ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի երեկվա իրադարձությունն, անշուշտ, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ որպես արտահերթ հարց 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ օրինագծի քննարկումն էր, որի մեջքը խորհրդարանի ճաղերից դուրս պաշտպանում էր նախաձեռնողների աջակիցների բավական ստվար մի խումբ` ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչներ: Նրանք ելույթներ էին ունենում, գոչում կարգախոսներ, հարցազրույցներ տալիս:
Իսկ արդեն Ազգային ժողովի ներսում հարցը ներկայացվեց նույն շեշտադրումներով ու փաստարկներով, ինչ որ նույն հարցով տեղի ունեցած խորհրդաժողովի եւ խորհրդարանական լսումների մակարդակով է եղել, «Ազգն» էլ մանրամասնորեն լուսաբանել է: Հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանը հիշեց ե՛ւ «կոնսենսուս մինուս մեկը» (մեկը ՀՀԿ-ն է), եւ հարցի ստացած քաղաքացիական աջակցությունը, ե՛ւ մեծամասնականով իշխանության վերարտադրության ապահովումը: Մինչդեռ ազատ ընտրության երաշխավորը, ըստ նրա, հենց 100 տոկոս ընտրակարգն է, որն ընդունելու դեպքում էլ ՀՀԿ-ին օգնություն է առաջարկվում ազատ-արդար-ժողովրդավարական ընտրությունների ապահովման եւ պետական համակարգի առողջացման համար: Առողջացումն, ըստ Մարտիրոսյանի (ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հարցին ի պատասխան մեկնաբանելով), Ազգային ժողովում հասարակության իրական ներկայացվածությունն է, ապաքաղաքական մեծամասնականներով մեծամասնության չապահովումը, իշխանությանը հակակակշռող բավարար ընդդիմության ներկայությունը խորհրդարանում:
Նշենք, որ այս արտահերթ քննարկման ժամանակ ներկա էր մեծամասնականով ընտրված մեկ պատգամավոր միայն` Լյովա Խաչատրյանը: Բանախոսին հարցերով հակադրվող հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորների գլխավոր կռվանն այն էր, թե սահմանադրության 64 հոդվածի` յուրաքանչյուր 18 տարեկան քաղաքացու ընտրելով եւ ընտրվելով կառավարմանը մասնակցելու իրավունքին է հակադրվում 100 տոկոս համամասնական կարգը, եւ բացի այդ` կայուն մեծամասնություն է պետք խորհրդարանում կայունության պահպանման համար երկրում: Ի պատասխան` հիմնական զեկուցողը հիշեց Երեւանի ավագանու` միայն համամասնական կարգով անցկացվող եւ սահմանադրությանը չհակասող ընտրությունները: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, թե մի օր ընդդիմությունն էլ կլինի իշխանություն, եւ նրան էլ պետք կլինի կայուն իշխանություն (որը 41 մեծամասնականներն են ապահովում), ու որ խառը, ունիվերսալ կարգը պահելու ՀՀԿ որոշումը քաղաքական է, ա՛յդ է լավագույն մոդելը երկրի զարգացման համար:
Հարակից զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր բազմիցս նշած` արդյունավետության եւ ներկայացվածության հիմնավորումը բերեց 100 տոկոս համամասնականի մերժման առումով, վերջինս պառլամենտական մեծամասնություն ունենալուն, հետեւաբար եւ արդյունավետ կառավարմանը չի նպաստելու:
Վահան Հովհաննիսյանը խոսում էր հարցի էությունը չնենգափոխելու մասին` իրականում մեծամասնականի 41 տեղով դուրս մղելով ընդդիմադիրներին, դուրս է գալիս, որ միշտ գործադիրն է իշխանություն ձեւավորում, այլ ոչ թե քաղաքական տարրը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր արտահերթ ելույթում կոչ արեց ոչ թե ձեւի, այլ բովանդակության հետեւից ընկնել եւ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել առկա կարգով:
ԱԺ մյուս` ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը դեմ չէր խառը կարգին, 100 տոկոս համամասնականը վաղաժամ է ըստ նրա: Նրա կուսակից Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեց, որ ԲՀԿ-ն 100 տոկոս համամասնականի կողմնակից է, եթե մանավանդ քաղաքական մոտիվացիայով խորհրդարան ենք ուզում ունենալ, սակայն քանի որ կան ԲՀԿ-ականներ, որոնք հարմար չեն համարում ընտրություններից ընդամենը 60 օր առաջ խաղի կանոն փոխելը, եւ ԲՀԿ-ում կարծիքները կիսվում են, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ազատ է թողել ԲՀԿ-ական պատգամավորներին` իրենց խղճի համեմատ քվեարկելու:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց` մեծամասնական պատգամավորների 70 տոկոսին չեն ճանաչում իրենց ընտրողները` «օրինակ` լսե՞լ եք, որ նրանք հայտնեն ընտրողների տեսակետները արտակարգ իրավիճակի ռեժիմի նախագծի վերաբերյալ»:
Խմբակցությունների տեսակետները խտացրին առկա տեսակետները. ընդդիմությունը կոչ արեց մեծամասնությանը օրինագծին կողմ քվեարկելով բարի կամք ցույց տալ լավ ընտրություններ անցկացնելու, առանց նախնական 41-մանդատանոց բոնուսը գրպանը դնելու: Մեծամասնության ներկայացուցիչներն էլ պնդեցին, որ իրենց կարծիքը նույնն է: Այս գումարման պատմության վերջին էջերից մեկը երեկ փաստորեն փակվեց համամասնական կարգի վերաբերյալ քննարկմամբ, որն ամենայն հավանականությամբ այսօր չի ընդունվի:
Երեկ նաեւ կրքեր էր բորբոքել «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որի հայտնի դրույթը` հատուկ դեպքերում զինված ուժերին ոստիկանության կանոնակարգով սահմանադրական կարգը պահելու ժամանակ կիրառելու վերաբերյալ, ամենաբուռն հակադարձման է արժանանում: Մասնավորապես Անահիտ Բախշյանը այս օրենքի քննարկման ժամանակ նշեց, թե այս օրենքը ոչինչ էլ չի լավացնելու, եւ եթե իշխանությունները փորձեն կրկնել մարտի 1-ը` այս օրենքը չի օգնելու, որ այդ իրադարձությունները չկրկնվեն, ու շատ վատ նախանշան է այս օրենքի ընդունումը սպասվող ընտրական իրադարձությունների ֆոնին: