«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ԱՇՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

«Ճգնաժամային իրավիճակի դեպքում Հայաստանը կստանա անհրաժեշտ օգնություն», հավաստիացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ի պատասխան հարցի, թե ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ իրավիճակի ճգնաժամային զարգացման եւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է` սեփական պարտավորություններով եւ իրավունքներով, մեկ այլ պետության հավաքական անվտանգության ապահովման համար սեփական հնարավորությունների տրամադրման պարտավորությամբ եւ դաշնակիցներից նմանատիպ օգնություն ստանալու իրավունքով», «ՌԻԱ Նովոստիում» երեկ ասաց Բորդյուժան: Թե ՀԱՊԿ-ն ինչպես կարձագանքի ռազմական գործողություններին, Բորդյուժան դժվարացավ պատասխանել` հավելելով, որ անհնար է կանխատեսել այս կամ այն ճգնաժամային իրավիճակի զարգացումը ՀԱՊԿ անդամ պետություններում: «Ամեն ինչ կախված է գործողությունների կոնկրետ ձեւաչափից, որն առաջանում է այս կամ այն պետությունում: Ելնելով դրանից` կընդունվեն որոշումները», ասաց Բորդյուժան` հավելելով, որ Բելառուսում, Ռուսաստանում կամ Ղազախստանում ճգնաժամային իրավիճակները եղել են տարբեր եւ տարբեր զարգացումներ ունեցել: Բորդյուժան հիշեցնում է, որ ՀՍՊԿ-ը ղարաբաղյան կարգավորման խնդրի մեջ չի մտնում, այլ հետեւում է կողքից: «Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է, անդամ պետություն: Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հարց է, եւ կարիք չկա նոր մեխանիզմներ ստեղծելու, քանի որ կան կազմակերպություններ, որոնք արդեն երկար ժամանակ զբաղվում են այդ հարցով: ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, եւ հենց այդ մեխանիզմը պետք է շարունակի գործել»: Այս տարի աշնանը Հայաստանում կանցկացվի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը: Մինչ այդ նմանատիպ զորավարժություններ անցկացվել են Ռուսաստանում, Տաջիկստանում, Ալմաթիի մերձակայքում: «Այժմ մշակվել է այդ զորավարժությունների սցենարը: Ամսի 27-ին շտաբային բանակցություններ կանցկացվեն Հայաստանի տարածքում, կմշակվեն զորավարժությունների անցկացման բոլոր մանրամասները»:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20 եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակը: ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4