Փետրվարի 29-ից մարտի 5-ը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի Թատերական գործիչների միության եւ «Վ. Փափազյանի անվ. Շեքսպիրյան միջազգային փառատոն» ընկերության հետ համատեղ Երեւանում մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Մանրամասների վերաբերյալ «Ազգ»-ը զրուցեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ:
- Ըստ Ձեզ, ի՞նչ տեղ է գրավում այսօր «Արմմոնո» փառատոնը Հայաստանի թատերական կյանքում:
- Այս փառատոնն իր յուրովի եւ ուրույն տեղն է գրավում: Մենք արդեն վաղուց դարձել ենք մեծ քաղաք եւ մեր քաղաքում պետք է շատ լինեն փառատոներ, ներկայացումներ, որպեսզի կյանքը լինի լի եւ հետաքրքրական:
- Այս տարի փոփոխություններ եղե՞լ են փառատոնի շրջանակում:
- Սա հոբելյանական փառատոն է, այդ իսկ պատճառով հայկական ծրագիրն ավելի ընդլայնված կլինի: Ունենք 15 տեղական ներկայացում: Նշեմ, որ արտերկրից գալու են փառատոների տնօրեններ, որոնք կընտրեն մեր ներկայացումներից լավագույնները եւ կհրավիրեն իրենց մոտ: Հուսամ, որ ինչպես միշտ Հայաստանը կբերի գրան պրիներ:
- Ի՞նչն է լինելու փառատոնի առանցքը:
- Այս տարի փառատոնի առանցքը դարձել է Լիտվական ծրագիրը: Մենք սպասում ենք Լիտվայի մշակույթի փոխնախարարին ու կանցլերին, սովետական բեմի լեգենտ Ռեգիմանտաս Ադոմայտիսին, մոնոթատրոնի հանրահայտ դերասանուհի Բիրուտե Մարին, Լինաս Մարիուս Զայկաուսկասին:
- Ո՞ր ներկայացումով է փառատոնի բացումը տեղի ունենալու:
- Փետրվարի 29-ին Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ռեգիմանտաս Ադոմայտիսի ստեղծագործական երեկոն:
- Իսկ ո՞րն է Ձեր ամենասիրելի ներկայացումը:
- Ուղղակի ինչ-որ մեկին առանձնացնել չեմ կարող: Հավելեմ, որ մենք այս տարի շատ հայտեր ունեինք, եւ բարդ էր ընտրություն կատարելը: Սակայն դա նաեւ շատ ուրախալի փաստ է:
- Իսկ ովքե՞ր եւ ի՞նչ սկզբունքով են կատարել ընտրությունը:
- Ընտրությունը ես եմ կատարել` խորհրդակցելով ՀՀ Մշակույթի նախարարության եւ մի շարք արվեստագետների հետ: Սակայն ընտրություն կատարելը շատ բարդ էր, քանի որ կային հիանալի ներկայացումներ, բայց շատերը ուսանողական էին:
- Այս տարի լրանում է փառատոնի 10-ամյակը: Ինչո՞վ կնշանավորվի այն:
- Մենք անում ենք շոու քեյս, եւ փառատոնում առանցքային տեղը գրավելու են տեղական ներկայացումները: Եվ մենք ցույց ենք տալիս, որ այս փառատոնը սիրվեց:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ