«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ԿՈՇՏ ԿԼԻՆԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երբ Վարդան Օսկանյանը «Երկիր-մեդիայի» եթերից հայտարարում էր, թե ընտրություններին առանձին ցուցակներով գնալու որոշումը կոալիցիոն հուշագրի չգործելու մասին է վկայում, առաջին մտածումն այն էր, որ այդպիսի բան ոչ մի ԲՀԿ-ական մինչեւ հիմա իրեն թույլ չի տվել ասել: Ուրեմն եւ` կամ պիտի հետեւի հերքման նման մի բան, կամ արդարացում` թե Օսկանյանը նորաթուխ ԲՀԿ-ական է, ողջ տեղեկատվությանը չի տիրապետում: Բայց ոչ մեկը դրանցից չհետեւեց: Ավելին, երեկ խորհրդարանում լրագրողներին հասանելի չէին այնպիսի ԲՀԿ-ականներ, որոնք սպառիչ պատասխան կարող էին տալ մեր տարակուսանքին:

ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը երկու օր առաջ դաշնակցական լրատվամիջոցներում կարծես համակարծիք էր Օսկանյանին, քանի որ ըստ նրա նույնպես կոալիցիան միասնական ցուցակով միայն կկարողանար համաչափությունը (միմյանց հաշվին ձայն չտանելը-Մ.Խ.) պահել, իսկ առանձին ցուցակի դեպքում որոշողը ժողովուրդն է լինելու իսկապես: Արդյո՞ք սա ինչ-որ նոր հանգրվան է նշանակում կոալիցիայում` համենայն դեպս շուտ կերեւա դա: Առայժմ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՍերԺ Սարգսյանը: Սա, իհարկե, առարկայական հստակեցում է եւ ավելի կոշտ կդարձնի քաղաքական ուժերի պայքարը խորհրդարան մտնելու համար` նախագահ Սարգսյանին զրկելով մանեւրելու այնպիսի հնարավորությունից, ինչպիսին նա կունենար, եթե չգլխավորեր ՀՀԿ ցուցակը, այլ պարզապես արդար ընտրությունների երաշխավոր լիներ, ինչպես երկրի նախագահի պաշտոնն է թելադրում: Հավանաբար նախագահն այդպիսի որոշում կայացնելիս ունեցել է ծանրակշիռ պատճառներ, եւ հավանաբար ՀՀԿ-ի հետ միաժամանակ ընտրություններին հիմնական ֆավորիտ ուժի հետ կապված հրապարակ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք նրան այլընտրանքի հնարավորություն չեն տվել: Արդյո՞ք ԲՀԿ-ն համալրող-երեւացող եւ չերեւացող դիրիժորները ամեն ինչ տանում են դեպի կոշտ մրցակցություն, սեւուսպիտակի պայքար, վերջնախաղ, որտեղ առաջին հարթակի տեղը մեկն է, եւ երկու հավասար մրցակիցներից մե՛կը միայն պետք է այդ տեղը գրավի, քանի որ երկգլուխ կոալիցիա` հավասար ուժերով, էն գլխից նշանակում է երկիշխանություն, եւ երկու հիմնական ուժերի ղեկավարները եւս հասկանում են դա:

Հասկանում են, որ երբեք երկգլուխ իշխանությունը չի կարող ուժեղ լինել, ու այս անգամ միանշանակ պետք է լուծել խնդիրները: ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ ինքը դառնա այդ հիմանական թելադրող ուժը խորհրդարանում, ԲՀԿ-ն` նույնպես, ընդ որում` վերջինս ավելի լավ ելման դիրք ունի` ոչ այնքան իր բուն ռեսուրսի ու հնարավորության հաշվին, որքան ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով, երբ համարյա բոլոր մյուս ուժերը, որոնք ինքնուրույն ինչ-որ բան ի վիճակի չեն փոխելու, ստիպված են կամ ուզում են դա անել ԲՀԿ-ի ձեռքերով: Իսկ ոչ ոք չի թաքցնում այլեւս, որ այս ընտրություններն ապագա նախագահի հարց են լուծելու, անգամ դա չի էլ դիմակավորվում. Օսկանյանն ասաց` վարչապետական ընտրություններ են սրանք: Սակայն ԲՀԿ-ն այդպես էլ հստակ ոչ մի բան չի ասում, Օսկանյանն, այդպիսով, խառնել է ԲՀԿ-ի խաղաթղթերը` իր անսպասելի անկեղծանալով:

Ընդհանուր առմամբ թվում է` ԲՀԿ-ի վերեւներն այլ սցենար են տեսնում, ներքեւներն` այլ: Ներքեւները սահուն անցնում են ընդդիմություն, բնակչության ընդդիմադիր զանգվածների հույսերն էլ իրենց կողմն ուղղելով, իսկ վերեւները երեւի իրենց մտքում գիտեն, որ իշխանության մեջ են այժմ, եւ կլինեն իշխանություն նաեւ հետո, ու ըստ այդմ են գործելու: Սա հղի է նրանով, որ ընդդմադիր էլեկտորատը կարող է շփոթության մեջ ընկնել, ու ՀԱԿ-ից հիասթափվածների մի ողջ զանգված ոչ թե կնայի դեպի այլ ընդդիմադիրների (ՀՅԴ, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ»), այլ հենց ԲՀԿ-ի ուղղությամբ` նրան բավական քվե բերելով: Ու էլի ընտրություններից հետո որոշումն այդպիով կմնա հիմնական ֆավորիտ ուժերի ղեկավարներին, որոնց որոշումները ներքեւների ակնկալիքներին համարժեք չեն լինի, այլ` կառուցված կլինեն պարզ առեւտրի վրա: Այնպես որ ընտրությունն ընդհանրապես մեծ խաղ է, որտեղ միշտ կան պարտվողներ, եւ պարտվողները ամենեւին էլ ազնիվ խաղացողները չեն:

Այնուամենայնիվ`վերլուծենք իրավիճակը ժողողովրդի մեջ տարածված երկու պրիմիտիվ դիրքորոշումներից ելնելով, չմեղադրվելու համար կարծիքներ ընթերցողին պարտադրելու մեջ:

Ելման կետ առաջին: Եթե ԲՀԿ-ն (ինչու չէ` Քոչարյանը) եւ ՀՀԿ-ն (Սարգսյանը) ընտրություններում ոչ թե իրական մրցակիցներ են, այլ` իմիտացիոն: Այս դեպքում ամեն ինչ կընթանա փոխադարձ պայմանավորվածությամբ, ներքեւինների կառավարելի մրցակցությամբ, անցավ, կանխատեսելի արդյունքով, հետագայում կիսելով իշխանությունը եւ մյուս հավակնորդներին եւս բաժին հանելով:

Ելման կետ երկրորդ: Եթե ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, իսկապես, ընտրական հակառակորդներ կամ մրցակիցներ են եւ կենաց ու մահու պայքարի են ելնելու: Այս դեպքում հնարավոր է մինչեւ երեք սցենար. ՀՀԿ-ի դեմ` ԲՀԿ-ընդդիմություն (ընդ որում` մամուլում լուր կար, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ասել է` մեծամասնականով թեկնածու դիր 41 ընտրատարածքում էլ, տեր կկանգնեմ, չգիտենք` սուտ-ճիշտ), ՀՀԿ-ի դեմ ԲՀԿ, ընդդիմությունն էլ երրորդ բեւեռ, բայց ՀՀԿ-ին կեղծել թույլ չտալու միասնականությամբ, ՀՀԿ-խորհրդարանական ընդդիմություն, դրսի ընդդիմությունն էլ առնձին բեւեռ` եռագլուխ: Այս վերջին երեք տարբերակից ՀՀԿ-ի համար ավելի վտանգավոր է ԲՀԿ-ընդդիմություն միասնական ֆորմատը, որն առաջին հայացքից դժվար է պատկերացնել, բայց ինչ- որ պահից հանգամանքների զուգորդմամբ` սա կարող է հունավորվել: Սակայն նշենք, որ այս առումով անակնկալներ կարող են մատուցել հենց ընդդիմադիրները, քանզի հնարավոր թվացող սցենարները հենց դրա համար են սցենար, որ կարող են փսորվել մարդկային ամբիցիաների պատճառով: Օրինակ` անցած շաբաթվա նշանակալից պահերից մեկն այն էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց ՀԱԿ-ի ցուցակում միայն կուսակցության լիդերով` Արամ Սարգսյանով ներկայացված լինելու մասին: Սա, իրոք, գուցե նպատակ ուներ ՀԱԿ համամասնական ցուցակի կազմության շուրջ եղած խժդժանքին վերջ դնելու, եւ Արամ Սարգսյանը, փաստորեն, այս հայտարարությամբ ուզում էր գուցե ցուցակային պառակտման եւ ինտրիգների դեմն առնել: Թվում է` պարզ սխեմա է առաջարկում Ա. Սարգսյանը` ցուցակ կազմել տասնութով առաջիններով, տասնիննից նորից հաջորդ տասնութին ներառել (երկրորդ համարներին) եւ այդպես շարունակ: Բայց երեւում է` այս քայլով Ա. Սարգսյանը ոչ միայն չի սահմանափակել տասնութի ախորժակը, այլ մի բան էլ սրել է, ու անգամ Սարգսյանի հասցեին ՀԱԿ-ի շրջանակներից պատվիրեցին հոդվածներ` իշխանական լինելու մասին: Այնպես որ ՀԱԿ-ը, եթե այս ցուցակների հարցը չլուծի, վերջնականապես ինքնախժռման ճանապարհին է, այն էլ` ընտրությունների շեմին: Թեեւ` ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը երեկ վստահեցրել է լրագրողներին, թե ՀԱԿ-ում համամասնական ցուցակները կազմելու շուրջը տարաձայնություններ չկան, բայց չի ժխտել ամբիցիաների առկայությունը, դա եւս նորմալ համարելով: Բոլոր դեպքերում ՀԱԿ-ում արդեն շտապում են, եւ իրենց խնդիրներն օր առաջ հստակեցնելու համար այսօրվանից ամենօրյա ռեժիմով անցնելու են միջկուսակցական քննարկումների եւ նիստերի, որպեսզի Տեր-Պետրոսյանի մատնանշած` 18 կուսակցությունների կոնսենսուսով ընդունված որոշումն ունենան եւ Մուսինյանի ասած` «ԱԺ-ում ծանրակշիռ առավելությունը» ու իրականանա ՀԱԿ-ի երազանքը` խորհրդարանում «իշխող կուսակցության հետքն անգամ չլինի»:

Դե իսկ ՀՅԴ-ն նույնպես իր համամասնական ցուցակը դեռ չի հրապարակել` երեկ միայն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտնեց, թե ինքը ցանկություն չունի ցուցակը գլխավորելու, դրա համար արժանի մարդիկ կան: Երեկ «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը եւս, մեր հարցին պատասխանելով նշեց, թե դեռ որոշում չունեն` առանձի՞ն ցուցակով են գնալու ընտրությունների, թե՞ «Ազատ դեմոկրատների» հետ միասնաբար կազմած ցուցակով, դեռ քննարկումներ են գնում:

Եթե ապրիլի 8-ից սկսվելու է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, ապա կարելի է ասել, որ մեր կուսակցությունները շատ քիչ ժամանակ ունեն իրենց հստակեցումների համար, մանավանդ որ ԿԸՀ-ն արդեն ժամանակացույց է հրապարակել: Ըստ ժամանակացույցի, թեկնածուների կողմից փաստաթղթերի ներկայացումն իրականացվելու է մարտի 12-ից 22-ը: Ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Մինչեւ ապրիլի 6-ը կուսակցությունները եւ մեծամասնականով առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների մասին հայտարարագրեր: Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը տեղի է ունենալու ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 3-ը կատարվելու է քվեաթերթիկների տպագրության գործընթացը: Մայիսի 5-ին վերջնականապես կհայտարարվի ընտրողների թիվը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4