«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2012-02-22 | #33, 2012-02-23 | #34, 2012-02-24


ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԱՐՁԱԿՎԻ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Սակայն հարձակման «վճռականությամբ» կարող է Ասադի վարչակարգի դատապարտվածության պատրանք ստեղծել

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Որքան Սիրիայում սրվում է ներքաղաքական լարվածությունը, այնքան աշխուժանում են Իրանի վրա Իսրայելի հարձակման հարցի վերարծարծումները: Այդ ընթացքում արեւմտյան տերությունները Բաշար Ասադի վարչակարգին աջակցելու պատճառաբանությամբ շարունակում են քննադատել Ռուսաստանին ու Չինաստանին:

Հիրավի, Ռուսաստանի եւ Չինաստանի դիմադրության պատճառով ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին չի հաջողվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունել, նույնիսկ որոշմամբ դատապարտել սիրիական իշխանություններին: Այս պայմաններում նրանք գործի են դնում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որքան էլ վերջինի որոշումը պարտավորեցնող չլինի, պատժամիջոցների հարցում օգտվում են Արաբական լիգայի ծառայություններից եւ հաշվարկներ են անում, որ խռովարարների համար հենակետի վերածված Թուրքիային օգտագործեն որպես ռազմական միջամտության գործիք ընդդեմ Սիրիայի:

Թերեւս այդ առումով պատահական չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին երեկ Լոնդոնում արած հայտարարությունը. «Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նպաստելու, սիրիացի փախստականներին օժանդակելու եւ ապաստան տրամադրելու համար բարձր եմ գնահատում Թուրքիային»:

Արեւմտյան մի շարք երկրներ Դամասկոսից հետ են կանչում իրենց դեսպաններին, Արաբական լիգայի երկրները աստիճանաբար դադարեցնում են թռիչքները Սիրիա, որպես տարանցիկ երկիր Իրաքի տարածքն օգտագործելու գնով Թուրքիան հրաժարվում է Սիրիայի հետ ապրանքափոխանակությունից: Այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը Սիրիային ռազմական միջամտության անհրաժեշտությունն ընդգծելու համար, ի լուր աշխարհի հավանական է համարում այդ տարբերակը: Նրա հայտարարությունը խիստ սահմանափակելով վարչապետ Էրդողանի կառավարության խուսանավելու հնարավորությունները, փաստի առջեւ է կանգնեցնում տարածաշրջանային գերտերության հավակնություններով Սիրիայում ընթացող քաղաքական զարգացումներին առանց այդ էլ Արեւմուտքի դիրքերից ակտիվորեն միջամտող Թուրքիային:

Կհաջողվի՞ թուրքական կառավարությանը սահմանափակել այս միջամտությունը քաղաքական շրջանակներում եւ խուսափել ռազմականից, ցույց կտա ժամանակը: Սակայն, ակնհայտ է, որ ռազմական միջամտությունից խուսափելու դեպքում Արեւմուտքի նշանառության թիրախ կդառնա Էրդողանի կառավարությունը, իսկ միջամտությանը դիմելու պարագայում վերջինը Ռուսաստանի եւ Չինաստանի թիրախը կդարձնի Թուրքիային, էլ չենք խոսում Իրանի մասին:

Հատկանշական է, որ Իրանի դեմ հարձակման պարտավորություններն էլ ստանձնել է Թուրքիայի հետ սուր տարաձայնություններ ունեցող Իսրայելը: Ընդ որում, նա, ի դեմս արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի, ոչ միայն հարձակման անխուսափելիությունն է ընդգծում, այլեւ, նկատի ունենալով հարձակումից իրեն զերծ պահելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերը, հայտարարում է. «Օտարերկրյա ճնշումները չեն ազդելու մեր որոշման վրա: Դա նրանց խնդիրը չէ: Իսրայելում քաղաքացիների անվտանգության, պետության ապագայի համար պատասխանատու է Իսրայելի կառավարությունը»:

Լիբերմանն այս հայտարարությունը Իսրայելի հեռուստատեսությամբ արել է փետրվարի 22-ին, իսկ երեկ Մոսկվայում էլ տարածվեց Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակումը կատարյալ աղետ կլինի տարածաշրջանի եւ միջազգային ողջ համակարգի համար:

Հաշվի առնելով այն, որ 2003-ից ի վեր Իրանը ռազմական ներխուժման սպառնալիքի տակ է, նրա վրա մերթ ԱՄՆ-ն, մերթ Իսրայելը փորձում են հարձակվել, բայց չեն համարձակվում, ուստի Լիբերմանի հայտարարությունը պետք է համարել հարձակման «վճռականությամբ» տարածաշրջանի երկրներին ապակողմնորոշելու, ինչպես նաեւ Սիրիա-Իրանի առանցքի մոտալուտ քայքայման պատրանք ստեղծելու մարտավարության դրսեւորում:

Այլ կերպ, Իսրայելը Իրանի վրա չի հարձակվի, սակայն հարձակման վճռականությունը կարող է որպես միջոց օգտագործել Իրանին կաշկանդելու եւ նրաՙ Սիրիային աջակցելու հնարավորությունները սահմանափակելու, դա որպես ճնշման հավելյալ լծակ պաշտոնական Դամասկոսի դեմ օգտագործելու, ինչպես Սիրիայի բնակչության շրջանում, այնպես էլ տարածաշրջանի երկրներում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դատապարտվածության տպավորություն ստեղծելու եւ այդ վարչակարգին աջակիցներից մեկուսացնելու համար:

Եթե Ռուսաստանի արտգործնախարարությունը չունի Իրանի վրա Իսրայելի հարձակման հավանականությունը հաստատող փաստարկներ, ուրեմն այդ հարձակումն ի լուր աշխարհի դիտարկելով որպես աղետ տարածաշրջանի ու միջազգային համակարգի համար, փաստորեն տուրք է տալիս իսրայելական նկրտումներին: Նա միաժամանակ ուժեղացնում է իսրայելական պատրանքն ու տպավորությունը, թերեւս դրանով էլ ճանպարհ է հարթում Իսրայելիՙ տարածաշրջանի երկրներին ապակողմնորոշելու մարտավարության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4