Այսօր Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական խաղում ուժերը կչափի Սերբիայի ընտրանու հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 18-ին եւ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:
Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ապոլոնիա» հյուրանոցում: Մեր ֆուտբոլիստները առաջիկա 2 հանդիպումների նախապատրաստությունը սկսել են փետրվարի 26-ից: Ինչպես հայտնի է, հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել էր 31 հոգուց բաղկացած ֆուտբոլիստների ցանկը, որոնց նախատեսել էր հրավիրել հավաքի: Վերջին պահին այդ ցանկից դուրս են մնացել «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը, հոլանդական «Ցվոլեում» հանդես եկող Նորայր Մամեդովը եւ բելառուսական ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Հավաքականի առաջին մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ: Մյուս 6 ֆուտբոլիստները հավաքականին կմիանան ավելի ուշ: Մասնավորապես Յուրա Մովսիսյանը Լիմասոլ կժամանի այսօր: Բանն այն է, որ փետրվարի 26-ին Յուրա Մովսիսյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել. ծնվել է նրա դուստրը: Յուրան Թուրքիայից, որտեղ «Կրասնոդարն» ուսումնամարզական հավաք էր անցկացնում, մեկնել էր ԱՄՆՙ ներկա գտնվելու իր կյանքի ամենաերջանիկ իրադարձություններից մեկին, ուստի մի փոքր ուշացումով է միանալու խաղընկերներին:
Հայաստանի եւ Սերբիայի հավաքականները 3-րդ անգամ են մրցելու: Նախորդ 2 հանդիպումները կայացել են 2008-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Առաջին խաղում, հյուրընկալվելիս մեր ընտրանին Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ պարտվել է 0-3 հաշվով, իսկ սեփական հարկի տակ մրցախաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Հարկ է նշել, որ սերբերի կազմում վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի թիմի առաջատար ֆուտբոլիստներ Նիկոլա Ժիգիչն ու Մարկո Պանտելիչը, ինչպես նաեւ Դեյան Լեկիչն ու կենտրոնական պաշտպան Բիշեւացը:
Հայաստան-Սերբիա խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են սերբերին, որոնց հաղթանակի գործակիցը 1,53 է: Իսկ ահա ՀՀ հավաքականի հաղթելու դեպքում խաղադրույքներ կատարածների գումարը կբազմապատկվի 5,4-ով: Ոչ-ոքին գնահատվում է 3,6 գործակցով: