ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երեւան քաղաքի ավագանու 2011 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 347-Ն որոշմամբ, սահմանվել են աղբահանության վճարի 2012 թվականի դրույքաչափերը, ըստ որոնց կենցաղային աղբի համարՙ յուրաքանչյուր բնակչի համար ամսական վճարը կազմում է 200 դրամ: Իսկ առեւտրի, հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասովՙ 1 քմ-ըՙ 4 դրամից մինչեւ 70 դրամ:
«Ազգը» վերջին օրերին բազմաթիվ նամակներ ու հեռախոսազանգեր է ստանում բնակիչներից, որոնք պնդում են, որ պատրաստ են վճարել աղբահանության համար սահմանված փաստացի մեկ բնակչի համար մեկ ամսվա համար հաշվառված 200 դրամը, եթե այդ գումարը վճարվի «Հայփոստում» կամ բանկերում, ինչպես կոմունալ մյուս վարձավճարները: «Հոգնել ենք ոչ քաղաքակիրթ ձեւի, աղբի վճարներ հավաքողներից, որոնք պատեհ ու անպատեհ դուռը թակում են ու աղբի վճար հավաքումՙ 6x4-ի վրա անհասկանալի մի թղթի կտոր տալիս, որտեղ ոչ կազմակերպության անվանում կա, ոչ հասցե եւ ոչ էլ այլ տվյալ: Չենք ուզում, որ մեր վճարած գումարները ոմանց գրպանները մտնեն, իսկ աղբը օրերով, երբեմն շաբաթներով չեն հավաքում: Այժմ աղբը ձյան տակ է, իսկ օրերը տաքանալուց կրկին գարշահոտությունն ու կրծողները գլուխ կբարձրացնեն: Անգամ պատուհան բացել չենք կարող...», գրում են Սիմոնյանների, Ավետիսյանների, Հակոբյանների ընտանիքները Նոր Նորքի վարչական շրջանից:
«Ազգը» այս խնդրի շուրջը եւ նաեւ տարվա սկզբից գործող նոր կարգի մասին զրուցեց քաղաքապետարանի գանձումների եւ եկամուտների վարչության պետ Խաչիկ Չեխյանի հետ: Վերջինս նշեց, որ աղբահանության վճարները պարտադիր են եւ ենթակա են վճարման յուրաքանչյուր ամիս, կանխիկ կամ անկանխիկՙ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ: Վճարումը ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ ժամանակին չմուծած աղբահանության վճարի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:
«Ազգը» այցելեց Նոր Նորք վարչական շրջանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժին, զրուցեց բաժնի պետ Երվանդ Գրիգորյանի հետ: Պրն Գրիգորյանը տեղեկացրեց, որ «մինչեւ մարտի 15-ը փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար մեկ ամսվա գումարը 200 դրամ պետք է վճարվի կամ համատիրության ներկայացուցչին կամ համայնքային հաշվեհամարինՙ «Հայփոստում» կամ էլ բանկերում: Աղբավճարների մուծման մասին ծանուցումը դրված է բոլոր համատիրություններում եւ նրանց տրվել է ծանուցման թերթիկներ շուրջ 20.000 օրինակ բնակիչներին եւ 10.000 օրինակ կազմակերպություններին ծանուցելու համար»:
Սակայն ես նույնպես բնակվում եմ Նոր Նորք վարչական շրջանում եւ այդ մասին տեղեկացա միայն այս առիթով: Տեղյակ չէին նաեւ այն բնակիչները, որոնց հետ զրուցեցի համայնքի տարբեր թաղերում: Իսկ մինչեւ մարտի 15-ը մնացել է կես ամիս, որից հետո յուրաքանչյուր չմուծված օրվա համար կկուտակվի 0,15 տոկոս տույժը:
Բայց դեռ վատթարագույնն առջեւում է. եթե բնակիչը մյուս վարձավճարների հետ փոստում կամ բանկում ցանկանա աղբի դիմաց վճարել, ապա այդ կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա վարձավճարի դիմաց պահանջում են 150-200 դրամ միջնորդավճար: Ստացվում է, որ աղբահանության յուրաքանչյուր ամսվա վճարը դառնում է 350-400 դրամ: Զարմանալի է, թե ինչու «Հայփոստը» եւ բոլոր հաշվարկային կազմակերպությունները աղբի վարձավճարի համար լրացուցիչ 150-200 դրամ են վերցնում յուրաքանչյուր ամսվա համար որպես միջնորդավճար, իսկ մյուս բոլոր վարձավճարները գանձվում են առանց այդ անհասկանալի միջնորդավճարի:
«Ազգի» այդ հարցին, պրն Չեխյանը ասաց. «Այժմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական բանկի հետ փորձում է համաձայնության գալ, որպեսզի այդ միջնորդավճարը չգանձվի: Այդ համաձայնությունը շարունակվում է եւ գործառույթը ընթացքի մեջ է», իսկ եթե բնակիչը չի ցանկանում լրացուցիչ միջնորդավճար ասվածը վճարել, ապա կարող է վճարել վարչական շրջանի տեսուչին եւ ստանալ նոր նմուշի անդորրագիր (տես նկարը 1-ին էջում): Որեւէ այլ անդորրագիր, բացի այս նմուշից, կհամարվի անօրինական, բացի բանկի կամ փոստի կտրոնից:
«Ազգը» փորձեց Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ճշտել, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, եւ տեղեկացավ, որ մինչ այժմ որեւէ մեկը այդ հարցով չի դիմել ԿԲ-ին եւ բանակցություններ տեղի չեն ունենում: Ստացվում է, որ պրն Չեխյանը գործից անտեղյակ է:
Հոդվածը պատրաստ էր, երբ խմբագրությունը քաղաքապետարանից ստացավ հայտարարություն, որում սպիտակի վրա սեւով գրված է, որ աղբահանության համար չվճարված տույժը 0,15 տոկոս կգանձվի մարտի 1-ից:
«Ազգը» որքան էլ փորձեց պրն Չեխյանին բացատրել, որ «Ազգը» քաղաքապետարանին եւ բնակիչներին օգնելու, տեղեկացնելու (որը պարտավոր էին անել համատիրությունները եւ չեն արել) նպատակով է անդրադառնում այս խնդրին, սակայն բաժնի երիտասարդ պետը շարունակում էր խճճել խոսակցությունը եւ խուսափել հստակ պատասխանից: Ստացվում է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած քաղաքապետի որոշումը ժամանակին ու ճիշտ չի տեղեկացվել բնակիչներին, եւ ընդամենը մեկ օր առաջ տեղեկացնում են, որ տույժը կգանձվի մարտի 1-ից: Ինչո՞ւ հաշվի չի առնվել, որ նոր որոշումը դեռ մի քանի ամիս պետք է գործի առանց տույժիՙ ի շահ վճարումների ժամանակին կատարման, այլ ոչ թե բնակչությանը թյուրիմացության առաջ կանգնեցնել օրենքի ու որոշման մեջ եղած հակասության պատճառով:
Այստեղից էլ եզրակացնում ենք, որ բնակիչները կրկին խաբված վիճակում են հայտնվել, եւ շատերը վիրավորված կհրաժարվեն վճարել: