«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՈՒՌԵԿԻՈՒՄ

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայկական ֆուտբոլային ակումբներից միայն «Արարատն» ուսումնամարզական հավաք չի անցկացրել: Ֆինանսական մեծ հնարավորությունների տեր «Արարատի» արտերկրացի հովանավորները թիմին պատշաճ ուշադրություն չեն դարձնում եւ անհրաժեշտ ֆինանսավորում չեն ապահովում: Դա էր պատճառը, որ «Արարատն» անցած մրցաշրջանում չափազանց թույլ ելույթներ ունեցավ եւ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Եթե անցած մրցաշրջանում բարձրագույն խմբին հրաժեշտ տալու վտանգ չկար, ապա այս տարվա առաջնությունում վերջին տեղը զբաղեցրած թիմը կտեղափոխվի առաջին խումբ:

Ինչպես երեւում է, «Արարատի» հովանավորները վերջապես զգացել են թիմին սպառնող այդ վտանգը ու սկսում են քայլեր ձեռնարկել: Ամեն դեպքում ուրախալի է, որ վերջապես արարատցիներն էլ ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Փետրվարի 24-ից «Արարատը» կհանգրվանի վրացական Ուռեկիում, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Նախատեսված են նաեւ ստուգողական 4 հանդիպումներ:

Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն «Արարատն» անցկացնում է հիմնականում Ձորաղբյուրի իր մարզաբազայում: Թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է Ալբերտ Սաֆարյանը, որը նախորդ մրցաշրջանում օգնում էր Արկադի Անդրեասյանին: Վերջինս այս տարի կկատարի միայն ակումբի փոխնախագահի պարտականությունները:

«Արարատի» կազմը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Թիմից հեռացել են մի քանի ֆուտբոլիստներ: Կարեն Զաքարյանը վերադարձել է «Գանձասար», Կարեն Ավոյանն ու Արա Հովհաննիսյանը հանդես են գալու «Քինգ Դելյուքսում»: ՀՀ երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Կարապետյանը ֆուտբոլային կարիերան կշարունակի «Բանանցում», իսկ Հակոբ Լոռեցյանը փորձաշրջան է անցնում «Իմպուլսում»:

Որոշ ընդմիջումից հետո հարազատ կոլեկտիվ են վերադարձել Արթուր Պետրոսյանն ու Կարեն Նավոյանը: Նրանց հետ ակումբն արդեն պայմանագիր է կնքել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4