Ամիսներ առաջ լույս տեսած «Հող եւ ցավ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 18-ին` գրքի հեղինակ Վարդան Վարդանյանի ծննդյան օրը: Գիրքը ամբողջությամբ նվիրված է հեղինակի ամենամտերիմ ընկերոջ` հայ ականավոր արձակագիր եւ հրապարակախոս Մուշեղ Գալշոյանի կյանքին եւ ստեղծագործությանը: Հետպատերազմյան հայ արձակի առաջին լավագույն պատմողներից` Մ. Գալշոյանի կյանքն ասես ամբողջությամբ ներծծված է Սասնա երկրին վերաբերող հուշերով ու տեղեկություններով, որոնք հետո արտացոլվեցին գրողի ստեղծագործություններում:
«Մեր օրերի շնորհաշատ արձակագիր Մ. Գալշոյանի ստեղծագործությանը եւ կերպարին է նվիրված այս շարադրանքը, որը մի սրտահույզ պարտք է ուղղված անժամկետ կյանքից հեռացած, անզուգական ընկերոջ անմոռաց հիշատակի վերակերտմանը»,- գրքի նախաբանում գրում է հեղինակը:
Անվանի գրականագետ, բանասեր, բազմաթիվ աշխատությունների, դասագրքերի, գիտական հոդվածների եւ թարգմանությունների հեղինակ Վարդան Վարդանյանը մահացել է 2009-ին: Հատկապես ուշագրավ են նրա «Հայ գրականությունը 7-րդ դարում» մենագրությունը, «Հրաշեկ հոգու թռիչքով» հուշագրությունը` նվիրված Խաչիկ Դաշտենցին:
Շնորհանդեսի օրը «Նարեկացի արվեստի միությունում» հավաքվել էին հեղինակի մտերիմները, բարեկամներն ու ընկերները: «Չնայած երբեմն փշոտ բնավորությանը` Վարդանը չափազանց համեստ մարդ էր, ում երբեք հանգիստ չթողեց կորցրած հայրենիքի` Արեւմտյան Հայաստանի գաղափարը: Նրա մեջ ամրացած էր գյուղական աշխարհը, սասնեցիական ակունքներն ու բարքերը», ասաց պատամաբան Բաբկեն Հարությունյանը : Ըստ գրականագետ Էդիկ Մինասյանի` «Հող եւ ցավ» վերնագիրը իր մեջ մեծ խորհուրդ ունի եւ մատնանշում է կորցրած հողի, հայրենիքի կանչը: «Հեղինակը վերնագրով ցանկացել է արտահայտել արեւմտահայության կրած մեծ ցավն ու տառապանքը», նշեց Է. Մինասյանը:
Գիրքը հրատարակվել է «Հայագիտակ» հրատարակչությունում, հեղինակի տիկնոջ եւ դստեր աջակցությամբ: Ինչպես նշեց Վ. Վարդանյանի կինը` տիկին Սվետան, շուտով լույս կտեսնի նաեւ «Աստվածային ողբերգություն» գիրքը` նվիրված Գ. Նարեկացուն:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ