Իլհամ Ալիեւի առանձնահատուկ կարգադրությամբ Բաքվի «Նիզամի» կինոթատրոնը վերջին 5 տարում հատկապես վերանորոգվում էր, որպեսզի Խոջալուի «ցեղասպանությաան 20-ամյակի առթիվ պատրաստ լինի պետական կարեւորագույն միջոցառման»: 2012թ. փետրվարի 26-ին «Նիզամի»-ում տեղի ունեցավ «Խոջա» ֆիլմի «առաջին հրապարակային ցուցադրությունը»: Մինչ այդ ֆիլմը ներկայացվել էր Ադրբեջանի լրագրողների եւ մտավորականության ներկայացուցիչների «դատին»:
Contact.az-ը տեղեկացնում է, որ ֆիլիմի «շնորհանդեսն անտեսվել է ադրբեջանական նոր էլիտայի կողմից»: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Ալի Հասանովը «մի քանի րոպե անց լքել է դահլիճը»:
Փաստն իհարկե չի վկայում, թե Ալի Հասանովի մեջ խոսել է «բարձր ճաշակը»: Ֆիլմի պատասխանատուներն ամեն ինչ արել են, որ «Խոջալուի ցեղասպանությունը ներկայացվի սյուրռեալիստական անդրադարձումներով»: Ըստ երեւույթին, Ալի Հասանովը դահլիճը լքելու բոլորովին այլ` իր «գեղարվեստական ընկալումների» հետ կապ չունեցող շարժառիթներ է ունեցել:
Բանն այն է, որ հիշյալ ֆիլմի նկարահանման համար Ադրբեջանի իշխանությունները բավական մեծ ջանքեր եւ գումարներ են ծախսել: Նպատակն էր` ցույց տալ, որ «Հայաստանի զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի ռազմական խմբավորումներն ու նախկին ԽՍՀՄ 366-րդ գունդը Խոջալուում իրականացրել են ցեղասպանություն»:
Ստացվել է մի կիսաքնարական-կիսաերեւակայական պատմություն երկու «սիրահար զույգի» մասին, որոնց ճակատագրերն, ըստ սցենարիստի, «խաչվում են Խոջալուում»: Կողմ թողնելով ադրբեջանական քարոզչամեքենայի այն հավաստիացումները, որ «1991 թ. հոկտեմբերի 30-ից հետո Խոջալուն շրջափակված էր», նկատել չտալով, որ ֆիլմի հերոսներից մեկը, ի հակակշիռ բազմաթիվ ադրբեջանցիների վկայության, թե «վերջին ուղղաթիռը Խոջալուում վայրէջք է կատարել 1992 թ. հունվարի 13-ին», իսկ ֆիլմի հերոսը «Խոջալու է հասնում 1992 թ. փետրվարի 25-ին` Բաքվում նշանակված իր ամուսնության օրը», մենք ուզում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ֆիլմի սցենարիստը իրադարձությունների կիզակենտրոոն է մուծել Ադրբեջանի ազգային հերոս Յուրի Կովալեւի «նախատիպը»:
Յուրի Կովալեւն, իրոք, Ադրբեջանի ազգային հերոսի կոչման է արժանացել: Տվյալ անձնավորության դեմ մենք ոչինչ չունենք. ամեն երկիր ունի սեփական արժեհամակարգն ու ըստ այդմ էլ գնահատում է իր քաղաքացիներին: Խնդիրը, սակայն, այն է, որ Խոջալուի «ցեղասպանությանը» նվիրված ֆիլմում որպես նախատիպ ընտրված Յուրի Կովալեւը Խոջալուի դեպքերի հետ բոլորովին կապ չունի: Եվ պատճառն այն է, որ Ադր. ԽՍՀ ՆԳՆ հատուկջոկատայինների կազմում «Լեռնային Ղարաբաղի հայ ծայրահեղականների դեմ կռված» Յուրի Պետրովիչ Կովալյովը զոհվել է ...1991 թ. հոկտեմբերի 3-ին: Այսինքն` Խոջալուի դեպքերից գրեթե կես տարի առաջ:
Հանգամանքը, որ Ադրբեջանի ազգային հերոսների մասին տեղեկությունների կայքէջում Յուրի Կովալյովի զոհվելու վայրի մասին ոչինչ ասված չէ, մեզ ստիպեց մի փոքրիկ «հետաքննություն» անցկացնել: Արդյունքը ցնցող էր. պարզվում է, որ Ադր. ԽՍՀ ՆԳՆ «հատուկ ջոկատի» ծառայող Յուրի Կովալեւը, ծնված 1965 թ. Ադր. ԽՍՀ Գյոկչա շրջկենտրոնում, զոհվել է 1991 թ. հոկտեմբերի 3-ին,- մեջբերում ենք համացանցից,- « Աղդամի տարածքում, երբ վերադառնում էր Խոջավենդից (ԼՂՀ Մարտունու շրջանից - Վ. Ա.) հերթական առաջադրանքից, «Ուազ»-ը, որտեղ գտնվում էր նա զինակից-օմօնովականների հետ, գնդակոծվել է թշնական ուժերի կողմից»:
Հեշտ է հակադարձել սույն տեղեկատվությանը, թե «ինչպե՞ս թշնամական ուժերին հաջողվեց գնդակոծել «Ուազ»-ը, որ վերադառնում էր «Խոջավենդից եւ արդեն գտնվում էր Աղդամի տարածքում»: Ավելի դժվար է «Խոջա» ֆիլմի սցենարի հեղինակ Շահին Մուստաֆաեւին բացատրել, որ գնում է եղբոր` Խոջալուի «ցեղասպանության» մասին աշխարհին «առաջինը տեղեկացրած» Չինգիզ Մուստաֆաեւի հետքերով: Ահավոր դժվար է մարդուն բացատրել, որ հատկապես գեղարվեստում կեղծիքն աչքի է զարնում:
Ու թերեւս դրանով պիտի բացատրել, որ Իլհամ Ալիեի աշխատակազմի պատասխանատուները «Նիզամի» կինոթատրոնի դահլիճը լքել են նախքան կավարտվեր «Խոջա» ֆիլմի ցուցադրությունը: Նրանց պետք էր, որ «հերոսացվի «Խոջալուի պարետ» Ալիֆ Հաջիեւը, այլ ոչ թե ինչ-որ մտացածին-սյուրռեալիստական,- ինչպես իր գործը բնութագրել է ռեժիսորը,- կերպար:
Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուները հասկացել են, որ «Խոջա» ֆիլմի դեպքում էլ «ստացվել է` ինչպես միշտ»: Եվ դահլիճը լքել են` պատվիրատուին զեկուցելու, որ «խաղը մի վառած մոմի արժեք էլ չուներ»: Ընդմիշտ այդպես է լինելու. քանի դեռ Ադրբեջանում չձեւավորվի պատասխանատու վերնախավ, որն ընդունակ կլինի սեփական եւ միջազգային հանրությանն ասել միայն ճշմարտությունը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ