Փետրվարի 24-ին տեղի ունեցավ «Հեռուստակամուրջ» քննարկում` Հայաստանում սփյուռքահայ ներդնողների իրավունքների ոտնահարման թեմայով: Ներկաներին սփյուռքից միացել էին «Ասպարէզ» թերթի խմբագիր Աբո Պողիկյանը, մտավորական, գրող Ասյա Ասատրյանը եւ Հայաստանում նախկին ներդնող Էդմոն Խուդյանը , որը դիմել է դատարանՙ իր ձեռնարկությունում տիրող անօրինականությունները բացահայտելու համար:
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Արնի Լիգալ Էյդ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այսօր կորել է ներդնողների վստահությունը Հայաստանի նկատմամբ: «Մենք այսօր որոշակի խնդիրներ ունենք, եւ չպետք է հերքենք դրանք: Համագործակցելով պետական մարմինների հետ ցանկանում ենք լուծել առաջացած խնդիրներն ու վերակագնել ներդնողների վստահությունը: Ապացուցել, որ Հայաստանում օրենքը գործում է բոլորի համար եւ պայմանավորված չէ նրանով, թե մարդն ինչքանով է մոտիկ ու հեռու հայրենիքից», ասաց Ն. Բաղդասարյանը:
«Հայաստանում կա խնդիր` կապված օրենքի միատեսակ կիրառման հետ: Սփյուռքահայն ավելի խոցելի է այդ առումով, չի կարողանում այստեղ պաշտպանել իր իրավունքները, քանի որ վերադառնալով հայրենիք, տեղափոխելով իր տնտեսական գործունեությունը` առնչվում է խոչընդոտների, որոնք առկա են հանրապետությունում: Օրենքի կիրառումն այլ երկրում ուրիշ կերպ է հասկանում, իսկ այստեղ չի կարողանում համակերպվել օրենքին, քանի որ այն միատեսակ չի գործում: Վերջիվերջո հիասթափված գնում է հայրենիքից ու պատմում, որ Հայաստանում չի կարողանում պաշտպանել իր իրավունքները», ասաց Փաստաբանների պալատի անդամ Սամվել Ջաղինյանը ` հավելելով, որ վիրավորանքն ավելի ծանր է սփյուռքահայի համար, քանի որ հայրենիք է գալիս որպես հայ, այլ ոչ թե բիզնես ներդնող:
Ս. Ջաղինյանը նշեց, որ մեր հասարակության մեջ կա մի մոտեցում, որ սփյուռքահայը «փողի քսակ» է, եւ երբ գալիս է Հայաստան, մարդիկ մտածում են անպայման օգտվել այդ փողից:
ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ խնդիրը կապված չէ միայն սփյուռքահայ ներդնողների գործունեությանը: Խնդիրը գործարար միջավայրի մեջ է: «Ոչ ոք չի կարող ասել, որ օտարերկրացի ներդնողն ավելի պաշտպանված է, քան սփյուռքահայը: Այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, նրանց համար ավելի հեշտ է, քան օտարերկրացիների կամ սփյուռքահայերի համար: Լինելով փոքր երկիր, որտեղ մեծ դեր են խաղում կապերը, հայաստանցիները ինչ-ինչ կապերով կարողանում են լուծել իրենց խնդիրները»:
Քննարկմանը ներկա էր նաեւ Պետեկամուտների կոմիտեի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, նա ասաց, որ ցավով է լսում մեր` դեռեւս նորանկախ պետության խնդիրների մասին խիստ գնահատականները:
«Ես ավելի լավատես եմ, չկա երկիր, ուր տնտեսական վեճ չլինի», ասաց Ա. Ալավերդյանը` հավելելով, որ սփյուռքահայերը Հայաստանում օգտվում են նույն իրավունքներից, ինչից որ հայաստանցիները, կան նաեւ սփյուռքահայերի ներդրումների հաջողված օրինակներ, որոնք այսօր բարձր դիրքեր են գրավում:
«Երբ քաղաքացին բնակարան է կառուցում Հայաստանում, դա բիզնես չէ, դա ուղղված է անձնական խնդիրներին, երբ նա վաճառքի նպատակով է կառուցում, այստեղ կա բիզնես, եւ այդ դեպքում թե՛ տեղացին, թե՛ սփյուռքահայը պետք է վճարեն պետության կողմից սահմանված հարկերը», ասաց Ա. Ալավերդյանը` հավելելով, որ իրեն միշտ զարմացնում է, թե ինչպես է, որ հայերը գնալով այլ երկիր, խելացիորեն հնազանդվում են տվյալ երկրի օրենքներին, բայց երբ հերթը հասնում է Հայաստանին, տպավորություն է ստեղծվում, որ կարելի է խախտել օրենքն ու պետական մարմինների հետ ոչ նորմալ հարաբերությունների մեջ մտնել:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ