«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ԽՈՋԱԼՈՒԻ «ԿՈՏՈՐԱԾԻ» ՈԳԵԿՈՉՈՒՄ

Թե՞ հայատյացության պոռթկում թուրքական պետության լիակատար աջակցությամբ

Մինչ Աբուլֆազ Էլչիբեյ կոչված ստահակը զինվորի համազգեստ կրող ադրբեջանցի հրոսակների գլուխն անցած Արցախի վրա հարձակվելիս, երեք օր հետո Սեւանում լողալու, իսկ չորրորդ օրը Երեւանում թեյ խմելու մասին էր երազում, 1992-ի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայ ազատամարտիկները Խոջալուում չեզոքացրին ադրբեջանական ՕՄՕՆ-ի որջը:

Սումգայիթյան ջարդերի տարելիցին իրականացրած ռազմական այս փայլուն գործողությունը էլ ավելի գրգռեց հայ սպանելու մոլուցքով տառապող ադրբեջանցի հրոսակին: Թերեւս այդ առումով պատահական չէր Էլչիբեյի 1992-ի հուլիսին արած հայտարարությունը. «Եթե մինչեւ այս տարվա հոկտեմբերը գեթ մեկ հայ մնա Ղարաբաղում, թող Ադրբեջանի ժողովուրդն ինձ կախի Բաքվի կենտրոնական հրապարակում»:

Հայերը ոչ միայն Ղարաբաղում մնացին, այլեւ ազգային ազատագրական պատերազմում ջախջախելով Ադրբեջանին, անկախություն էլ հռչակեցին, որ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում անպաշտպան կանանց, երեխաներին սպանելու սովոր ադրբեջանցի մարդասպան հրոսակը բացի Հայաստանից, զինադադարի խնդրանքով դիմի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, առանց, իհարկե, Էլչիբեյին Բաքվի հրապարակում կախելու:

Հավանաբար մոռացել էր: Էլչիբեյն էլ իսպառ մոռացավ Սեւանում լողալու մասին, ուստի միայն թեյ խմեց, բայց ոչ թե Երեւանում, այլ իր ծննդավայր Քերքյու գյուղում: Կարծես չափից դուրս էր խմել, որ թեյ խմելով էլ կնքեց իր անփառունակ մահկանացուն:

Քանի որ Արցախյան ազատամարտի օրերին Թուրքիան օգնում էր ազերի եղբայրներին, դեղորայքի եւ պարենի քողի տակ Ադրբեջան ուղարկելով զենք-զինամթերք, հրթիռներ, մասնավորապես «ստինգեր» տիպի, հրթիռային կայանք, նաեւ 30 մլն դոլարի վարկ, որ զենք գնի, իսկ թուրքական «ֆյուրեր» Ալփարսլան Թյուրքեշը «զգոն» թուրքերին հավաքագրում եւ գործուղում էր Ադրբեջան, հետեւաբար թուրք պետական գործիչներն ու «գորշ գայլերը» չեն կարող կոտորածի հետ շփոթել Խոջալուում ադրբեջանական որջի չեզոքացումը: Ի վերջո, ի դեմս «զգոն թուրքերի», Թուրքիան այնտեղ ներկա է եղել: Ավելին, սրանց մի մասն էլ ոչ եւս դարձավ, կարծես ցույց տալու համար ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի մասնակցության սնանկությունը ազերի եղբայրների համար:

Բայց Թուրքիան իր խնդիրներն ունի, հատկապես Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության քրեականացման ֆոնին: Թերեւս այդ խնդիրներն են պատճառը, որ «Արդարություն Խոջալուի համար» վերնագրով այսպես կոչված կոտորածի լուսանկարների ցուցահանդեսներ են բացվել ինչպես Ստամբուլում մետրոյի «Թաքսիմ» կայարանում, այնպես էլ արտգործնախարարության սրահում, ստեղծվել է «Խոջալուի կոտորածի ոգեկոչման կոմիտե»: Փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում «Բոլորս ազերի ենք» կարգախոսով կոմիտեի կազմակերպված հանրահավաքին բարձրացվել են «Վե՛րջ հայկական ստին», «Բոլորս թուրք ենք, թուրք», «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք», «Օգյունը (Սամասթ) «գորշ գայլ է», «Մենքՙ «գորշ գայլերս» այստեղ ենք, իսկ հայե՞րը», «Հայը մարդասպան է», «Հրանտի վիժվածքները մեզ չեն ընկճի», «Մեկ ազգ, երկու պետություն», «Այսօր «Թաքսիմում», վաղըՙ Երեւանում. կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» մակագրությամբ ցուցապաստառներ:

Մասնակիցները կրել են ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի, այնպես էլ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության «Ազգայնական շարժում» կուսակցության դրոշներ: Թերեւս կարելի էր ասել, որ մեկ այլ ժողովրդին վիժվածք անվանելը յուրահատուկ է վիժվածքներին միայն, սակայն Թուրքիան խոսքի ազատության բնագավառում անասելի նվաճումների է հասել: Հետեւաբար, նա այդ ազատությունը ոչ միայն սիրահոժար տրամադրում է վիժվածքներին, նաեւՙ քաջալերում է սրանց:

Ինչպես: Հանրահավաքին Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի եւ Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուի մասնակցությամբ: Հաշվի առնելով այս փաստը, փետրվարի 26-ին bianet.org կայքէջը գրում է. «Թաքսիմում» կազմակերպված այս միջոցառումը պետության լիարժեք աջակցությամբ ստացավ ռասիստ-ազգայնամոլ-իսլամիստ եռյակի ուժի ցուցադրման բնույթ»:

Ի տարբերություն ներքին գործերի եւ Ստամբուլի նահանգապետի մասնակցությունը դատապարտող bianet.org-ի, evrensel.net-ը դատապարտում է նման կարգի ցուցապաստառների բարձրացումը միջոցառմանը, իսկ Թուրքիայի սոցիալիստական ադրբեջանցիների միությունը հանդես է գալիս «Կեցցե՜ ժողովուրդների եղբայրությունը» կարգախոսով:

Այս միությունը, bianet.org-ի վկայությամբ, փետրվարի 26-ին Անկարայի «Յուքսել» պողոտայում Խոջալուի «կոտորածի» 20-րդ տարելիցի առնչությամբ տարածել է հաղորդագրություն: Մասնավորապես ասված է. «Հայաստանի սահմանը փակ պահելու համար Թուրքիայի վրա ճնշում գործադրող, ինչպես նաեւ սեփական պատմության հետ նրա առերեսմանը միջամտող ադրբեջանցի ազգայնամոլները, Խոջալուի կոտորածը քաղաքական նպատակներով շահարկող թուրք ազգայնամոլների հետ պատնեշել են երկու հարեւան երկրների երկխոսությունը: Մենք առարկում ենք Խոջալուի կոտորածը 1915-ի հայերի ողբերգության հետ համեմատելու դրսեւորումներին: Չենք ընդունում Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերի հետ համերաշխության իմաստ կրող «Բոլորս հայ ենք» կարգախոսն աղավաղելու եւ դա «Բոլորս ազերի ենք» կարգախոսով չեզոքացնելու նկրտումները»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4