Ամեն քաղաք իր հմայքն ու ձգողականությունն ունի: Դա կարող է լինել ճարտարապետական կառույց, հնագույն մշակույթի վկայություն, նաեւՙ մանրուք թվացող, սակայն այցեքարտի հավասարվող տարր: Երեւանի հնաբնակների համար շատ բան փոխվել ու փոխվում էՙ հարուցելով մարդկանց մի մասի դժգոհությունը, մյուսներիՙ գոհունակությունը: Իսկ այս դեպքումՙ անտարբերությունը: Խոսքը Երեւանի փողոցներում անտերության մատնված ժամացույցների մասին է: Մեր քաղաքի այցեքարտերից ուզում եմ նշել օպերայի տանիքին տարիներ շարունակ գործող էլեկտրոնային ժամացույցը, որից տեղեկանում էինք նաեւ օդի ջերմաստիճանը, որը քաղաքի շատ մասերից կարելի էր տեսնել: Բավական ժամանակ է, որ այն անհայտ պատճառներով չի գործում, եւ կարծես ինչ-որ բան պակասել է քաղաքի «սրտից»: Ճիշտ է, օպերայի հարեւանությամբ տեղադրվել է մոնիտոր, բայց նրան կից գործող ժամացույցը ավելի հաճախ չի աշխատում, եւ միայն մոտ գնալով կարելի է տեղեկանալ ժամացույցի եւ ջերմաստիճանի ցուցմունքին: Ընդհանրապես, կուզենայի քաղաքապետարանի համապատասխան մարմինների ուշադրությունը սեւեռել փողոցներում տեղադրված ժամացույցներին, որոնց մեծամասնությունը չի աշխատում: Կարծես ֆանտաստիկ կինոյից տեսարան լինի, երբ բոլոր ժամացույցները կանգ են առել: «Հիմա 21-րդ դարն է, բոլորն էլ բջջային հեռախոսներ ունեն, ճշգրիտ ժամը կամ ջերմաստիճանը իմանալու խնդիր չկա», կառարկեն շատերը: Բայց, կարծում եմ, փողոցի մեծ ժամացույցները մի ուրիշ հմայք են հաղորդում քաղաքին: Թե չէ անտերության տպավորություն է ստեղծվում: Իսկ օպերայի նախկին ժամացույցի փոխարեն մի անհասկանալի սեւ կառուցվածք է խոյանում թամանյանական գլուխգործոցի վրա եւ տգեղ տպավորություն ստեղծում:
Ենթադրում եմ, որ ուշադրության եւ ցանկության դեպքում շատ մեծ ծախս չի պահանջվի այս թերությունները շտկելու համար:
Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ