«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ԴԵՄԻՐՃՅԱՆԸ 135 ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս Ազգային գրադարանում նշվեց հայ մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակը: Միջոցառմանը ներկա էին գրողի անունը կրող դպրոցի սաները, նրա տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռափայելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը եւ Դեմիրճյանի ստեղծագործությունների սիրահարները: «Դեմիրճյանի 135-ամյակը պետք է տոնել ամբողջ հանրապետությունով, եւ դա պետք է ոչ թե Դեմիրճյանին, այլ մեզ, որպեսզի մենք դրանով արժեւորենք ինքներս մեր գոյությունը, մեր ազգային պատկանելիությունը», ասաց տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռափայելյանը :

Դեմիրճյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարք նրա` ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տուն-թանգարանում սկսվել է հունվարի 27-ից: Ազգային գրադարանում ցուցադրության էին հանվել նրա ստեղծագործությունները: «Իմ 20-ամյա գրականագիտական աշխատանքի ընթացքում ես առանձնացրել եմ Դեմիրճյանի մարդկային եւ գրական մի քանի առանձնահատկություն: Առաջինը նրա չափից ավելի անկեղծ լինելն է: Երկրորդը` խիզախությունը: Նա իր ամենամեծ սխրանքներից մեկը գործեց, երբ գրեց «Ազգային խայտառակություն» վեպը: Մյուս հատկանիշը, որով առանձնանում է Դեմիրճյանը, մարդու ներքինի քննությունն է: Նրա «Քաջ Նազարը» ներքին մարդու բացառիկ քննություն է», ասաց դեմիրճյանագետ Մարգարիտա Խաչատրյանը :

Գրականագետը միջոցառմանը դատարկաձեռն չէր եկել: Նա բերել էր Դեմիրճյանի ստեղծագործությունների 12-հատորանոց ակադեմիական տպագրության մեջ չմտած, դեռեւս անտիպ «Տանը» պատմվածքը, որն էլ ընթերցեց հավաքված հյուրերի համար:

Դեմիրճյանը հոգեբանական խոր վերլուծությունների միջոցով կարողացել է թափանցել հերոսների ներաշխարհը եւ նշել մարդկայինի ու անմարդկայինի սահմանագիծը:

Ցերեկույթին ներկա դպրոցականները փոքրիկ ներկայացում էին պատրաստել` ցուցադրելով Դեմիրճյանի` «ոչ այնքան մոդայիկ» համարվող գործերից հատվածներ:

ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4