Հանդիսապետությամբ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանի եւ ներկայությամբ բազմաթիվ հրավիրյալների, այդ թվում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանի, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ժերար Թուֆենքչյանի, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր (ՀՅԴ) եւ Հակոբ Բագրատունու եւ այլոց, հունվարի 28-ին Բեյրութում տեղի է ունեցել ՀԲԸՄ-ՀԵԸ «Էհրամճեան» մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման առթիվ արաբերենով ողջույնի խոսք է ասել Աիդա Ռըզքը, որ ընդգծել է, թե կենտրոնը իր ուրույն դերն ու տեղն է ունենալու ողջ լիբանանահայ համայնքի կյանքում: Ելույթ է ունեցել նաեւ ՀԲԸՄ Լիբանանի պաշտոնաթերթ «Խօսնակի» խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը , որը նշել է, որ չնայած բազում դժվարությունների, լիբանանահայ համայնքը շարունակում է իր ազգանվեր գործունեությունը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատար են կանգնել կենտրոնի ստեղծման գաղափարին եւ ընդգծել է ՀԲԸՄ-ի դերը գործող բոլոր հայկական կազմակերպությունների ջանքերը մեկտեղելու գործում:
Ավելացնենք, որ «Էհրամճեան» կենտրոնը կառուցվել է 1953 թ.-ին Էհրամճեան եղբայրների նվիրատվությամբ: Շուրջ հինգ տասնամյակ որպես դպրոց ծառայելուց հետո, փակվել է եւ շենքը հանձնվել է ՀԲԸՄ-ին: Այժմ վերանորոգված կենտրոնն իր հարկի տակ է հավաքելու «Խօսնակ» պաշտոնաթերթի խմբագրատունը, «Վահրամ Փափազյան» թատերախումբը, ՀԲԸՄ Ամանոսի մասնաճյուղը եւ երիտասարդական թեւը, եւ ունենալու է գրադարան եւ մեկ դահլիճՙ միջոցառումների համար:
Հ. Ծ.