«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԻՊՐՈՍ ԿՄԵԿՆԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ընկերական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի ընտրանիների հետ: Քանի որ երկու օրում մեր հավաքականը 2 խաղ է անցկացնելու, ուստի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս անգամ ուսումնամարզական հավաքի է հրավիրել մեծ թվով ֆուտբոլիստներիՙ ցուցակում ընդգրկելով նաեւ երիտասարդական հավաքականի խաղացողներին:

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից Կիպրոսում կսկսի նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին: Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը, որում ընդգրկված են 31 ֆուտբոլիստներ: Հավաքականի գլխավոր մարզիչը խոստացել է բոլոր ֆուտբոլիստներին էլ խաղալու հնարավորություն ընձեռել, որպեսզի կարողանա կողմնորոշվել նրանց խաղային ունակությունների հարցում:

Եվ այսպես, հավաքական են հրավիրվել չորս դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկին, Ստեփան Ղազարյանը, Արսեն Պետրոսյանն ու Իրանի «Փայքան» թիմում հանդես եկող «Փյունիկի» նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջինիս ելույթները հայտնվել են մեր հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում: Մելիքսեթյանն առաջին անգամ է հրավիրվում հավաքական: Կարելի է վստահ ասել, որ նա Կիպրոսում կնշի իր նորամուտն ազգային հավաքականում:

Պաշտպանական գծի խաղացողների թվում են ինչպես ազգային հավաքականի փորձառու ֆուտբոլիստները, այնպես էլ երիտասարդական հավաքականի մի քանի թեկնածուներ: Առաջիկա խաղերին կնախապատրաստվեն Սարգիս Հովսեփյանը, Հրայր Մկոյանը, Վալերի Ալեքսանյանը, Լեւոն Հայրապետյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արտակ Եդիգարյանը, Արթուր Յուզբաշյանը, Վարազդատ Հարոյանը, Հովհաննես Համբարձումյանը, Անդրանիկ Ոսկանյանն ու Գագիկ Դաղբաշյանը:

Կիսապաշտպանական օղակի խաղացողներից հավաքին կմասնակցեն Արթուր Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին, Հենրիխ Մխիթարյանը, Զավեն Բադոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վալտեր Պողոսյանը, Մասիս Ոսկանյանն ու Արազ Օզբիլիսը: Վերջինս 2-րդ անգամ է հրավիրվում ազգային հավաքական: Նախորդ անգամ նա վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել պարապմունքներին: Անշուշտ Կիպրոսում Օզբիլիսն էլ կնշի իր նորամուտը ՀՀ հավաքականում:

Հարձակման քառյակը կազմել են Յուրա Մովսիսյանը, Արթուր Սարկիսովը, Նորայր Մամեդովն ու Հովհաննես Հովհաննիսյանը: Նորայր Մամեդովը հավաքականի նորեկն է ու առաջին անգամ է հրավիրվում հավաքի: Նա հանդես է գալիս Հոլանդիայի առաջին խմբի առաջատար «Ցվոլեում»: 20-ամյա հայ ֆուտբոլիստը վաղուց է բնակվում Հոլանդիայում, որտեղ նորամուտն առաջին խմբում նշել է «Կամբուրում», ապա տեղափոխվել է «Գրոնինգեն»: Թեեւ «Ցվոլեում» Մամեդովը հիմնականում փոխարինման է դուրս գալիս, սակայն արդեն 5 գոլ է խփել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4