«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԴԱՎԻԹ ՀԱԼԱՋՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻՆ

Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ` նվիրված կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին:

Նվագախումբը ղեկավարում էր ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը : Ֆիլհարմոնիկի հետ համերգին հանդես եկավ նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Հնչեց մաեստրոյի Missa de Lumine 85 րոպե տեւողությամբ մեսսան, որը բազմիցս հնչել է տարբեր երկրներում:

Մեր ազգային երաժշտարվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար եւ ծննդյան 50-ամյակի առթիվ մշակույթի նախարարությունը Դավիթ Հալաջյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դավիթի ստեղածագործած բոլոր երկերը համաշխարհային արժեք ունեցող գործեր են, որոնք պատիվ են թե՛ հայ ազգի, եւ թե՛ մեր հայ կոմպոզիտորական դպրոցի համար: Ուզում եմ, որ հարատեւի նրա գործունեությունը եւ նրա կերտած ստեղծագործությունները երկար կյանք ունենան», ասաց Ռ. Մլքեյանը:

Էդուարդ Թոփչյանը նշեց, որ Հալաջյանի միակ թերությունն այն է, որ համեմատաբար քիչ է ստեղծագործում: «Ուզում եմ, որ նա միշտ մի նոր գործ գրի», ասաց Թոփչյանը:

«Ես այն բախտավորներից եմ, ով Գերմանիայում եւ եվրոպական տարբեր երկրներում պատիվ է ունեցել նվագել Հալաջյանի ստեղծագործություններց մեկը` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Դավիթը տաղանդավոր մարդ է, ուրախ եմ, որ նա իմ ընկերն է: Շնորհավորում եմ նրան ու ցանկանում ստեղծագործական նորանոր հաջողություններ», ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը ` հավելելով, որ այսօր հնչեց մի կտավի ստեղծագործություն, որի նման փայլուն գործ վաղուց չէինք լսել:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ. «Այսօր հատուկ առիթ ունենք ողջունելու եւ շնորհավորելու մեր հայրենակից Դավիթ Հալաջյանին: Սփյուռքում ապրող արվեստագետի համար հատուկ երջանկություն է հայրենի հողի վրա ներկայացնել իր ստեղծագործությունները», ասաց նա ու մտաբերեց, որ օրեր առաջ մաեստրոն սփյուռքում ապրող ու ստեղծագործող արվեստագետին համեմատեց իրեն նվիրած այն երկու ծիրանենու շիվերի հետ, որոնք թեպետ ծաղկում են այլ երկրում, բայց պտուղ չեն տալիս:

«Հետաքրքիր է, որ դրանք պտուղ են տալիս միայն հայրենի հողի վրա, ինչպես որ մարդը` ինքը, բայց մի բան մխիթարում է, որ դրանք այնուամենայնիվ ծաղկում են ու բուրում», ասաց տիկին Գեղամյանն ու հավելելեց, որ այդ ծաղիկների բույրն ու գեղեցկությունը նույնպես սիմվոլիկ են, եւ դա հայ ժողովրդի գեղեցկությունն ու յուրահատուկ բույրն են, որ ստեղծվում են օտար աշխարհում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4