«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՍԵՎԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրություններ կատարողների համար սովորական երեւույթ է, երբ մի որոշակի թեմայի պրպտումները բոլորովին նոր մի թեմա են «բացահայտում», որն առաջին հայացքից այնքան էլ կապ չուներ սկզբնական նյութի հետ: Նման դեպք պատահել է Էլիզաբեթ Կանն Քամբուրյանին, եւ լրագրող Արամ Արքունը գրել է այդ մասին «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում, որտեղից քաղում ենք մեր տեղեկությունները:

Էլիզաբեթը Ռիչմոնդի «Վիրջինիա Քոմընուելթ համալսարանի» պատմության ֆակուլտետի ավարտական կուրսում էր, երբ որոշեց ատենախոսության թեմա դարձնել Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը:

Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր եւ աշխատում էր ամուսնու ընտանիքի ոսկերչական խանութում: Քամբուրյանները բարգավաճ ընտանիք էին եղել Էրզրումում: Որդիներից մեկըՙ Մանվելը, 1880-ականների սկզբներին Ֆրանսիա էր մեկնել, այնտեղիցՙ Նյու Յորք, ապա Ռիչմոնդ տեղափոխվելՙ զբաղվելով նաեւ ոսկերչությամբ, այնուհետեւՙ գորգագործությամբ: Մանվելը երեք որդի էր ունեցել, որոնցից երկուսը այսօր էլ Ռիչմոնդում շարունակում են գորգագործությամբ զբաղվել: Երրորդըՙ ոսկերչությամբ:

Իր ատենագրությունը ամբողջացնելու գործում Էլիզաբեթին շատ են օգնել ամուսնու ազգականներըՙ տրամադրելով համապատասխան հին փաստաթղթեր եւ նկարներ, որոնք մինչեւ 1870-ականների կյանքն են պատկերել: Նրա գիտական ղեկավարը նույնպես ճիշտ հունով է առաջնորդելՙ հուշելով ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով հրապարակումների մասին: Բայց ուսումնասիրությունները կատարելիս հետաքրքրական զուգադիպությամբ սկսել է զբաղվել նաեւ Ամերիկայի պատմությամբ:

Պարզվել է, որ այն տունը, որ 1974-ին գնել է իր ընտանիքը, կարեւոր դեր է խաղացել Ամերիկայի պատմության մեջ: Նախկին տանտիրուհին 1918-ին կատարված խուզարկության մի փաստաթուղթ է ներկայացրել, որտեղ նշվել է, որ 1745-ին այդ հողամասը ավելի մեծ տարածության մի մասն է եղել: Խորամուխ լինելով հարցի էության մեջՙ Էլիզաբեթը Հենրիկո մարզի արխիվներում հայտնաբերել է Քուինսի պլանտացիայի հատակագիծը, որի մեջ ներառվում էր նաեւ իր հողատարածությունը:

«Անմիջապես կռահեցի, որ այս տարածքում պետք է սեւամորթների ապստամբություն տեղի ունեցած լիներ: Բացահայտեցի, որ դա իր առաջնորդի անունով «Գաբրիելի ապստամբություն» է կոչվել, ծրագրված 1800-ի ամռանը: Չնայած այդ ստրուկները համեմատաբար ավելի լավ պայմաններում են ապրել, նրանք ուրիշների թշվառությունը տեսնելով կազմակերպել են այդ ապստամբությունը «Մահ կամ ազատություն» կարգախոսի ներքո:

Ապստամբությունը մի քանի դավաճանների եւ հորդառատ անձրեւների պատճառով ձախողվել է: Վիրջինիայի կառավարիչը այդ օրերին Ջեյմս Մոնրոն էր, որ հետագայում դարձավ Մ. Նահանգների 5-րդ նախագահը: Ապստամբությունը բռնի ուժով ճնշելուց հետո չէր ցանկանում, որ լայն արձագանք գտնի, որովհետեւ ընտրությունների տարի էր, բայց լուրը, այդուհանդերձ, հասավ լրատվամիջոցներին եւ տարածվեց», պատմել է Էլիզաբեթ Քամբուրյանը ՙ ավելացնելով, որ նույնիսկ բացահայտել է այն վայրը, որտեղ Գաբրիելն ու իր հավատարիմ ընկերները կախաղան են բարձրացվել: Նրանց թաղել են մոտակա տարածքումՙ «Բրոդ Սթրիթի» վրա: Հետագայում դա դարձել է սեւամորթ ամերիկացիների գերեզմանատունը: Շուրջ 2000 թվականին նա մի շարք դասախոսություններ է տվել «Սեւամորթների պատմության թանգարանում», «Ռիչմոնդի մշակութային կենտրոնում» եւ այլուր: 2002-ին Ռիչմոնդի քաղաքապետարանը Գաբրիելի մահը հիշատակելու որոշում է ընդունել, իսկ չորս տարի անց նրան արդարացրել են որպես ստրկությանը վերջ տալու պայքարի մարտիկի:

Սեւամորթների շրջանում այս նյութի հետաքրքրությունները մղել են նրան գրելու եւ հրատարակելու «Վիրջինիայի Ֆրիդմենի բյուրոն» աշխատությունը, որտեղ նկարագրված են ստրուկների սնունդ եւ բժշկական օգնություն մատակարարելու այդ կառույցի աշխատանքները:

Իսկ ներկայումս Քամբուրյանը զբաղված է «Գաբրիելի ապստամբության» մասին հետաքրքրաշարժ տեղեկություններով համեմված մի գիրք գրելով:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Նկար 1. Մանվելի հայրըՙ Արամ Քամբուրյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4