Ադրբեջան-Իրան հարաբերությունները գնալով լարված ու ոչ բարեկամական բնույթ են ստանում, եթե հաշվի առնենք թեկուզ միայն այս տարվա փետրվար ամսին իրանական կողմի արդեն իսկ հայտարարած երկու նոտաները Ադրբեջանին: Առաջին նոտայով Իրանը Բաքվին մեղադրեց իրանցի ֆիզիկոս Մուստաֆա Ահմադի-Ռոշանի սպանության գործում իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, իսկ երկրորդ նոտան վերաբերում էր իրանցի լրագրողների կալանավորմանը Բաքվում` նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով:
Փոխադարձ բազմաթիվ այլ մեղադրանքների, հակերային հարձակումների, նոտաների ու մինչեւ իսկ կրոնական հողի վրա դժգոհությունների համատեքստում բնավ էլ Իրանի հանդեպ բարիդրացիական վերաբերմունք դրսեւորելու ցանկության մասին չի վկայում երեկ նաեւ իսրայելական կողմի հաստատմամբ տարածված տեղեկությունը, որ Իսրայելն Ադրբեջանին մոտ 1.6 մլրդ դոլարի զենք է պատրաստվում վաճառել, թեեւ իրանական կողմն էլ, օրինակՙ վերջերս Նախիջեւան վառելիքի մուտքը փակելու տարբերակով նորմալ հարաբերությունների կողմ լինելու դիրքորոշում չի ցուցաբերում:
Israeili Aerospace Industries իսրայելական կորպորացիան Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել` մատակարարելու անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր: Պայմանագիրը ներառում է ոչ միայն զենքի մատակարարումը, այլեւ իսրայելցի մասնագետների օգնությամբ արդեն Ադրբեջանում համապատասխան անձնակազմի ուսուցումը նոր համակարգերի օգտագործման առումով:
Այն, որ հատկապես անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել Իրանի դեմ, թերեւս իսրայելական կողմի պահանջով կամ պայմանագրում ներառված որեւէ դրույթով, չի համատեղվում ադրբեջանական կողմի բոլոր այն պնդումների հետ, թե Բաքուն կապ չունի իսրայելական հատուկ ծառայությունների` հակաիրանական գործունեության հետ: Մյուս կողմից էլ, անօդաչու սարքերը հաստատապես կիրառություն են գտնելու հայկական կողմի` Ադրբեջանին հետաքրքրող տարածքների հետախուզման փորձերում: (Հիշեցնենք, որ հայկական հակաօդային պաշտպանության ուժերը ամիսներ առաջ հենց իսրայելական մակնիշի անօդաչու ինքնաթիռ էին ոչնչացրել):
Հայկական կողմն առայժմ ձեռնպահ է մնում գործարքի առնչությամբ որեւէ մեկնաբանություն անելուց, թեեւ ակնհայտ է, որ նման մասշտաբի զենքի ձեռքբերումը, այն էլ հարավկովկասյան առանց այդ էլ սպառազինությունների մրցավազքում «հեւացող» տարածաշրջանում, չի կարող չմտահոգել հայկական կողմին: Ընդ որում, այսպիսի զարգացումը մտահոգության թեմա պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հարեւանների, այլեւ նրանց համար, ովքեր հավակնում են մտահոգ եւ շահագրգիռ ներկայանալ այս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հարցում, առաջին հերթինՙ ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը համանախագահող երկրներին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ