«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՉԱՓԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ

Լիդիցեն ու Խոջալուն երբեք քույր քաղաքներ չեն եղել

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է լայնածավալ քարոզչություն ծավալել եւ աշխարհին ներկայացնել Խոջալուի ողբերգությունն իբրեւ ցեղասպանությունՙ հակահայկական մտածողություն արմատավորելով ոչ միայն ադրբեջանցիների մատաղ սերնդի գիտակցության մեջ, այլեւ աշխարհի տարբեր երկրներում անցկացված միջոցառումների ընթացքում: Ադրբեջանական հեռուստատեության այս տարվա միջոցառումների լուսաբանումը դրա արտահայտությունն էր: Ցավոք, անցած քսան տարիների ընթացքում թե՛ Հայաստանի պետությունը եւ թե՛ հայկական լոբբիստական կազմակերպությունները մատների արանքով նայեցին ադրբեջանական քարոզչությանը հակադարձելուն, եւ միայն վերջին մի քանի տարիների ընթացքում պատրաստվեցին լուրջ ֆիլմեր ու տեղեկատվական գրքույկներ, որոնք ինչ-որ չափով կարող են պատասխանել ադրբեջանական կեղծիքին:

Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի Ազեր¬Չեխ ադրբեջանական միությունը Պրահայում կազմակերպել էր Խոջալուին նվիրված միջոցառումՙ վրանային սեղանիկ տեղադրելով քաղաքի կենտրոնական մասում եւ քարոզչական բուկլետների հետ նաեւ սուրճ, թեյ ու թխվածքներ մատուցելով անցորդներին:

Հայկական համայնքի ներկայացուցիչներն էլ նույն տարածքում բաժանում էին ադրբեջանական կեղծիքը հերքող թերթիկներ ու բուկլետներ: Ըստ էության հասարակ չեխ անցորդի համար նույնն է, թե ինչ է այնտեղ բաժանվում, կարեւորն անվճար սուրճն ու թխվածքն է: Իսկ բուկլետները սեղանիկից տասը մետր այն կողմ հաճախ հայտնվում էին աղբարկղերում: Ու քանի որ ադրբեջանցիները տապալված էին համարել այդ օրվա միջոցառումը, հաջորդ օրը մի այլ դատարկ հրապարակում սեղանիկ էին դրել եւ կրկնել իրենց ակցիան` իրենք իրենց առաջ ելույթ ունենալով :

Ինչպես միշտ ելույթներ են ունեցել Չեխիայում Ադրբեջանի դեսպանը, համայնքի ներկայացուցիչն ու Խոջալուիի ինչ¬որ նախկին բնակիչ, որը կրկին Խոջալուն համեմատել է չեխական Լիդիցե գյուղի հետ, որը 1942 թվականին ոչնչացրել են ֆաշիստները: Ընդհանրապես Լիդիցեն դարձել է ադրբեջանցիների շահարկման սիրելի թեման: Ամենուր գրում են, որ քույր քաղաքներ են, որ փողոցներ են բացել: Այս ամենը սուտ է: Մեր նոր հարցումին, թե ադրբեջանական այս կեղծիքը որքանով է համապատասխանում իրականությանը, Լիդիցեի քաղաքապետ Վերոնիկա Կելլերովան պատասխանել է, որ երբեւէ որեւէ պայմանագիր չի կնքվել Խոջալու քաղաքի հետ, առավել եւս այդ անունով փողոց չկա Լիդիցեում: Նոր Լիդիցեում փողոցները անվանել են միայն ի հիշատակ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մարդկային ողբերգության: Իսկ Խոջալուի ներկայացուցիչը համգործակցության մասին պայմանագիր է ստորագրել միայն Լիդիցեի թանգարանային համալիրի հետ: Ի դեպ, ադրբեջանցիները պլանավորել էին նաեւ Խոջալուի ողբերգության 20 տարին նշել Լիդիցեի թանգարանային համալիրում, սակայն ստացել են մերժում:

Եվ թվերի հետ կապված մի կեղծիք նույնպես, որն այս տարի առկա է ադրբեջանական բուկլետներում, դա Խոջալուում զոհված երեխաների թիվն է: Մի տեղ գրված է 63 երեխա, մի այլ տեղՙ 83 : Այսինքն, որպեսզի Լիդիցեում ցույց տան, թե Խոջալուի ողբերգության ժամանակ էլ 83 երեխա է զոհվել, նրանք քսանով զոհված երեխաների թիվը բարձրացրել են: Ավելին, եթե այսօր զոհերի ընդհանուր թիվը գրում են 613, ապա դեռ 1994 թվականին հրատարակված Human Rights Watch իրավապաշտպան հայտնի կազմակերպության տեղեկագրում գրվում է 200:

Իսկ ինչ վերաբերում է Խոջալուի պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելուն, ապա ինչպես քանիցս նշել ենք, այդ մասին Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը հստակ ասել է չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որ հայերը խաղաղ բնակչության համար միջանցք էին թողելՙ եւ ինքը հրահանգել էր նրանց տեղահանել, սակայն ինչ-որ ուժեր իր դեմ են աշխատել: Այսքանը բավական է պնդելու համար, որ Խոջալուի զոհերի պատասխանատվությունը նույնպես ընկնում է ազերիների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4