«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ԻՆՉՈ՞Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Ինչպես են զարգանում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները

Հետխորհրդային շրջանում, արդեն անկախ երկու պետությունների` Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ձեւավորվեցին գործընկերության եւ բարեկամության սկզբունքներով: Դրանք երկու պետությունների համար էլ ռազմավարական նշանակություն ձեռք բերեցին: Հայաստանի համար Ռուսաստանի հետ գործընկերությունն ու համագործակցությունը մեր երկրի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն են, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը միակ ռազմավարական դաշնակիցն է հարավկովկասյան տարածաշրջանում: Եթե անկախության առաջին տարիներին ձեւավորվում էին երկու երկրների քաղաքական հարաբերությունները, ապա վերջին տասնամյակում, քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, սերտացան տնտեսական հարաբերությունները: Դա ավելի առարկայական տեսնելու համար դիտարկենք երկու հիմնական ցուցանիշներ` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն ու ռուսական ներդրումները Հայաստանում: Այս ցուցանիշները բավականին հետաքրքրական դինամիկա են ունեցել հատկապես վեջին 5-6 տարիներին:

Մինչեւ 2006 թվականը ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ բավականին համեստ էին: Դրանք կտրուկ ավելացան 2007 թվականից: Եթե 2006-ին առեւտրաշրջանառության ծավալները հազիվ էին գերազանցում 500 մլն դոլարը` կազմելով 525 մլն դոլար, ապա 2007-ին դրանք կտրուկ բարձրացան` հասնելով գրեթե 922 մլն դոլարի: Ընդ որում, կտրուկ ավելացավ ինչպես ներմուծումը Հայաստան` գրեթե 2,5 անգամ, այնպես էլ արտահանումը Ռուսաստան` 65 տոկոսով: 2007 թվականին հաջորդող մյուս տարիներին 1 մլրդ դոլարին մոտեցող ապրանքաշրջանառության ծավալները պահպանվեցին: Դրանք առավելագույն ցուցանիշին` 1 մլրդ 59 մլն դոլարի հասան 2008-ին: Նվազում արձանագրվեց միայն ճգնաժամային 2009-ին, բայց հաջորդ տարվանից արդեն արտահանման-ներմուծման ծավալները կրկին աճեցին:

Որոշակի մեկնաբանությունների կարիք ունի Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալների մոտ 4 անգամ բարձր լինելը: Բանն այն է, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծման մեջ առյուծի բաժինը (2011-ի արդյունքների համաձայնՙ մոտ 40 տոկոսը) կազմել է հանքահումքային արտադրանքը` հիմնականում ռուսական գազը, մասամբ նաեւ միջուկային վառելիքը: Ռուսաստանից Հայաստան են ներմուծվում նաեւ պարենամթերք, մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, քիմիական արդյունաբերության արտադրանք, թանկարժեք քարեր, մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր: Հայաստանից Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի սննդամթերք եւ գյուղատնտեսական ապրանքներ (մոտ 69 տոկոս 2011-ի արդյունքներով), թանկարժեք քարերից եւ մետաղներից պատրաստված իրեր, մեքենասարքավորումներ, թեթեւ արդյունաբերական արտադրանք, քիմիական արդյունաբերության արտադրանք:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի արդյունաբերության համար բավականին մեծ եւ արդեն ճանաչված շուկա է: Անցյալ տարվա հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը այս առումով բացառիկ հնարավորություններ է ստեղծում: Խոսելով այդ համաձայնագրի մասին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանց մաքսատուրքերի հնարավորություն է ունենալու առեւտրաշրջանառություն իրականացնել այն ստորագրած պետությունների հետ, ստեղծվելու են լիցենզավորման, կոդավորման եւ այլ միասնական կանոններ, իսկ անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են: Հայաստանի կողմից այդ պայմանագիրը ստորագրած վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ որ այս փաստաթղթով բարելավվելու է Հայաստանի տնտեսական ռեժիմը, մասնավորեցրել է, որ երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է:

Ակնհայտ է, որ վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնություն է: Հայ-ռուսական առեւտրաշրջանառության կտրուկ ավելացումը, ի դեպ, դարձյալ նրա վարչապետության շրջանի հետ է համընկնում: Նույն շրջանում` 2009-ին Հայաստանին Ռուսաստանի Դաշնության կառավարության տրամադրած 500 մլն դոլար վարկի շնորհիվ որոշակիորեն մեղմվեց Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Եվս մեկ պետական վարկ ստանալու համար Հայաստանի վարչապետը Ռուսաստանի վարչապետին է դիմել 2010-ին: Խոսքը ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային ֆոնդից «Նաիրիտին» 400 մլն դոլար տրամադրելուն է վերաբերում: Սրանք պետական վարկերն են: Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, ինչպես արդեն նշեցինք, մեծապես պայմանավորված են նաեւ Հայաստանում ռուսական ներդրումներով:

Համաձայն Հայաստանի պաշտոնական վիճակագրական տվյալների, 1998-2011 թվականներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումները կազմել են 2 մլրդ 685 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 2 մլրդ 51 մլն դոլար: Գումարային առումով Հայաստանի Հանրապետությունում կատարված օտարերկրյա ներդրումների կեսից ավելին` մոտ 55 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությունից են: Հայաստանում գործունեություն են ծավալում 1277 ռուսաստանյան կապիտալ ունեցող ձեռնարկություններ, որն էլ կազմում է օտարերկրյա կապիտալով Հայաստանում գործող ձեռնարկությունների ավելի քան 27 տոկոսը: Դրանք ընդգրկում են տնտեսության բոլոր ճյուղերը:

Հայաստանի արդյունաբերության հսկաներից «Արմենալ» (նախկին «Կանազ») գործարանի սեփականատերը ռուսական «Ռուսալ» ընկերությունն է, որի խոշորածավալ ներդրումներով վերականգնվեց եւ զարգացավ փայլաթիթեղի արտադրությունը: «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» 2008 թվականից ուրանի հանքավայրերի որոնման աշխատանքներ է իրականացնում Սյունիքում: Դարձյալ 2008 թվականից «Ռուսական երկաթուղին» իրականացնում է «Հայկական երկաթուղու» երկարաժամկետ կոնցեսիոն կառավարումը, որի ընթացքում ռուսական ընկերությունը պետք է կատարի շուրջ 400 մլն դոլար ներդրումներ:

Բջջային կապի ոլորտում Հայաստանում գործող երեք ընկերություններից երկուսի սեփականատերերը ռուսական ընկերություններ են: «Արմենտելը» 2006-ին ձեռք բերեց ռուսական «Վիմպելկոմը», «ՎիվաՍելը»` 2007-ին ռուսական ՄՏՍ-ն: Այս ոլորտում առաջինի մոտ 40 մլն դոլար, իսկ երկրորդի` մոտ 70 մլն դոլար ներդրումների շնորհիվ Հայաստանի կապի եւ հեռախաղորդակցության ոլորտը կտրուկ զարգացում ապրեց:

Էներգետիկ ոլորտում ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին է պատկանում «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը դարձյալ նույն ընկերությունն է վերակառուցել եւ ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը: Հայաստանին գազ մատակարարող «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը ռուսական «Գազպրոմ» ընկերությանն է պատկանում: Արժե հիշատակել, որ Հայաստանը ԱՊՀ ամենագազիֆիկացված երկիրն է: Այստեղ ռուսական կողմի կատարած ներդրումները վերջին 4 տարիներին գերազանցել են 550 մլն դոլարը: Ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում Հայաստանը սերտորեն համագործացում է ռուսական «Ռոսատոմ» պետական միավորման հետ: Ավելին, ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ֆինանսավորմանը:

Ռուսական կապիտալը ակտիվ մասնակցություն ունի նաեւ բանկային համակարգում: «ՎՏԲ-Հայաստան բանկը» պատկանում է ռուսական «ՎՏԲ բանկին», «Առեքսիմբանկը»` ռուսական «Գազպրոմբանկին»:

Ռուսական կապիտալն ակտիվ մասնակցություն է ունենում նաեւ Հայաստանում նոր իրականացվող նախագծերին: Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած «Մարս» գործարանի եւ ԵրՄՄԳՀԻ (Մերգելյան ինստիտուտ) տարածքներում ազատ տնտեսական գոտիների ձեւավորման վերաբերյալ համաձայնություն է կայացվել ռուսական «Սիտրոնիքս» ընկերության հետ: Վերջինս պետք է կատարի անհրաժեշտ ներդրումները ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածնքերի ստեղծման ուղղությամբ:

Ասվածին մնում է միայն ավելացնել, որ բացի պետական մակարդակով իրականացվող ծրագրերից, համագործակցության բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի ու քաղաքների միջեւ:

Ռուսական տնտեսական ներկայությունը Հայաստանում երբեմն տարատեսակ մեկնաբանություններ է առաջացնում: Տեսակետներ կան, որ ավելանում է մեր երկրի միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Մտահոգությունը բնական պետք է համարել: Անշուշտ, նախընտրելի կլիներ, որ Հայաստանում ավելի մեծ ներդրումներ կատարեին նաեւ այլ երկրների ընկերություններ: Այստեղ հարկ է նշել, որ այնուամենայնիվ, Հայաստանում խոշոր ներդումներ են կատարել նաեւ ֆրանսիական, արգենտինյան, ամերիկյան, իրանական ընկերությունները: Սակայն, որպես կանոն, Հայաստանը դիտարկելով որպես փոքր շուկա, օտարերկրյա ընկերությունները հակված չեն լինում այստեղ մեծ ներդրումներ կատարելու: Այս դեպքում ռուսական ընկերությունների ներդրումները եւ երկու երկրների կառավարությունների ջանքերըՙ խրախուսելու այդ ներդրումները, ավելացնելու առեւտրաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ, միայն ողջունել է պետք:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4