«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ «ԿՏՏՈՑՆԵՐԸ»

ԵՄ ներկայացուցիչների առանց նախապայմանների մուտք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եվրոմիությունը, ինչպես եւ հայտարարվել էր, հարավկովկասյան հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հարցի կարգավորման գործում առավել ակտիվ դերակատարություն է ցանկանում ստանձնել, եւ փաստացի առաջին որոշակի քայլերն անում է այդ ուղղությամբ:

Փետրվարի 27-ին ԵՄ-ի արտաքին հարցերով խորհուրդը, ի շարս Սերբիայի, Կոսովոյի, Սիրիայի, Բելառուսի եւ այլ հարցերի, անդրադարձել է նաեւ հարավկովկասյան երկրներին ու նրանց հետ համագործակցությանը` «Եզրահանգումներ Հարավային Կովկասի առնչությամբ» փաստաթղթով: Եզրահանգումներից վերջին 25-րդը` «Տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորում» բաժնում հետաքրքրական ամրագրում է արել` մատուցելով որպես ամբողջական աջակցություն Մինսկի խմբին ու վստահության միջոցների հիմնմանը:

«ԵՄ-ն ընդգծում է իր ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտքի անհրաժեշտությունը»: Ավելին, ԵՄ 27 երկրների արտգործնախարարների խորհուրդը կոչ է արել ԵՄ արտաքին անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ Եվրոհանձնաժողովինՙ «ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ զարգացնել հետհակամարտային սցենարներ Լեռնային Ղարաբաղի համար` որպես ԵՄ հետագա փոխգործակցության հիմք»:

Այս հարցում Եվրոմիությունը կարծես հետեւողական է իր իսկ ընդունած նախկին փաստաթղթերում նշված ցանկությունների, որոնցից մեկն էլ ղարաբաղյան իշխանությունների հետ ԵՄ շփումների հաստատմանն էր վերաբերում: Մյուս կողմից, ակնհայտ է, որ այս ամենն ուղղված է Ադրբեջանին, որի անզիջում կեցվածքի պատճառով Արցախ բոլոր օտարերկրացի այցելուները այդուհետեւ անցանկալի անձ են հայտարարվում: Բացի դրանից, ԵՄ-ն ըստ էության շեշտում է, որ առանց ղարաբաղյան կողմի հետ համագործակցության ոչ մի տեղ էլ չեն տանի ոչ բանակցությունները, ոչ էլ կարգավորման որեւէ փորձ:

Փաստաթղթի 24-րդ կետով էլ ԵՄ արտգործնախարարները մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների «դանդաղ առաջընթացի» առնչությամբ, իր շարունակական աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ շեշտելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը առաջընթացի հասնելու եռակողմ քննարկումներում:

«ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը մադրիդյան սկզբունքներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անում ավելացնել ջանքերը այդ սկզբունքների հիման վրա խաղաղ համաձայնագրի հասնելու համար», նշվում է փաստաթղթում, ինչը եւս Ադրբեջանին ուղղված հստակ ձեւակերպում է առ այն, որ մադրիդյան սկզբունքներով բանակցությունները պետք է շարունակվեն` հակառակ Բաքվի տարատեսակ ու տարբեր ուղղություններով բանակցային գործընթացը շեղելու հայտարարությունների:

Ղարաբաղյան հարցով այս ձեւակերպումների կողքին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրների առնչությամբ ԵՄ-ն նույն փաստաթղթում իր ամբողջական աջակցությունն է հայտնում «Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»` շարունակելով մտահոգ մնալ «Վրաստանից անջատված Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական ռազմական եւ անվտանգությանն առնչվող ներկայությամբ»: ԵՄ-ն նույն համատեքստում Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008-ի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրով իր պարտավորությունները:

Հարավկովկասյան տարածաշրջանի բազմավեկտոր խնդիրների առկայությամբ հանդերձՙ Եվրոմիության կողմից այս տարածաշրջանի առնչությամբ փաստաթղթի ընդունումը, որ նախ վկայում է առավել կանխատեսելի տարածաշրջան տեսնելու ցանկությամբ, նաեւ յուրաքանչյուր երկրի` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առումով է եզրահանգումներ պարունակում:

Մասնավորապես, Հայաստանի պարագայում ողջունելով Հայաստան-ԵՄ բանակցությունների առաջընթացը` ԵՄ արտաքին հարցերի խորհուրդն ընդգծել է սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մեծ կարեւորությունը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային ժողովրդավարական նորմերին: Այդ ընտրություններին ամենայն ուշադրությամբ հետեւելու մասին նշելով` փաստաթուղթը նաեւ ընդգծում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության կարեւորությունը. «Այս ոլորտում իրական առաջընթացը մեծ կարեւորություն ունի տնտեսական աճի ու զարգացման համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4