնտեղ հասած հիմնական ուժերին միանալու: Հետդարձի ճանապարհին նրանք շարունակեցին ջարդել ու ավերել գարեջրի գործարանի եւ կոմունալ տնտեսության շենքերն ու դրանց բակերում կայանված տեխնիկան: Նույն բախտին արժանացան նաեւ ՊԱՏ ծառայության պոստի շենքն ու տուգանային հրապարակում կայանված ավտոմեքենաները: Ազերիների ամբոխը մոլեգնում էր:

Աստիճանաբար բախման վայր էր տեղափոխվում նաեւ կուսշրջկոմի շենքի առաջ հավաքված ցուցարարների հիմնական մասը: Մոտ 300 տղամարդ` զինված քարերով, փայտերով եւ այլ առարկաներով, վճռականորեն պատրաստ էր առճակատման:

Այդտեղ էին կուսշրջկոմի առաջին քարտուղարն ու պետական եւ կուսակցական մի շարք պատասխանատու աշխատողներ: Ետ էին քաշվել եւ շարքերի առջեւում կանգնել շրջբաժնի աշխատակիցները, բերվել էին հրշեջ խմբի երկու ավտոմեքենաներ` իրենց անձնակազմով:

Օգտվելով դադարից, Ավագիմյանը գնաց շրջբաժին` իրադրության մասին զեկուցելու եւ օգնական ուժեր պահանջելու: Նա տեսավ, որ տղամարդկանց թիկունքում մեծ թվով կանայք են կանգնած: Նրանք եկել էին ոգեւորելու իրենց ամուսիններին, եղբայրներին ու տղաներին: Նա խնդրեց կանանց` կանգնել անվտանգ տարածության վրա:

Նոր էր հասցրել վերադառնալ, երբ ազերիները նոր գրոհ ձեռնակեցին: Պատրաստ կանգնած հրշեջները սառը ջուր լցրին նրանց տաք գլուխներին` ստիպելով նահանջել ելման դիրքերը: Ոգեւորված հրշեջները որոշ տարածության վրա հետապնդեցին նրանց ու կանգ առան միայն այն ժամանակ, երբ սպառվել էր մեքենաների ջուրը: Այժմ արդեն նրանք էին թիրախ դարձել ազերիների համար: Մինչ վերջիններս ուշքի կգային, հրշեջները հասցրին ետ քաշվել, սակայն վարորդները չլքեցին մեքենաները եւ հայտնվեցին շրջապատման մեջ: Ազերիների շարքերում հայտնված ադրբեջանցի միլիցիայի աշխատակիցները թույլ չտվեցին, որ գազազած ամբոխը հաշվեհարդար տեսնի վարորդների հետ: Մոտ գնաց նաեւ միլպետ Ավագիմյանը: Հաջողվեց մեքենաներից հանել վարորդներին ու անվնաս ուղարկել ասկերանցիների մոտ:

Սպասելով, որ հրեշները հեռանան անվտանգ տարածության վրա, Ավագիմյանը փորձեց վերադառնալ, սակայն հազիվ էր հասցրել անցնել ճանապարհի կեսը, երբ ազերիները նորից գրոհի անցան: Նա կարող էր վազելով անվտանգ հասնել յուրայինների մոտ, սակայն դա կդիտվեր որպես փախուստ, իսկ նման խայտառակություն միլպետը չէր կարող թույլ տալ, ուստի առանց քայլերն արագացնելու` շարունակեց ճանապարհը: Ասկերանի շրջբաժնի աշխատակիցները փորձեցին ընդառաջ գնալ իրենց պետին, սակայն Ավագիմյանը հասկացրեց, որ պետք չէ ու դեմքով շրջվեց դեպի հարձակվողները: Մի քանի մահակներն ու ձողերը արդեն պատրաստ էին իջնելու նրա գլխին, երբ ատրճանակով զինված 5 ազերիներ շրջապատեցին նրան: Վերջիններս զենքերն ուղղելով իրենց ազգակիցների վրա, զգուշացրին, որ եթե մեկն ու մեկը ձեռք տա հայ միլպետին, ապա անմիջապես կգնդակահարվի տեղում:

Ազերիները, լուրջ դիմադրության հանդիպելով, անզոր կատաղությունից կորցրել էին գլուխները: Նրանցից մի խումբ փորձեց հարձակվել Խանաբադ գյուղի վրա, սակայն հրոսակների առաջատար ջոկատը հանդիպեց գյուղի մատույցներում պատնեշի պես կանգնած տղամարդկանց ու կրկին նահանջեց:

Վեճ ու ծեծկռտուք սկսվեց ադրբեջանցիների մեջ: Մի մասը, որն այստեղ էր բերվել թալանի ու ավարի խոստումներով, առաջարկում էր հարձակվել այդ մի բուռ հայերի վրա եւ ոտքերի տակ տրորելով` առաջ անցնել, իսկ ավելի գիտակից մասը աշխատում էր նրանց ետ պահել այդ խելահեղ քայլից: Իրադրությունը խոստանում էր դառնալ անվերահսկելի:

Ադրբեջանի պետական եւ քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները, տեսնելով իրենց հղացած ծրագրի լիակատար ձախողումը, վերջնական խայտառակությունից խուսափելու նպատակով փորձում էին վերահսկել իրադրությունը: Ընդհարման վայրում էին Ադրբեջանի ՆԳ նորանշանակ նախարար, գնդապետ Մամեդովն ու նրա տեղակալ գեներալ-մայոր Մամեդովը: Այդտեղ էին նաեւ Աղդամի կուսշրջկոմի եւ շրջգործկոմի մի շարք պատասխանատու աշխատողներ, մեծ թվով միլիցիայի աշխատակիցներ: Եվ վերջապես, այդտեղ էր Սոցիալիստական աշխատանքի հերոս, տխրահռչակ Խուրաման Աբբասովան: Հետագայում պիտի ասվեր, թե իբր նրա «կախարդական» գլխաշորի շնորհիվ հաջողվեց կանխել զանգվածային ընդհարումը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4