Հայաստան-Եվրոմիություն համագործակցության երեք ուղղություններից մեկի` արտոնագրային ռեժիմի դյուրացման ու ռեադմիսիայի հարցերով բանակցությունները պաշտոնապես մեկնարկեցին երեկ:
Հայկական կողմից բանակցող, փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացմամբ, սրանք առանձին համաձայնագրեր են, իսկ բանակցությունների գործընթացն էլ մեծ նշանակություն ունի` որպես Հայաստանի համար սպասված քայլ: Ըստ Մնացականյանի, փաստաթղթերի նպատակը միգրացիայի կառավարման ունակության հզորացումն է, ինչպես նաեւ միգրանտների ու հայրենադարձների ինտեգրումն ու պաշտպանությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան էլ նշեց, որ կողմերը հակված են կնքելու պայմանագիրը, հատկապես որ ընթացքի մեջ է նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման եւ ազատ ու համապարփակ առեւտրի համաձայնագրերի կնքման գործընթացը: Ամեն դեպքում, արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն միաժամանակ:
Արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը կսահմանեն արտոնագրերի համար գանձվող ավելի ցածր վճարներ բոլոր քաղաքացիների համար, վճարների վերացում որոշ քաղաքացիների դեպքում (օրինակՙ ընտանիքի անդամներ եւ կենսաթոշակառուներ), դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացուցային օրվա ժամկետ, օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ, որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակՙ գործարարներ), դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում եւ ավելի լավ շարժունակություն անվտանգ ու լավ կառավարվող միջավայրում:
Ա. Հ.