Փետրվարի 26-ին Լուժնիկիումՙ «Ռոսիա» պետական համերգասրահում տեղի է ունեցել ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններին նվիրված երեկո:
Ռուսաստանի հայերի միության հրավերով հանդիպմանը ներկա էին ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ ՌԴ տարածաշրջանների հայ համայնքի, ինչպես նաեւ ազգային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երեկոյի մասնակիցները ջերմորեն ընդունեցին ՌԴ նախագահության թեկնածու Վ. Վ. Պուտինի վստահյալ անձ, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին : Նա իր ելույթում ընդգծեց առաջիկա նախագահական ընտրությունների բախտորոշ նշանակությունը եւ կոչ արեց ամենայն ակտիվությամբ մասնակցել ընտրարշավին:
Նա նշեց, որ մարտի 4-ին երկիրը կընտրի ոչ միայն նախագահ, այլեւ այն ուղին, որով Ռուսաստանը կգնա առաջիկա տարիներին, շարունակելով զարգացնել երկրի տնտեսությունը, ամրապնդել պաշտպանունակությունը, կայունությունն ու միասնությունը, բարելավելով ժողովրդի նյութական բարեկեցությունը: Նա ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինն անգնահատելի ավանդ է ներդրել Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության զարգացման մեջ:
Իրենց ելույթներում նրան պաշտպանեցին ՌԴ Հանրային պալատի անդամ Անդրեյ Սոկոլովը , ռուսական երիտասարդական եւ ազգային միավորումների ներկայացուցիչները, մշակույթի գործիչները:
Ներկաների լայն աջակցությանը եւ բուռն ծափահարություններին արժանացան ընտրական տեղամասեր գնալու եւ Վ. Վ. Պուտինի օգտին քվեարկելու կոչը եւ այնպիսի անվանի վարպետների հուզական ելույթները, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Սերովը, Նիկոլայ Ռաստորգուեւը («Լյուբե» խումբ) եւ մյուսները: