«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ՍԻՐԵՆՔ ԳԻՐՔԸ...

«Գրքարվեստի» զարգացման մեջ հայը առանձնահատուկ դերակատարություն ունի: Իսկ որքանո՞վ է այսօր հետաքրքված գրքի համաշխարհային մայրաքաղաքում ապրող հայ երիտասարդը գրքով: «Ես երբեմն ամաչում եմ ընկերներիս ասել, որ ես գիրք եմ կարդում, քանի որ նրանք սկսում են ծաղրել ինձ ու «կրծող» են անվանում... Բայց կարդալ սիրում եմ...»,- ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Ալլան : Իսկ 23-ամյա բանասեր Մարինեն պատմում է, որ առաջին գիրքը կարդացել է հինգ տարեկանում. «Երբ չորս տարեկանում ինձ նվիրեցին Շիրազի «Հուշարձան մայրիկս» ժողովածուն, չհասկացա, թե դա ինչ է, եւ տխրեցի, բայց իմանալով, որ այն մայրիկի մասին է, ես ստիպեցի ինձ կարդալ սովորեցնել, որ այդ գիրքը ընթերցեմ: Այդ օրվանից արդեն հասցրել եմ 214 անուն գիրք կարդալ»:

Հայաստանում տարեկան լույս է տեսնում 100-150 անուն գիրք: «Գրքերը հիմնականում բարձր, գրեթե եվրոպական տպագրության որակ ունեն: Պետության կողմից գրքերի տպագրման ֆինանսավորումը մոտ 7-8% է: Իրականացվում են մի շարք միջոցառումներ, ակցիաներ հենց հատկապես երիտասարդների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար»,- ասում է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը :

Գիրք կարելի է գտնել ամենուր` գրադարաններում, դեռեւս մնացած մի քանի գրախանութներում, ինտերնետում: Երեւանյան համար 18 գրադարանի աշխատակցուհի տիկին Անժելան ասում է, որ իրենք ունեն ավելի քան 3000 ընթերցող. «Մեր ընթերցողների մեծ մասը ուսանողներ են, աշակերտներ, իսկ նրանց նախընտրած գրքերը հիմնականում դասերի համար են, տանում են նաեւ գեղարվեստական գրականություն, երբեմն նաեւ օժանդակ գրքեր են ուզում: Իսկ մեր ազատ ընթերցողները թոշակառուներն են եւ տնային տնտեսուհիները»:

Գիրքը ոմանք համարում են զարգացման միակ ճանապարհը, ոմանք պարզապես տեղեկացված լինելու միջոց, իսկ ոմանք էլ գիրք կարդում են ժամանակ անցկացնելու համար: «Ես գիշերները շատ վատ եմ քնում, դրա համար էլ վերցրել եմ Ռոմեն Ռոլանի «Հմայված հոգի» գիրքը, եւ գիշերները 20-30 էջ կարդում եմ, բայց եթե հարցնեք` ինչի մասին է գիրքը, չեմ կարող ասել»,- ասում է 21-ամյա Հեղինեն: «Գիրք կարդալը հանգստացնում է, բայց կարդում են նաեւ այն պատճառով, որ բացի լիցքաթափվելուց, գրքերից շատ բան կարելի է սովորել: Եթե ձեռքիդ տակ եղած գիրքը լավն է, ուրեմն կարող ես հասկանալ հեղինակի ներդրած իմաստը, կյանքից դասեր քաղել: Էլ չեմ ասում, որ միաժամանակ ուղղագրություն եւ նման բաներ ես սովորում»,- ասում է ապագա պատմաբան Գրիգորը:

«Եթե տանք գրքի ավանադական սահմանումը, ապա գիրքը ծալվածքներից բաղկացած բլոկ է, որը ունի բովանդակություն եւ համապատասխան չափ ու ծավալ: Բայց գիրքը զուտ թղթային կրիչ լինելուց բացի` մշակութային արժեք է: Այն ներկայացնում է քո երկրի բոլոր բնագավառները: Այն հոգեւոր գանձ է, կապիտալ եւ արժեք»,- ասում է Վահան Խաչատրյանը:

Գիրքը այսօր հասանելի է նաեւ թվային կրիչների վրա: Համաշխարհային «սարդոստայնը» առաջարկում է ցանկացած ստեղծագործություն: «Ես այլեւս «թղթե» գիրք երեւի չկարողանամ կարդալ, որովհետեւ կարծում եմ, որ օնլայն գրքից հարմարավետ բան չկա: Ո՛չ պատռվում է, ո՛չ կեղտոտվում է, ո՛չ մաշվում»,- պատմում է ուսանողուհի Լիլիթը, իսկ նրա համակուրսեցի Անին կարծում է, որ «եթե ես իմ ձեռքում չզգամ, չշոշափեմ, այն կարդալ չեմ կարող: Ես պետք է ամբողջապես ներգրավվեմ գրքի բովանդակության մեջ, իսկ այդ դեպքում այն պետք է կենդանի լինի»:

«Երիտասարդներն այսօր ապրում են մի շրջանում, երբ էլեկտրոնային գիրքը պայքարի մեջ է մտել ավանդական գրքի հետ: Բայց դա ժամանակավոր բնույթ է կրում: Էլեկտրոնային գրքերը զուտ էկրան են, որոնք կամաց-կամաց կվերածվեն սովորական արժեքների, այնպես, որ տպագիր գիրքը չի կարող պայքարել էլեկտրոնայինի հետ»,- ասում է Վահան Խաչատրյանը:

Հայկական էլեկտրոնային գրադարանները իրենց այցելուների թվով շատ բազմազան են` 500-25000 ամսեկան:

Գիրք` հատկապես գեղարվեստական, ձեռք բերելու համար մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտություն չկա: «Մեր գրախանութում ուենք 500 դրամից մինչեւ 5000 եւ ավելի դրամ արժողությամբ գրքեր: Դրանք չեմ կարող ասել, որ մեծ պահանջարկ են վայելում միայն երիտարադների կողմից, քանի որ մեր հաճախորդների տարիքային խմբերը խիստ բազմազան են (օրական մոտ 50-100 հաճախորդ ունենք): Իսկ երիտասարդները ընտրում են ավելի շատ մասնագիտական գրականություն»,- ասում է մայրաքաղաքային մի գրախանութի վաճառողուհի Արմենուհին :

«Ես գրքերը 1000 դրամից ավել չեմ վաճառում: Հա՛մ չեն առնի, հա՛մ էլ ինձ լրիվ հերիք ա, հա՛մ էլ օրական 2-3-ից ավելի մարդ չկա, որ գիրք առնի»,- ասում է «Վերնիսաժի» հարեւանությամբ գիրք վաճառող Անդրանիկ պապիկը: Ամեն գիրք էլ օգտակար է: Մենք պետք է հիշենք, որ այն միայն դարակում դրված եւ մոռացված մի իր չէ, այլ կրթում է եւ դաստիարակում»:

ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4