«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ԹՈՒՐՔԻԱՆՙ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Ըստ գերմանական Heidelberg ինստիտուտի

Գերմանական Heidelberg ինստիտուտն ամեն տարի հրապարակում է բախումների եւ պատերազմի թատերաբեմ դարձած երկրների ցանկը, կազմելով աշխարհի համապատասխան քարտեզը:

Ըստ ինստիտուտի ուսումնասիրության, ինչպես երեկ նշել էր «Դունյա բուլթենի» կայքէջը, 1945-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհում պատերազմներն առավելագույն տարածումն են գտել 2011-ին: Ինչ վերաբերում է ինստիտուտի կազմած քարտեզին, ապա այնտեղ պատերազմի թատերաբեմ դարձած երկրների շարքում, ենՙ Աֆղանստանը, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Եգիպտոսը, Լիբիան, Սուդանը, Սիրիան, Մեքսիկան, նշված է նաեւ Թուրքիան:

Ի դեպ, մեկնաբանության մեջ ընդգծվում է, որ 2010-ին PKK-ի հետ սրության առավելագույն աստիճանի հասած բախումները 2011-ին վերաճել են պատերազմական գործողությունների, որի սկիզբը դրվել է անցյալ տարվա փետրվարին, երբ PKK-ն չեղյալ հայտարարեց զինադադարի նախապես ընդունած որոշումը, իսկ թուրքական զինված ուժերը օգոստոսից ձեռնամուխ եղան քրդական այս կազմակերպության դեմ ռազմական լայնամասշտաբ գործողությունների:

Ինստիտուտի տվյալներովՙ 2010-ին աշխարհում պատերազմի բնույթ կրող 6 բախումներ էին արձանագրվել, որոնց թիվը 2011-ին հասել է 14-ի: Heidelberg ինստիտուտն այս աճը պայմանավորել է «Արաբական գարնան» բացասական ազդեցությամբ եւ ընդգծել է, որ այդ գարունն անակնկալ է եղել իր փորձագետների համար:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4