Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը փոխարժեքի ցնցումների չի սպասում
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը երեկ ամփոփեց Հայաստանի բանկային համակարգի 2011 թվականի արդյունքները: Նա անցած տարին համակարգի համար հաջող համարեց: Ըստ Աշոտ Օսիպյանի, Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2011-ին ավելացել են 521 մլրդ դրամով կամ 34 տոկոսով եւ կազմել 2 տրլն 74 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ աճել է 44,8 մլրդ դրամով կամ 14 տոկոսով եւ հասել 375 մլրդ դրամի: Միության նախագահը նշեց, որ կապիտալի աճն իրականացվում է երկու աղբյուրիցՙ շահույթից եւ բաժնետերերի ներդրումներից:
Ինչ վերաբերում է պարտավորություններին, ապա 2011-ին հայկական բանկերի պարտավորություններն աճել են 39 տոկոսով կամ 475 մլրդ դրամով եւ կազմել 1 տրլն 698 մլրդ դրամ: «Պարտավորությունների աճը կատարվել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ավանդների հաշվին, ընդ որումՙ 2011 թվականը հաջող է եղել առեւտրային բանկերի համար նաեւ այն տեսանկյունից, որ արտաքին շուկաներից ներգրավվել է 183 տրլն դրամի վարկային պարտավորություն», ավելացրեց Աշոտ Օսիպյանը:
Հայկական բանկերում ավանդներն ավելացել են 36 տոկոսով կամ մոտ 276 մլրդ դրամով, որից ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 37 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, իսկ իրավաբանական անձանց ավանդներըՙ 34 տոկոսով կամ 125 մլրդ դրամով: Բանկային համակարգի եկամտաբերությունը կազմել է 12,5 տոկոս, ակտիվներինը` 2,36 տոկոս: Բանկերի միության նախագահը հայտնեց, որ տնտեսության վարկավորման աճի տեմպերը` մոտ 40 տոկոս, գերազանցում են ֆիզիկական անձանց վարկավորման աճի տեմպերին` մոտ 30 տոկոս: Էական աճ է նկատվել առեւտրի` 57 տոկոս, գյուղատնտեսության` 36 տոկոս վարկավորման ոլորտում, շինարարության ոլորտում եւս գրանցվել է վարկավորման ավելացում 36 տոկոսով, արդյունաբերության ոլորտում` 30 տոկոսով: Բանկերի մասնաճյուղերն ավելացել են 32-ով կամ 7,4 տոկոսով, հասնելով 463-ի, ինչը պայմանավորված է բանկային ծառայությունների աճող պահանջարկով:
Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ աճում է նաեւ ՀՆԱ-ի նկատմամբ ակտիվների հարաբերակցության ցուցանիշը, կազմելով 54,2 տոկոս, ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր կապիտալի հարաբերակցությունը կազմել է 9,8 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ վարկային ավանդների հարաբերակցությունը կազմել է 34,9 տոկոս, ինչը, ՀԲՄ նախագահի հավաստիացմամբ, Հայաստանի նման երկրների համար լավ ցուցանիշ է: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 49 տոկոս, Թուրքիայումՙ 45 տոկոս:
Հայաստանում գործող 21 բանկերը նախորդ տարում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում: Նրանց վճարած հարկերի ծավալը 2010 թվականի համեմատ աճել է 1,7 անգամ:
Հայաստանի բանկերի միության նախագահը բանկերի գլխավոր խնդիրը համարեց ռիսկերի կառավարումը: «Մեր բանկային համակարգը միջազգային բանկային համակարգի մասնիկն է եւ մեզ համար ռիսկերի կառավարումն առաջնահերթ խնդիր է», նշեց նա, ավելացնելով, որ ռիսկերի կառավարման մեջ մտնում են սթրես-թեստերը, վարկային ռիսկերի եւ լիկվիդայնության կառավարումը: Աշոտ Օսիպյանն առանձնացրեց գյուղատնտեսության հետ կապված ռիսկերը, որտեղ ավելանում են նաեւ բնակլիմայական ռիսկերը:
Փոխարժեքի պահվածքի վերաբերյալ տրված հարցին պատասխանելով Աշոտ Օսիպյանն ասաց, որ ինքն այստեղ ցնցումներ չի սպասում, ավելացնելով, որ 2009-ի սցենարը չի կրկնվի, եւ այս պահի դրությամբ դրամի պահվածքը կանխատեսելի է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ