Հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկըՙ Խորեն Հովհաննիսյանն օրերս Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է համաշխարհային ֆուտբոլի նախկին «աստղ» Դիեգո Մարադոնայի հետ: Արաբական «Ալ Վասլ» թիմը մարզող Մարադոնան ներկա է գտնվել Խորեն Հովհաննիսյանի գլխավորած Տաշքենդի «Լոկոմոտիվի» մարզմանը եւ ջերմ զրույցի է բռնվել նրա հետ:
Իհարկե, դժվար է ասել, թե արդյոք Մարադոնան հիշո՞ւմ է Խորեն Հովհաննիսյանին, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում նախորդ դարի 80-ականներին մի քանի անգամ հանդես է եկել Արգենտինայի ընտրանու դեմ, որում փայլում էր Դիեգոն: Խորեն Հովհաննիսյանը 2 անգամ գրավել է արգենտինացիների դարպասը: Բացի այդ էլ, 1996-ին, երբ Խորեն Հովհաննիսյանը գլխավորում էր ՀՀ ազգային հավաքականը, մեր ընտրանին ընկերական խաղ է անցկացրել «Բոկա Խունիորսի» հետ ու կրկին խաղադաշտում հայ ֆուտբոլիստները հանդիպել են Դիեգո Մարադոնայինՙ լուսանկարվելով նրա հետ: