«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ՕՐԻՆԱԽԱԽՏ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նրանց նկատմամբ վարույթներ հարուցվեցին

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը երեկ ամփոփեց դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրվել է 134 առողջապահական հաստատությունների եւ դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը: Պարզվել է, որ 134 բուժհաստատություններից 109-ում կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Մասնավորապես, մի մասում ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարվել, մյուսները մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում, երրորդների մրցույթները ձեւական բնույթ են կրել: Այդ մրցույթներին մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը:

28 բուժհաստատություններ, որոնք սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերը պետք է ձեռք բերեին մրցութային կարգով, մրցույթներ չեն հայտարարել եւ դեղորայքը ձեռք են բերել իրենց ցանկությամբ ընտրված մեկ-երկու կազմակերպություններից: Ընդ որում, որպես կանոն, դրանք մեկ, երկու կազմակերպություններ են, որոնք մշտապես դեղեր են վաճառել այս ծրագրի շրջանակներում պետական գնումներ իրականացնող բուժհաստատություներին:

Հանձնաժողովը հայտնաբերել է 3 դեպք, երբ դեղերի առուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատվություն, ինչից խաթարվել է մրցութային գործընթացը, եւ մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Հանձնաժողովի եզրակացությամբ, թեեւ վերոնշյալ բացահայտումները անմիջականորեն առնչվում են «Գնումների մասին» օրենսդրության խախտումներին, սակայն դրանք պարունակում են նաեւ մրցակցության սահմանափակման լուրջ տարրեր: Մրցույթներ չհայտարարելու դեպքում բուժհաստատությունները անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել շատ ավելի բարձր գներով, ինչն առավել ակնհայտ է դրսեւորվել այն դեպքերում, երբ վերջինները մատակարար ընկերությունների հետ եղել են փոխկապակցված: Բացի դրանից, պետական գնումների շրջանակում կազմակերպված մրցույթների ժամանակ դեղերի շուկայում գործող որոշ խոշոր տնտեսվարողներ չարաշահել են իրենց գերիշխող դիրքը:

Այսպիսով, պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների եւ դեղեր մատակարարող ընկերությունների միջեւ պայմանավորվածությունները եւ օրենսդրության պահանջների խախտումները, ուղեկցվելով պետական բյուջեի միջոցների օգտագործման անարդյունավետությամբ, լրջորեն սահմանափակել են մրցակցային միջավայրը: Ուսումնասիրությունների առաջին փուլն ավարտելուց հետո, տնտեսական մրցակցության հանձնաժողովը երեկ որոշեց վարույթներ հարուցել դեղերի առուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների («Նատալի ֆարմ», «Վիոլա», «Ամիկուս», «Եվրոֆարմ», «Դելտա», «Մեդտեխսերվիս», «Անիկոֆարմ», «Ռոսֆարմ», «Գրիմոս Գրուպ», «Շախ ԷՄ Գրուպ», «Դիանա ֆարմ», Ա/Ձ Հ. Գեւորգյան, «Կամելիա», «Էգդանի», «Մեգի Էլ») եւ 12 բուժհաստատություների (Նոր Արաբկիր առողջության կենտրոն, ՀՀ ԱՆ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, Ալավերդու բժշկական կենտրոն, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն, Սեւանի հիվանդանոց, Հրազդանի բժշկական կենտրոն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա եւ թիվ 20 պոլիկլինիկա) նկատմամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4