«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ՎԻՐՏՈՒԱԼ ԽՆԱՄԱԽՈՍԸ...

Ինտերնետ կոչվող համաշխարհային ցանցը իր թեւերն է տարածել մարդկության կյանքի ամեն մի ոլորտում: Այստեղ մարդիկ ապրում են, աշխատում, շփվում, ծանոթանում եւ նույնիսկ... ամուսնանում: «Մեկ տարի շարունակ մենք ամեն վայրկյան օնլայն էինք, անընդհատ գրում էինք իրար: Աղջիկը Ջավախքից էր... Մի օր նա եկավ Երեւան, եւ վերջապես մենք հանդիպեցինք... Մեկ շաբաթ էՙ արդեն նշանվել ենք»,- պատմում է 27-ամյա Սոսը :

Ինտերնետային ծանոթությունները դարձել են համատարած երեւույթ: Գործող սոցիալական կայքերում կարելի է գտնել ամեն ճաշակի համապատասխան աղջիկներ եւ տղաներ ու փորձել կապ հաստատել նրանց հետ: «Կարծում եմՙ մարդկանց հետ շփվելու եւ ծանոթանալու համար անհրաժեշտ չեն «պաշտոնական» միջավայրեր, այդ պատճառով ինտերնետը շատ հարմար տեղ է: Մտնում ես, խոսում, եթե ցանկություն ունեսՙ նաեւ իրականում հանդիպում»,- ասում է 20-ամյա մի ուսանողուհի, իսկ նրա համակուրսեցին կարծում է, որ «ինտերնետը ինքնին «վատ» բան է, էլ ուր մնաց ինչ-որ մեկի հետ ծանոթանամ, շփվեմ»:

Ինտերնետը մարդկանց հնարավորություն է տալիս ներկայանալու այնպիսին, ինչպիսին ուզում են, այդ պատճառով հոգեբան Լիլիթ Գրիգորյանը խորհուրդ է տալիս անվերապահորեն չմոտենալ վիրտուալ ծանոթություններին: «Մարդիկ, ովքեր սովոր են ապրելու օնլայն կյանքով, հեշտությամբ կարող են սիրահարվել իրենց գեղեցիկ խոսքեր գրողին: Ինտերնետը հաճախ ստեղծում է ոչ իրական իրականություն, այդ պատճառով, երբ հարաբերությունները զարգանում են միջանձնական շփման աստիճանի, կարող են դառնալ հիասթափությունների եւ նեւրոզների պատճառ, քանի որ ինտերնետում ծանոթություններ հիմնականում հաստատում են 17-25 տարեկան անձինք, ում համար իրականությունը դեռ հստակ սահմանված չէ», բացատրում է Լիլիթ Գրիգորյանը:

Ինտերնետում հասարակ «բարեւ»-ը կարող է դառնալ բախտորոշիչ, եւ շատերը կարծում են, որ համակարգիչը անջատելով այլեւս ոչ մի առնչություն չեն ունենալու իրենց «ընկերների» հետ, ազատորեն եւ անկաշկանդ շփվում են նրանց հետ: Շատ դեպքերում էլ այդ շփումը սկիզբ է դնում նոր ընտանիքի: «Կյանքը կաշկանդում է մարդուն, ինտերնետը արձակում է բոլոր կապանքները: Կամՙ այն կապանքները, որից մարդը պատրաստ է ազատվելու: Տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերություններ հաստատելու կարեւոր նախապայման են հոգեկան մոտիկությունը, փոխըմբռնումը, սիրո առկայությունը: Եվ եթե ինտերնետային հարաբերությունները վերածվել են իրական շփման, ապա շատ հավանական է, որ ամուսնությունները հաջող ստացվեն»,- ասում է հոգեբանը:

Դուք պատրաստվում եք ամուսնանալ եւ չգիտեք` ում հետ: Մտեք ինտերնետ, ծանոթությունների կայք, եւ ընտրեք ձեր ապագա ընտրյալի տարիքը, սեռը, աչքերի գույնը, հասակը, քաշը, ազգությունը եւ այլն: Ահա ձեր ցանկություններին համապատասխան «օնլայն խնամախոսը» կառաջարկի ամենաքիչը 10 տարբերակ` նախապատվությունը թողնելով ձեզ: Հայկական նման կայքերում գրանցված են 16-ից բարձր տարիք ունեցող բազմատեսակ անձինք, ովքեր փնտրում են իրենց երջանկությունը: Ահա մտնում ես մի այդպիսի կայք ու կարդում. «Ձեր այստեղ հայտնվելու համար կա անշուշտ մի պատճառՙ Դուք միայնակ եք եւ փնտրում եք Ձեր երազանքների ընկերակցի՞ն: Սերը արգելք չի ճանաչում, այդ պատճառով չունի ոչ մի նշանակություն, թե Դուք քանի՞ տարեկան եք, որտեղի՞ց եք եւ ի՞նչ լեզվով եք խոսում: Մեր աշխատակիցները, որոնք տարբեր լեզուների են տիրապետում, կօգնեն Ձեզՙ Ձեր ընտրյալի հետ նամակագրությունը իրականացնելու բոլոր հարցերում»:

Բացի հատուկ «միջնորդ» կայքերից կարելի երազանքն իրականացնել սոց. կայքերում: «Ամուսնուս հետ ծանոթացել եմ «odnoklasniki.ru» կայքով: Մի քանի ամիս շարունակ գրում էր ինձ, հետո պատասխանեցի ու առաջին իսկ հանդիպմանը սիրահարվեցի: Հիմա սպասում ենք մեր առաջնեկին»,- պատմում է 25-ամյա Ռուզանը :

Անկախ նրանիցՙ ինչպես է ստեղծվել ընտանիքը, կարեւորը նրա ամրությունն է, իսկ ինտերնետը մի հավելյալ, այլընտրանքային միջոց է սեփական երջանկության մեխանիկան կառուցելու:

Հ.Գ. Կալիֆոռնիայի բնակիչներ Սամուել Կիմը եւ Հելլենն ամուսնացել են Skype-ի օգնությամբ: Օնլայն ամուսնությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ փեսացուն հարսանիքի օրը հայտնվել էր հիվանդանոցում եւ չէր կարող մասնակցել եկեղեցու արարողությանը: Կիմը չի կարողացել հարսնացուին համոզել հետաձգել հարսանիքը, եւ նրանք ամուսնացել են Skype-ի միջոցով: Եկեղեցում օնլայն հարսանիքին մասնակցել են 500-ից ավել հյուրեր:

ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4